Լրահոս
Օրվա լրահոսը

Ինտիմ կյանքը «տարածելը»՝ տղամարդկությունը շեշտելու վատագույն ձեւ

Փետրվար 24,2012 23:37

Տղամարդիկ համարվում են ուժեղ սեռ, բայց իրենց սեռի ուժեղությունը ապացուցելու համար, երբեմն գնում են սխալ քայլերի: Անընդհատ իրենց տղամարդկությունն ու առնականությունը չշեշտելը, օրեցօր ավելացող սիրուհիների ցուցակը չտարածելը, կամ սեքսից հետո ունեցած բավարարվածության մասին շրջապատում չպատմելը՝ չի նշանակում համեստություն անել: Իսկ ինտիմ կյանքի մանրամասների մասին ընկերների   հետ «կիսվելը», զուգընկերուհու ներքնաշորի գույնն ու չափսը, կամ սեքսում նրա նախընտրած դիրքի մասին խոսելը՝ չի ընդգծում «լավ տղա» լինելը:

«Սեռական հարաբերությունների մասին բարձրաձայնելը, ընկերների հետ իրենց անկողինը քննարկելը, առավել եւս զուգընկերուհու «անկեղծ» լուսանկարները, sms հաղորդագրությունները, ընկերներին ցուցադրելը սխալ է: Զուգընկերուհու, կամ զուգընկերուհիների  հետ ունեցած սեռական հարաբերություններն ու դրանց ձեւերը, որակը քննարկողներն՝  ուղղակի գլուխ գովելու համար են այդպես անում: Տղամարդկանց հաճելի է գլուխ գովել, թե ինքան կրքոտ է  սիրուհին, կամ պատմել այն վերջին «ծիտիկի» մասին, որի հետ հենց առաջին ժամադրության օրը սեքսով  է բաղվել: Տղամարդկություն չէ նաեւ այն, երբ ընկերը հիացմունքով պատմում  է իր նոր ընկերուհու սեքսուալ արտաքինի մասին, մյուսը հետ չմնալու ու ընկերոջը ապացուցելու համար, թե ինքն ինչ «հզոր» է, ցույց է տալիս  զուգընկերուհու մերկ լուսանկարը, որը անձամբ է արել սեփական բջջայինով»,- Aravot.am-ի հետ զրույցում ասում է հոգեբան Շահեն Կարապետյանը, շեշտելով, որ պարծենկոտությունը սեփական անձի շուրջ իրական կամ մտացածին ձեռքբերումների եւ հաջողությունների մասին պատմությունների հորինումն է: Ըստ նրա՝  ինտիմ կյանքի մասին բարձրաձայնողների մեծամասնությունը, դա անում է չմտածված, չգիտակցելով, որ իր այդ քայլը կարող է դուր չգալ զուգընկերուհուն, մի մասն էլ ուղղակի հեքիաթներ է պատմում. այսինքն գլուխ գովում, եւ իր թաքնված ցանկություններն արտահայտում պատմությունների ձեւով, կամ էլ ուրիշի պատմածն ու ֆիլմերում դիտածը վերագրում իրեն:

«Ինտիմ կյանքի մասին խոսելն այնքան էլ հեշտ չէ. հոգեբանի կամ սեքսապաթոլոգի մոտ հայտնվելիս՝ պարծենկոտ տղամարդկանց 99 տոկոսը լռում է: Երբ առողջական խնդիրներ են ունենում, վախենում ու կոմպլեքսավորվում են մասնագետի հետ քննարկել սեփական ինտիմ կյանքը, որպեսզի լուծվի խնդիրը: Այստեղից կարելի է եզրակացնել, որ ընկերական շրջապատում ասվածը  չափազանցություն է: Այլ է, երբ նրանք sms հաղորդագրություններն են ցուցադրում. դա հեշտ է, քանի որ sms գրելիս ավելի ազատ ու անկաշկանդ են, քան հեռախոսով խոսելիս: Նույնն է, որ սոցիալական կայքերում տղամարդիկ իրենց ամենահարուստ, Դոն ժուան ու ամենակարող են երեւակայում, կանայք՝ աշխարհի ամենակրքոտն  ու փորձառուն, բայց, երբ վիրտուալ շփումը տեղափոխվում է իրական կյանք, երկուսի դեպքում էլ բացահայտվում է չափազանցությունը: Ինչ վերաբերում է զուգընկերուհիների ինտիմ լուսանկարները ցուցադրելուն, ապա թող ինձ ներեն տղամարդիկ, բայց դրանցով հպարտացողներն ուղակի թուլամորթներ են: Եթե կինը թույլ է տվել, խնդրել իրեն մերկ լուսանկարել, կամ թեկուզ լուսանկարում դուք երկուսով եք ինտիմ վիճակներում, այն ուրիշներին ցուցադրելով, հաստատ ձեր տղամարդկությունը չի շեշտվելու»,- նշում է Շ. Կարապետյանը, ավելացնելով, որ միայն  ինտիմ կյանքում ունեցած  հաջողություններով հպարտանալու փոխարեն կարելի է պատասխանատու աշխատանքով, վաստակով ու կյանքի այլ ոլորտներում ունեցած փառքով պարծենալ:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829