Լրահոս
Օրվա լրահոսը

Համակարգային փոփոխությունների ծրագիր

Փետրվար 25,2012 13:14

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեզ տեղեկացրեց, որ ՀՀԿ նախընտրական ծրագիրը լինելու  է հենց այսպիսին

– Որքան մոտենում են ընտրությունները, այնքան ավելի են ակտիվանում խոսակցությունները կուսակցությունների ցուցակների, ընտրության գնալու ձեւերի եւ դիրքերի մասին: Հինգշաբթի տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստում արդյոք քննարկվե՞ց կուսակցության համամասնական ցուցակը, եւ կարո՞ղ եք որոշ մանրամասներ ասել ցուցակի մասին:

– Սիրով, պաշտոնապես հայտարարեմ, որ Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է Սերժ Սարգսյանը, եւ դժվար հասկացողների համար, ովքեր այլ բան էին ակնկալում, ասեմ, որ ցուցակը պետք է գլխավորի Սերժ Սարգսյանը, որովհետեւ կա դասական քաղաքական մոտեցում, ըստ որի՝ կուսակցությունների համամասնական ընտրական ցուցակները գլխավորում է կուսակցության լիդերը: Սերժ Սարգսյանը մեր առաջնորդն է, եւ մեր կուսակցության բոլոր բարեփոխումները կապված են նրա հետ, կուսակցությունը վճռական է՝ նախագահ Սարգսյանի գլխավորությամբ գնալ բարեփոխումների, գնալ առաջ եւ հաջողությունների հասնել առաջիկա ընտրություններում:

– Այլ մանրամասներ կասե՞ք կուսակցության ցուցակի մասին՝ ովքե՞ր են լինելու, ովքե՞ր չեն լինի ցուցակում, ովքե՞ր գոհ կլինեն եւ ովքե՞ր՝ դժգոհ:

– Թե ովքեր կլինեն եւ ովքեր չեն լինի՝ չասեմ, բայց ասեմ հստակ սկզբունքը, ըստ որի՝ կկազմվի կուսակցության ցուցակը: Կուսակցությունը շուտով ավարտուն տեսքի կբերի նախընտրական ծրագիրը, որը լինելու է համակարգային բարեփոխումների եւ փոփոխությունների ծրագիր, եւ կուսակցության ցուցակում կլինեն այն գործիչները, որոնք իրենց գաղափարական գործունեությամբ եւ կարողություններով պատրաստ կլինեն իրականացնել այդ բարեփոխումները թե գործադիր մարմնում եւ թե օրենսդիրում: Այլ սկզբունք չի կարող լինել: Սկզբունքը դրված է՝ ովքեր կարող են իրականացնել բարեփոխումները, նրանք էլ կլինեն ցուցակում:

– Որոշ վերլուծություններ են արվում այն մասին, թե կուսակցության ցուցակը կազմվելու է ըստ որոշ գործիչների ունեցած քվոտաների, ամեն մեկի քվոտայի չափով, իրո՞ք կա նման բան:

– Ես ծանոթ եմ Ձեր նշած այդ, այսպես կոչված, վերլուծություններին եւ ուզում եմ ասել, որ դրանք պարզապես ծիծաղելի են, չկա նման բան եւ չի էլ կարող լինել: ՀՀԿ-ն կայացած քաղաքական ուժ է եւ ոչ թե ՍՊԸ, իսկ քվոտավորումը բնորոշ է հենց ՍՊԸ-ներին եւ այն քաղաքական ուժերին ու գործիչներին, որոնք առաջնորդվում են ՍՊԸ-ի տրամաբանությամբ: Առնվազն ծիծաղելի են այդ կարգի վերլուծությունները, եւ դրանց հեղինակները հաստատ քաղաքական իրողություններից դուրս են:

– ՀՀԿ ցուցակում կլինե՞ն անսպասելի անուններ, այնպիսիք, որոնք, երբ հայտնի կդառնան, հասարակությունը, մարդիկ կասեն՝ «այ քեզ արմանք-զարմանք» բան:

– Չեմ կարող ասել՝ անսպասելի, թե սպասելի կլինեն անունները, բայց մի բան հաստատ է՝ մեր կուսակցության ցուցակում կլինեն այն մարդիկ, որոնք վճռական են եւ կարող են իրականացնել բարեփոխումների գործընթացը՝ երկրի նախագահի գլխավորությամբ, կլինեն այն մարդիկ, ովքեր հավատում են եւ համոզված են, որ միայն երկրի նախագահի գլխավորությամբ եւ ՀՀԿ-ի հետ է հնարավոր իրականացնել համակարգային բարեփոխումները: Եվ, բնականաբար, կուսակցության նախագահն էլ հավատում է այդ մարդկանց եւ տեսնում է, որ նրանք կարող են բարեփոխումների ընթացքն առաջ տանել:

– Ի՞նչ սկզբունքով է կառուցվելու ցուցակի հերթականությունը, լինելո՞ւ են ՀՀԿ ցուցակում կուսակցության գործադիր մարմնի բոլոր անդամները, նախարարները, մարզպետները եւ այլ պաշտոնատար անձինք:

– Հիմնական սկզբունքը ես արդեն ասացի, այն հստակ է եւ լինելու է նույնը՝ ովքեր կարող են, ի զորու են բարեփոխումների տրամաբանության մեջ լինել, լինել նախընտրական ծրագրի տրամաբանության մեջ, նրանք էլ կլինեն ցուցակում: Իսկ թե կոնկրետ ովքեր կլինեն՝ սպասենք: Մենք համագումարից հետո կհրապարակենք մեր ցուցակը, եւ ամեն ինչ պարզ կլինի: Մի բան ուզում եմ անպայման հիշեցնել եւ շեշտել, այն է՝ Հանրապետականը երբեք չի գնացել ինքնանպատակ որոշումների եւ այսուհետ եւս այդպես է լինելու:

– Ծեծված հարց եմ տալու՝ քանի՞ տոկոս ձայն, քանի՞ քվե է ակնկալում ստանալ Հանրապետական կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում:

– Միայն մեկ օրինակ ներկայացնեմ. վերջերս տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, եւ 39 համայնքներից 31-ում հաղթանակ տարան Հանրապետականի ներկայացուցիչները, եւ սա հստակ վստահություն է ներշնչում, որ գալիք խորհրդարանական ընտրություններում հիմնական ֆավորիտը լինելու է ՀՀԿ-ն, ավելին՝ մեր գլխավոր խնդիրը, որպես քաղաքական իշխանություն, որպես թիվ մեկ պատասխանատու, լինելու է մեր երկրում ժողովրդավարական չափանիշներին ամբողջությամբ համապատասխանող ընտրությունների անցկացումը, եւ մենք ակնկալում ենք, եւ կան բոլոր շանսերը, որպեսզի այդ ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող ընտրություններում հաջողության հասնի Հանրապետական կուսակցությունը եւ լինի հիմնական ֆավորիտը:

– Իշխող քաղաքական ուժի՝ Հանրապետականի հասցեին հնչում են մեղադրանքներ, թե՝ ասում եք արդար եւ թափանցիկ ընտրություններ, սակայն եթե դրանք լինելու են այնպիսին, ինչպիսին եղան Հրազդանի քաղաքապետի ընտրության դեպքում, ապա դրանք, ըստ ընդդիմության որոշ ներկայացուցիչների, այնքան էլ թափանցիկ չէին:

– Հրազդանում եղան այնպիսի ընտրություններ, որ նույնիսկ Հայաստանում ԱՄՆ դեսպանը դրանք գնահատեց որպես ժողովրդավար եւ խոսեց նաեւ փաստերով: Ես կարծում եմ՝ սա արդեն վկայում է այն մասին, որ մեր միջազգային գործընկերներից՝ աշխարհի ամենահզոր տերություններից մեկի դեսպանը (իսկ մենք գիտենք, որ ԱՄՆ-ը երբեք ոչ մեկին, այսպես ասած, սիրուն աչքերի համար չի գնահատում) դրական գնահատեց Հրազդանի ընտրությունները: Սա հույս է ներշնչում, որ մենք կարող ենք իրոք նորմալ ընտրություններ անցկացնել: Եվ եթե ընդդիմությունը դժգոհ է եւ այլն, ապա մնում է միայն մեկ խորհուրդ տալ՝ եթե մենք ուզում ենք կառուցել ժողովրդավարական երկիր, իսկ մենք ուզում ենք կառուցել, ապա ժողովրդավարական երկրում ոչ թե օդում են խոսում, այլ փաստերով, որոնք էլ ներկայացնում են համապատասխան ատյաններ: Եթե չկան այդ փաստերը, մնացածն ավելորդ է:

Զրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829