Այսօր՝ փետրվարի 24-ին, մահվան դեպք է գրանցվել Էրեբունի բժշկական կենտրոնում։
Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20.30-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունքում մահացավ 31-ամյա Հարություն Աղեկյանը, ում Արդարադատության նախարարության կալանավայրերի վարչության Կենտրոնական հիվանդանոցից (ՑԲ) Էրեբունի բժշկական կենտրոն էին տեղափոխել մոտ մեկ ամիս առաջ` սրտի ծայրաստիճան լուրջ հիվանդության պատճառով ։
Գ. Շամշյանը հայտնում է, որ Հ. Աղեկյանը 2010 թվականին ավազակային հարձակում կատարելու համար դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման և իր պատիժն էր կրում «Կոշ» քրեակատարողական հիմնարկում։ «Կոշ»–ում կտրուկ վատացել է երիտասարդի առողջական վիճակը, սակայն գաղութի աշխատակիցները չեն փորձել ընդառաջել նրա և հարազատների խնդրանքներին, որպեսզի երիտասարդը ստանա համապատասխան բուժում և միայն տեսնելով, որ ծայրաստիճան սրվում է նրա առողջական վիճակը, տեղափոխում են «ՑԲ», որտեղ էլ ի վիճակի չեն լինում բուժումը շարունակել։ Այդ ժամանակ նրան տեղափոխում են Էրեբունի բժշկական կենտրոն։
Մահացածի մայրը դիմում էր գրել Հանրապետության նախագահին, որպեսզի Սերժ Սարգսյանի միջամտության արդյունքում իր որդին բուժում ստանա քաղաքացիական հիվանդանոցի պայմաններում։ Հ. Աղեկյանն ամուսնացած էր՝ ուներ կին և 2 տարեկան դուստր։ Մայրը թոշակառու է, և ընտանիքը սոցիալապես անապահով է։