Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ուժեղ առաջնորդի ուժը

Փետրվար 25,2012 12:49

Հաջորդ կիրակի Ռուսաստանում կայանալու են նախագահական ընտրություններ: Չնայած այդ երկրի ակտիվ, մտավորական մասը խորապես վիրավորված է վարչապետի եւ նախագահի «փոխատեղմամբ» եւ խորհրդարանական ընտրությունների կեղծմամբ, Պուտինը նախագահ դառնալու ճանապարհին լուրջ խնդիրներ չի ունենա: Հասկանալի է՝ ՌԴ վարչապետը լուրջ, ծանրակշիռ մրցակիցներ չունի եւ հաղթելու է ընտրությունների առաջին իսկ փուլում: Հենց դրան են ուղղվելու ամբողջ պետական ապարատի եւ խոշոր բիզնեսի ջանքերը: Ընտրությունները մեկ փուլով անցկացնելն անհրաժեշտ է՝ իշխանության ուղղահայացությունն էլ ավելի ամրապնդելու եւ իշխանավորների ու բյուրոկրատիայի շրջանում ինքնավստահության մթնոլորտ ստեղծելու համար: Այդ խավի տրամադրությունները լավագույնս արտահայտել է Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը՝ «Ռուսաստանին մենեջեր պետք չէ, Ռուսաստանին պետք է ցար»: Ավելի տրամաբանական կլիներ, եթե ասեր՝ «սուլթան», որովհետեւ եթե նա իր հանրապետությունում մինի խան է, ապա ամբողջ կայսրությունում պետք է իշխի սուլթանը: Սա է հաճախ գործածվող «ուժեղ առաջնորդ» բառակապակցության վերծանումնը. ցարն է (սուլթանը) որոշում, թե ով պիտի հարստանա, իսկ ով՝ մնա աղքատության մեջ, ով պիտի ազատություն վայելի, իսկ ով՝ փտի զնդանում, մերձավորներից որ մեկը դառնա վեզիր, որը՝ խան, իսկ որը՝ էմիր:

Իմ պատկերացումներն ուժի եւ մասնավորապես ուժեղ առաջնորդի մասին բոլորովին այլ են: Ուժեղ առաջնորդը նա չէ, ով բռունցքը խփում է սեղանին եւ իր նազիր-վեզիրներին ասում՝ «գողացեք, ես տեր եմ»: Առաջնորդի ուժը նրա լեգիտիմության մեջ է, երբ նա փորձում է ինչ-որ բան ապացուցել ոչ միայն բյուրոկրատիային, այլեւ բուն ժողովրդին, քաղաքացիներին: Այդ իմաստով Ելցինը ուժեղ ղեկավար էր, որը կարողացավ իր երկիրը նվազագույն կորուստներով դուրս բերել հետխորհրդային կոլափսից՝ որքան էլ այսօր իշխանության քարոզչությունը քարկոծի 90-ական թվականների Ռուսաստանը:

Բայց նման՝ իսկապես ուժեղ առաջնորդ ունենալու համար պետք են ակտիվ քաղաքացիներ: Ցավոք, դրանց պակասն է այսօր զգացվում նորանկախ հանրապետություններում: Այդ առիթով հիշեցի Պերճ Պռոշյանի խոսքերը, որոնք նա գրել է 19-րդ դարի կեսերի գյուղացիների մասին. «Ընդհանրապես գյուղացիները չեն սիրում խառնվել հասարակական գործերում. ամեն մարդ յուր անձնական հոգսի, յուր տան ցավի հետ է, յուր երեխանց ապրուստը ճարելն է նրա մտածմունքը»: 150 տարում քիչ բան է փոխվել:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829