Լրահոս
Օրվա լրահոսը

Թերթերի մահվան մասին կանխատեսումները չափազանցված են

Փետրվար 25,2012 09:37

Թերթերի եւ ամսագրերի անխուսափելի մահվան մասին խոսակցությունները չեն մարում։ Այդ թեմայի շուրջ բանավիճող փորձագետներն ու մարգարեները ե՛ւ իրավացի են իրենց կանխատեսումներում, ե՛ւ անիրավացի։ Հավանաբար այստեղ ավելի ճիշտ կլինի վերաձեւակերպել Մարկ Տվենի խոսքերը. թերթերի անխուսափելի մահվան մասին կանխատեսումները սաստիկ չափազանցված են։
Բնականաբար էլեկտրոնային ԶԼՄ-ների գրոհը, ինտերնետի տարածումը, տեղեկատվության նոր կրողների ստեղծումը ավանդական մամուլի հետ կապված լրագրողների ուղեղներում ստեղծում են ապոկալիպտիկ պատկերներ։ Սակայն բավարար հիմքեր խուճապի համար չկան։
Պարզապես ավելի մեծ տարածում կստանա, այսպես կոչված, «կոնվերգենտային ժուռնալիստիկան», որը կներկայացնեն ունիվերսալները։ Այդ մասնագետներն ընդունակ կլինեն ե՛ւ տեքստ գրել, ե՛ւ տեսանյութ նկարահանել, ե՛ւ ուղիղ ռադիոեթերում շարադրել մեկնաբանությունը։
Թեպետ նույնիսկ ներկայիս տեսքով հեղինակավոր թերթերը դեռ երկար կմնան հասարակության ուշադրության կենտրոնում։ Պատճառները շատ են։ Դրանցից առաջինը ակնհայտ է. այլընտրանքային քաղաքացիական ժուռնալիստիկայի ուղղությամբ բլոգային ոլորտը մոբիլիզացնելու ոչ մի փորձ առայժմ հաջողությամբ չի պսակվել։ Եվ ոչ միայն մեզանում, այլեւ նոր տեխնոլոգիաների տեսանկյունից ամենազարգացած երկրներում։
Ժուռնալիստիկան մասնագիտություն է։ Խմբագրությունը, թե կուզեք իմանալ, ձեռնարկություն, հատուկ ինստիտուտ, կորպորացիա։ Աշխատանքն այստեղ բաղկացած է ոչ միայն առանձնահատուկ կարողություններով, գիտելիքներով, հմտություններով օժտված մարդկանց ստեղծագործական մղումներից։ Այդ գործունեությունն ընթանում է լրագրողների քաղաքացիական, իրավաբանական, բարոյական եւ այլ պատասխանատվության պայմաններում։ Դա պատասխանատվություն է հասարակության եւ խմբագրության առջեւ։
Ըստ որում, պետք է հասկանալ, որ որակյալ տեղեկատվական արտադրանքի թողարկումը գրեթե միշտ թիմային աշխատանք է։ Նույնիսկ եթե ռեպորտաժի կամ հարցազրույցի տակ մեկ ստորագրություն է դրված։
Ծիծաղելի է պատկերացնել, թե հանրահայտ Ուոթերգեյթի գործը հետաքննեին ոչ թե Վուդվորթն ու Բերնստայնը՝ Washington Post-ի խմբագրության հզորագույն աջակցությամբ, այլ, ասենք, երկու բլոգերներ։
Ըստ որում, չի կարելի թուլանալ. առաջընթացին չես խաբի, փոփոխություններն անխուսափելի են։ Դրա համար էլ կարեւոր է նոր ժամանակներին անցման էվոլյուցիոն ուղին։ Այդ առնչությամբ հետաքրքիր է գերմանական Spiegel ամսագրի փորձը, որի տպաքանակը, ինչպես հայտնի է, մոտ 4 մլն օրինակ է, եւ որի կայք ամեն օր մտնում են մոտ 3 մլն օգտվողներ։
Ահա ուրեմն, գերմանացի գործընկերները չեն բանավիճում, թե տեղեկատվության որ կրողին է պատկանում ապագան։ Նրանք պարզապես ունեն երկու խմբագրություն. մեկը՝ տպագիր արտադրության, մյուսը` ցանցայինի համար։ Դրանցից յուրաքանչյուրն աշխատում է իր առանձնահատկությունների հաշվառմամբ եւ նյութի մատուցման միջոցով։ Առանձնահատկությունը, իր հերթին, ծնում է մասնագիտացում։ Հենց մասնագիտացումն էլ ծնում է ամենատարբեր ժանրերի ժուռնալիստիկայի վարպետներ։
Ի դեպ, չափազանց ուշագրավ փաստ. որոշ հանրահայտ արտասահմանյան ինտերնետ-պարբերականներ վերջին ժամանակներս սկսել են ստեղծել տպագիր տարբերակներ եւ թողարկվել թղթի վրա։ Ինչո՞ւ։ Հենց այն պատճառով, որ ցանցում գովազդի եկամտաբերությունը մեծապես զիջում է տպագիր թերթերին ու ամսագրերին եւ միջին հաշվարկով չի գերազանցում 3-5%-ը։

Կարեն ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

«Հայոց աշխարհ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829