«Ցանկացած դասական կուսակցություն հասարակության կարծիքը իմանալու երեք ձեւ ունի՝ անմիջական հանդիպումներ ընտրողների, հասարակության հետ, ինչը մենք անում ենք եւ արել ենք մշտապես: Այս օրերին մեր կուսակցության նախընտրական ծրագիրը քննարկում ենք հենց մեր հասարակության ներկայացուցիչների հետ: Երկրորդը՝ տարբեր սոցհարցումներն են, եւ երրորդը՝ բուն ընտրությունները: Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ այսօր առաջատարը Հանրապետական կուսակցությունն է: Մեր հանդիպումները ցույց են տալիս, որ չնայած առկա բազմաթիվ խնդիրներին, բնակչության մեծամասնությունը իր խնդիրների լուծումը կապում է պատասխանատու ուժի հետ, իսկ այդ ուժը մարդիկ տեսնում են ՀՀԿ-ի մեջ: ՏԻՄ վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ ճնշող մեծամասնությամբ հաղթեցին հանրապետականները: Այս ամենը ի մի բերելով՝ կարող ենք ասել, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք եւ գնում ենք ճիշտ ուղղությամբ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Առավոտ» օրաթերթ