ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, ըստ ԱԺ պաշտոնական կայքի, այսօր առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանի, Արծվիկ Մինասյանի, Վահան Հովհաննիսյանի եւ Արմեն Մարտիրոսյանի հեղինակած «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Արմեն Մարտիրոսյանի ներկայացմամբ` օրենսդրական փոփոխությունների նպատակն է ամրագրել Ազգային ժողովի ընտրությունները 100% համամասնական ընտրակարգով անցկացնելու իրավական հիմքերը: Ըստ նրա` այս ընտրակարգի ներմուծումը խորհրդարանը կարող է վերածել երկրի քաղաքական թիվ մեկ ամբիոնի, որտեղ կլուծվեն երկրի կառավարմանը եւ քաղաքական կյանքին առնչվող խնդիրները եւ կծավալվի բացառապես օրենսդրական ու քաղաքական գործունեություն: Նշվեց, որ խորհրդարանական ընտրությունները 100% համամասնական ընտրակարգով անցկացնելու վերաբերյալ իրենց աջակցությունն են հայտնել հայաստանյան քաղաքական դաշտում ակտիվ գործունեություն իրականացնող բազմաթիվ կուսակցություններ, քաղաքական ուժեր եւ հասարակական կազմակերպություններ:
Հարակից զեկույցում ներկայացնելով կառավարության տեսակետը` արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը նշեց, որ կառավարությունը դեմ է փաթեթին, քանի որ դրանով խախտվում է ընտրողի ընտրելու իրավունքը: Նա նշեց, որ առաջարկվող փոփոխությունն անընդունելի է նաեւ համակարգային եւ սահմանադրական իրավունքի տեսակետից:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հարակից զեկույցում նշեց, որ իրենք եւս դեմ են օրենսդրական փաթեթի ընդունմանը:
Քննարկումների արդյունքում հանձնաժողովը օրենսդրական փաթեթի վերաբերյալ դրական եզրակացություն չներկայացրեց:
Կարդացեք նաև
Քննարկվեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) մասնավորեցման գործընթացի, նրան հանքավայրերի շահագործման իրավունքներ տրամադրելու պայմանների, ԶՊՄԿ-ի կողմից ՀՀ-ում օրենքով սահմանված բնապահպանական չափորոշիչները պահպանելու եւ բնապահպանական վճարների կատարման, «ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի, Արծվանիկի, Սեւաքարի, Աճանանի, Չափնիի եւ Սյունիքի համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու եւ հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» կառավարության 2011 թ. ապրիլի 28-ի N 627-Ն որոշման օրինականության ուսումնասիրության վերաբերյալ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» «Ժառանգություն» խմբակցության նախաձեռնած որոշման նախագիծը: Հիմնական զեկուցող Ստյոպա Սաֆարյանը ասաց, որ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությունը պայմանավորված է Սյունիքի մարզի 5 համայնքներում 600 հա-ից ավելի հողերի շուրջ ստեղծված իրավիճակը ուսումնասիրելու, ինչպես նաեւ այդ տարածքում հանքարդյունաբերության առաջատար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) մասնավորեցման ու գործունեության օրինականության հարցերը ուսումնասիրելու հրամայականներով:
Հարակից զեկուցող Հովհաննես Սահակյանն առաջարկեց իր գործընկերներին դեմ քվեարկել որոշման նախագծին` նշելով, որ հեղինակների կողմից բերված փաստարկները հիմնավոր չեն: Ոչ դրական եզրակացության կողմնակից էր նաեւ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:
Հարցի վերաբերյալ հանձնաժողովը դրական եզրակացություն չներկայացրեց: