Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է մեղավոր, որ տնտեսվարողը «տակ է տալիս»

Փետրվար 25,2012 13:36

«Առավոտի» փետրվարի 23–ի համարում տեղ գտած «ԲՀԿ-ն բարեգործություն է անում՝ տնտեսվարողին գցելով «փոսը» հոդվածում խոսք էր գնում այն մասին, որ Աբովյան քաղաքում Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ անվճար երթեւեկություն ապահովող փոխադրամիջոցները խաթարում են Աբովյան-Երեւան երթուղու աշխատանքը եւ ֆինանսական խոչընդոտներ են առաջացնում փոխադրող այլ տրանսպորտային միջոցների համար:

Սակայն Աբովյան քաղաքում չեն կիսում այդ հոդվածում տեղ գտած տեսակետները, եւ աբովյանցիներից շատերն այլ բան են պնդում: Նրանք շեշտում են, որ տարիներ շարունակ զգացել են Գագիկ Ծառուկյանի հետեւողական աջակցությունը բոլոր ոլորտներում: Ինչ վերաբերում է անվճար փոխադրամիջոցներին, ապա արդեն ավելի քան տասը տարի է՝ ԲՀԿ նախագահի աջակցությամբ մայրաքաղաքում բարձրագույն կրթություն ստացող հազարավոր ուսանողներ ամեն օր անվճար երթեւեկելու հնարավորություն են ստացել:

Զրուցեցինք տասնյակ աբովյանցիների հետ: Ներկայացնում ենք նրանցից մի քանիսի խոսքերը.

– 800 դրամ փող է նստում Աբովյանից Երեւան, հիմա անվճար է, ուսանողների համար շատ լավ է: Էս ավտոբուսները ոչ միայն ուսանողների համար են, այլ նաեւ այն մարդկանց, ովքեր իսկապես չունեն գումար՝ Երեւան հասնելու եւ իրենց գործերը հոգալու համար:

– Ոչ միայն իմ, այլեւ բոլոր ուսանողների անունից եմ ուզում շնորհակալություն հայտնել: Յուրաքանչյուր հարց, յուրաքանչյուր խնդիր, որով դիմել ենք պարոն Ծառուկյանին, միշտ ստացել է իր լուծումը: Հենց այն փաստը, որ այսօր Աբովյան քաղաքում գործում է անվճար երթեւեկություն, դա մեծ խնդիր էր, որը ծառացել էր բոլոր ուսանողների առջեւ, այժմ ուսանողներն անվճար երթեւեկում են, ու ոչ միայն ուսանողները, այլեւ ողջ բնակչությունն օգտվում է դրանցից:

– Վերջին շրջանում Աբովյան քաղաքի տրանսպորտային փոխադրամիջոցների ուղեվարձի կրկնակի թանկացումը լուրջ մտահոգությունների ալիք էր առաջացրել աբովյանցիների շրջանում: Նրանք դիմեցին Գագիկ Ծառուկյանին՝ խնդրելով քաղաքում ավելացնել փոխադրամիջոցների քանակը եւ դրանով փոքր-ինչ թեթեւացնել իրենց՝ առանց այն էլ ծանր հոգսը: Այդ մտահոգությունն անարձագանք չմնաց, եւ հաշված օրերի ընթացքում խնդիրը լուծվեց:

– Պատահում էր՝ հացի փող չունեինք, հիմա թեկուզ 100 դրամը ավտոբուսին տալու փոխարեն՝ տալիս եմ, բուխանկա եմ առնում:

– Ամեն հարցով նա երկար տարիներ մեր կողքին ա՝ տանիքների, վերելակների, տրանսպորտի, դռների, ամեն հարցում պարոն Ծառուկյանը մեզ հետ է, մեր կողքին:

– Գոհ ենք, սրտացավ է, հոգատար է, ամեն հարցում մեր կողքին կանգնած է: Իմ հարեւանի տղեն պոլիտեխնիկում էր սովորում, ամեն առավոտ մի հարեւանի դուռը թակում էր, որ դրամ վերցներ՝ տրանսպորտի փող տար, բայց էս յոթ-ութ տարի է՝ պարոն Ծառուկյանն էդ հարցը վերցրել է իր վրա: Քի՞չ աջակցություն է դա:

– Քաղաքում շատ-շատ լավ բաներ է արել, Աբովյանն իր շնորհիվ ծաղկում է:

– Էդ վա՞տ է, որ ուսանողն անվճար գնում է դասի, որ հարազատը հարազատին գնում է տեսակցության: Շատ գովելի է:

– 200 դրամով գնում-հետ էինք գալիս, իսկ հիմա 800 դրամ է պետք, որ հասնենք Աբովյան քաղաք, էնպիսի վիճակում դրեցին մարդկանց, որ հիմա բոլորն էլ օգտվում են անվճարից:

– Չեմ կարծում, որ բարեգործությունը խաթարում է ինչ-որ փոխադրողների գործին, եւ պետք չի սեւացնել այն բարի գործը, որը կատարվում է սոցիալապես անապահովներին օգնելու համար: Եվ մի՞թե Աբովյանի ողջ բնակչությունը պետք է տուժի այն պատճառով, որ ինչ-որ տնտեսվարող վարկեր է վերցրել եւ չի կարողանում փակել այդ վարկերը:

Հասկանալի է, թե ինչու է Գագիկ Ծառուկյանի բարեգործությունն առաջացրել այլ փոխադրողի դժգոհությունը. չի կատարվում ուղեվարձի կրկնակի թանկացման արդյունքում սոցիալապես անապահով մարդկանց շնորհիվ սեփական վարկային պարտավորությունները մարելու նրա ցանկությունը:

ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829