Էդվարդ Նալբանդյանն այցելեց Հանոյ
Վիետնամի ԱԳ նախարար Ֆամ Բին Մինի հրավերով պաշտոնական այցելությամբ Հանոյում գտնվող Էդվարդ Նալբանդյանին փետրվարի 24-ին ընդունեց Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Նախագահ Թրուոնգ Թան Սանգը:
Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Վիետնամի Նախագահն ասաց, որ Վիետնամում Հայաստանին եւ հայ ժողովրդին վերաբերվում են եղբայրական ջերմուրթյամբ, ինչն առաջին հերթին պայմանավորված է պատերազմի տարիներին եւ հետպատերազմյան վերականգնմանը Վիետնամին ցուցաբերած կարեւոր աջակցությամբ: «Մեր շատ քաղաքացիներ կրթվել են Հայաստանում եւ այժմ իրենց գիտելիքները ներդնում են մեր երկրի զարգացման գործում եւ Վիետնամի ժողովուրդը երախտապարտ է Հայաստանին այդ օժանդակության համար: Այսօր մենք կարեւորում ենք անկախ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը եւ ցանկանում ենք համապատասխան քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ»:
Վիետնամի Նախագահը վերահաստատեց ՀՀ Նախագահին ուղղված Հանոյ այցելելու հրավերը եւ ընդգծեց, որ ինքն ուրախ կլինի ողջունել բարեկամ Հայաստանի ղեկավարին Վիետնամում:
Կարդացեք նաև
Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ ջերմ խոսքերի համար՝ Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի Նախագահի ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց Վիետնամի ղեկավարին, եւ տեղեկացրեց, որ Նախագահ Սարգսյանն ընդունել է Վիետնամ այցելելու իր գործընկերոջ հրավերը եւ այն տեղի կունենա այս տարվա առաջին կեսին:
Երկուստեք վստահություն հայտնվեց, որ ՀՀ Նախագահի առաջիկա այցելությունը նոր լիցք կհաղորդի երկու բարեկամ երկրների հարաբերությունների զարգացմանը:
Վիետնամի Նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը հանգամանալից քննարկեցին երկկողմ հարաբերությունների խթանման նպատակով իրականացվելիք քայլերը, ասիական տարածաշրջանում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացները: Այս ենթատեքստում Վիետնամի Նախագահը նշեց, որ հաշվի առնելով երկու երկրների բարեկամական հարաբերությունները՝ իր երկիրը կարող է Հայաստանի համար դեպի Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան դարպաս հանդիսանալ:
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն այցելեց Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության հիմնադիր Հո Շի-մինի դամբարան եւ ծաղկեպսակ դրեց դամբարանին: Նախարար Նալբանդյանը նաեւ հարգանքի տուրք մատուցեց Վիետնամի անկախության եւ ազատության համար զոհվածների հիշատակին:
Հանոյում տեղի ունեցան Հայաստանի եւ Վիետնամի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Ֆամ Բին Մինի բանակցությունները, որոնց ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերին, մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների եւ դրանց լուծման ուղիների շուրջ:
Անդրադառնալով հայ-վիետնամական հարաբերություններին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ խորհրդային տարիներին Հայաստանում ուսում ստացած հազարավոր վիետնամցիները եւ Վիետնամում աշխատած հայերը յուրահատուկ թելերով կապում են երկու երկրներին եւ ժողովուրդներին:
Էդվարդ Նալբանդյանն ու Ֆամ Բին Մինը համակարծիք էին, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակը բեկումնային պետք է դառնա փոխգործակցությանը նոր թափ հաղորդելու տեսանկյունից:
Նախարարները պայմանավորվածություն ձեռք բերեցին աշխատանքներ տանել իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ՝ ստորագրման պատրաստել ԱԳՆ-երի միջեւ համագործակցության, առեւտրա-տնտեսական, մշակութային, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման ոլորտներում փոխգործակցության մասին համաձայնագրեր, ընդլայնել համագործակցությունը եւ միմյանց թեկնածությունների աջակցությունը միջազգային կազմակերպություններում, ինչպես նաեւ քայլեր ձեռնարկել զբոսաշրջության զարգացման համար:
Նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, կովկասյան տարածաշրջանում համագործակցության եւ անվտանգության հաստատման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այս առումով Վիետնամի ԱԳ նախարարը աջակցություն հայտնեց միջազգային իրավունքի հիման վրա արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:
Ֆամ Բին Մինը իր հայաստանցի գործընկերոջը տեղեկացրեց ասիական տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների եւ դրանց վերաբերյալ Վիետնամի մոտեցումների մասին:
Հայաստանի եւ Վիետնամի ԱԳ նախարարները նաեւ մտքեր փոխանակեցին Մերձավոր Արեւելքում ընթացող իրադարձությունների վերաբերյալ:
Հանոյ Էդվարդ Նալբանդյանի այցի օրակարգում էր նաեւ այցելությունը 1959թ. հիմնադրված Դիվանագիտական ակադեմիա, ուր նա Հայաստանի արտաքին քաղաքականության ու հայ-վիետնամական հարաբերությունների մասին ելույթ ունեցավ կրթօջախի ուսանողների առջեւ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ