Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ն «Առողջ սպորտ, առողջ երիտասարդներ» ծրագրի շրջանակներում մարզական գորգ նվիրեցին Սևանի մարզադպրոցին։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը հույս հայտնեց, որ հիմնադրամի աջակցությամբ ձեռք բերված մարզական գորգը կնպաստի համայնքի երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի խրախուսմանը, տարբեր մարզաձևերի զարգացմանը: «Մենք միշտ կանգնած ենք մեր պատանիների ու երիտասարդների կողքին, և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը պատրաստ է աջակցել բոլոր այն ծրագրերին ու նախաձեռնություններին, որոնք ուղղված են տարբեր ոլորտներում ցանկացած դրական տեղաշարժերին ու զարգացման ծրագրերին»։
Սևանի քաղաքապետ Գևորգ Մալխասյանն ընդգծեց, որ Սևանը սպորտային ավանդույթներ ունեցող քաղաք է։ Սևանցի մարզիկները վերջին տարիներին մեծ նվաճումներ ունեն հատկապես մենամարտային մարզաձևերում։
Նշենք, որ Սևանի մարզադպրոց է հաճախում մոտ 385 պատանի, այն սպասարկում է ոչ միայն Սևան քաղաքը, այլև շրջակա գյուղերը։ Երիտասարդներն ու պատանիներն այստեղ մարզվում են խաղային և մենամարտային տարբեր մարզաձևերում (վոլեյբոլ, բասկետբոլ, ֆուտբոլ, թենիս, ծանրամարտ, բռնցքամարտ, ըմբշամարտ, թեքվանդո)։ Մարզադպրոցը վերանորոգված է, և ինչպես նշեց դպրոցի տնօրեն Վալերի Նիկողոսյանը, այսօր իրենց հիմնական խնդիրները կապված են մարզագույքի հետ։ Եվ ցանկացած նման աջակցություն մեծ ներդրում է Սևանում սպորտի զարգացման ու առողջ սերունդ ձևավորելու հարցում։ Մարզադպրոցի տնօրենը հույս հայտնեց, որ այսպիսի ծրագրերի շնորհիվ երիտասարդության համար սպորտը կդառնա հանգստի և ժամանցի արդյունավետ կազմակերպման միջոց:
Կարդացեք նաև
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն