Լրահոս
Օրվա լրահոսը

Օրինագիծը ոչ թե վիճահարույց է, այլ անթույլատրելի

Փետրվար 25,2012 13:06

Կառավարության տարած-ետբերած օրինագծի մասին ասում է պատգամավորը

Երեկ խորհրդարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որտեղ քննարկվել են ԱԺ 4-րդ գումարման 11-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: Դրանցից մեկով, որպես անհետաձգելի օրինագիծ, կառավարությունը ԱԺ առաջիկա նիստում քննարկման է ներկայացրել իր տարած-ետբերած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը, որը փետրվարի 9-ին կեղծված քվեարկության արդյունքում արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել էր: Կառավարությունն այն ետ էր կանչել՝ պատճառաբանելով, թե վիճահարույց այս օրինագիծը, որով օրինականացվում է բանակի մասնակցությունը երկրի ներքաղաքական պրոցեսներին, լրամշակման կարիք ունի: Այդ լրամշակումը կառավարությունը կայծակնային արագությամբ է կատարել. հիշեցնենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն օրինագիծը ետ էր կանչել փետրվարի 22-ի գրությամբ եւ արդեն երեկ կրկին ներկայացրել է խորհրդարանի քննարկմանը: Օրինագծում խորհրդարանական ընդդիմության եւ քաղաքական այլ ուժերի համար վիճահարույց 9-րդ հոդվածը լրամշակված տարբերակում, ըստ էության, որեւէ լուրջ փոփոխության չի ենթարկվել. մի դեպքում փոխվել է շարադասությունը, եւ «զինված անօրինական»-ը դարձել է «անօրինական զինված», եւ ավելացել է նաեւ հետեւյալ նախադասությունը՝ «Զինված ուժերի ներգրավումը պետք է առավելապես ուղղված լինի սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կետերով նշված խնդիրների իրականացմանը»: Մինչդեռ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ասելով՝ օրինագծում երկու կարեւորագույն փոփոխություն է կատարվել: Մեկը, ըստ նրա, այն է, որ օրինագծի անցումային դրույթներում սահմանվում է, որ ԶՈՒ-ն արտակարգ դրության ժամանակ կարող է մասնակցություն ունենալ միայն հատուկ պատրաստություն անցնելուց հետո, երկրորդն այն է, որ արտակարգ դրության ժամանակ զինված ուժերի շփումը բնակչության հետ գրեթե պետք է բացառվի: Մասնավորապես, ըստ նրա, մի քանի զսպաշապիկներ՝ արգելանքներ են սահմանվում զինված ուժերի եւ բնակչության շփումը կանխելու համար: Իհարկե, այս անգամ կառավարությունն օրինագիծը փաթեթով է ներկայացնելու ԱԺ, որովհետեւ, ըստ նախարարի, առաջին ընթերցմամբ ընդունվածի ետ կանչելու գլխավոր պատճառն այն էր, որ օրինագծում բացակայում էր այդ օրենքի դրույթների խախտման համար պատասխանատվություն նախատեսող օրինագիծը:

«Առավոտի» հետ զրույցում «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանն ասաց, թե փաթեթն ընդգրկում է նաեւ որոշակի փոփոխություններ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում: Արդյոք կատարված փոփոխություններն ու լրամշակումը էականորե՞ն են իրարից տարբերվում մասնավորապես վիճահարույց 9-րդ հոդվածի մասով, եւ արդյոք նոր օրինագիծը բավարարո՞ւմ է խմբակցության ակնկալիքները: Տիկին Ալավերդյանը նախ չհամաձայնեց «վիճահարուց» ձեւակերպման հետ՝ ասելով, որ դա «ոչ թե վիճահարույց, այլ անթույլատրելի օրինագիծ է»: Նա հայտարարեց, որ օրենքի նախագծում 9-րդ հոդվածից բանակին վերաբերող դրույթը կամ ընդհանրապես պետք է հանվի, կամ ոչ թե խմբագրվի, այլ ամբողջովին այլ կերպ շարադրվի՝ ինչպես պահանջում են միջազգային այլ փաստաթղթերը. «Մասնավորապես, նախեւառաջ պետք է հստակեցվի, որ բանակը որեւէ կերպ չպետք է շփման մեջ մտնի քաղաքացիների հետ, եւ միայն ծայրահեղ դեպքերում է, որ պետք է բանակին տրվեն հատուկ օբյեկտների պաաշտպանությունն ու պահպանությունը՝ դրանով իսկ այդ պարտականությունից ազատելով ոստիկանական ուժերին, որպեսզի վերջիններս իրականացնեն այս օրենքից բխող մյուս գործողությունները»:

Մենք պատգամավորին հիշեցրինք, որ նախարարի հայտարարության համաձայն՝ բանակի «զորքերը չեն օգտագործվում, եթե ոստիկանության եւ Ազգային անվտանգության ուժերը դրա համար բավարար են, երկրորդը՝ եթե խնդիրը գնում է անկարգությունների եւ այլնի մասին, ապա այդտեղ ոստիկանությունը պետք է շփվի, եւ զինված ուժերը պետք է իրականացնեն հատուկ օբյեկտների պաշտպանություն: Եթե արտակարգ դրությունը պայմանավորված է նաեւ արտակարգ իրավիճակների՝ բնական աղետների հետ, ապա նրանք պետք է մասնակցեն մարդկանց տարհանմանը եւ այլն: Ամենածայրահեղ, վերջին փուլը կարող է լինել, որ նման բան լինի»: Արդյոք այս պարզաբանումը փարատո՞ւմ է «Ժառանգության» պատգամավորների մտահոգությունները, կամ ասել, որ օրինագիծն այս տեսքով համապատասխանում է Սահմանադրությանը: «Ես կրկնում եմ՝ պետք է ընդհանրապես բացառվի բանակի ներգրավումը ներքաղաքական բնույթի որեւէ գործողությունների: Մյուս կողմից՝ մեր մտահոգությունն այն է, որ մեր երկրում իրավակիրառական պրակտիկայում անգամ չնչին հնարավորությունը կամ սողանցքը, որ թողնվում է օրենքում, հետագայում բոլորովին այլ կերպ է կիրառվում եւ, ըստ հայեցողության, կամայական մեկնաբանությունների տեղիք է տալիս: Առավել եւս ընտրությունների ֆոնի ներքո դա դառնում է վտանգավոր»,- ասաց պատգամավորը:

Տարածված կարծիք է, թե այս օրինագծի ընդունումը պայմանավորված է առաջիկա ընտրություններով եւ հետընտրական հնարավոր զարգացումներով, ուստի հարցրինք՝ կարծում է, որ ԱԺ ընտրություններն այնքան մեծ լարում կարող են առաջացնել երկրում, որ այս օրենքի անհրաժեշտությունն իշխանությունը զգա՞: «Լարումը ոչ թե կառաջանա, այլ 2008-ից դեռ պահպանվում է: Լարումն առկա է, եւ ցանկացած խոշոր միջոցառում, իսկ ընտրությունները դրա թվին են պատկանում, կարող է լարվածության սրացման համատեքստում «վերջին կաթիլի» դեր խաղալ: Անշուշտ, անհանգստությունն այս առումով մնում է, առավել եւս, որ Արեւմուտքի կողմից «Մարտի 1»-ի էջը փակված համարելու մտադրությունից անկախ՝ մեր հասարակությունն այդ էջը դեռ չի փակել, քանի դեռ պատժված չեն այն անձինք, ովքեր մինչ օրս, լինելով մարդասպան, մնում են ազատության մեջ, ինչը իրավիճակը էլ ավելի ծանրացնում է»,- հայտարարեց Լարիսա Ալավերդյանը:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829