Այսօր Aravot.am-ը մարզային մի քանի հեռուստաընկերություններից հետաքրքրվեց՝ դուք ՀՌԱՀ-ից բանավոր հրահանգ ստացե՞լ եք, որ չլուսաբանեք կուսակցությունների քարոզարշավը: Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցությունը երեկ մի հաղորդագրություն էր տարածել, ըստ որի, իրենք մարզերից հավաստի տեղեկություններ են ստացել՝ խորհրդարանական մոտալուտ քարոզարշավի ժամանակ ՀՀ մարզային հեռուստաընկերություններին բանավոր հրահանգվել է չլուսաբանել կուսակցությունների քարոզարշավը: Ավելին` տեղական որոշ հեռուստաընկերություններ քարոզարշավը լուսաբանելու նպատակով մասնակցել են մրցույթների, շահել դրամաշնորհ, բայց հիմա նրանց արգելվում է այն իրականացնել:
Վանաձորի «Ֆորտունա» հեռուստաընկերության սեփականատեր Կարեն Արշակյանն այս առնչությամբ Aravot.am-ին վստահեցրեց, որ նման բան չի եղել. «Մենք չենք ստացել»: «Գեղամա մեդիահոլդինգի» կազմի մեջ մտնող «Քյավառ» հեռուստաընկերության տնօրեն Արմեն Գալստյանը նույնպես հավաստիացրեց. «Ոչ, մենք նման հրահանգ չենք ստացել: ՀՌԱՀ-ի հետ մենք վերջին անգամ 6 ամիս առաջ ենք հանդիպել: Համենայնդեպս, ես նման տեղեկություն չունեմ : Եթե «Գեղամա մեդիահոլդինգը» նման հրահանգ ստացած լիներ՝ ես անպայման կիմանայի, դա մեզ համար հետաքրքիր ոլորտ է, բնականաբար, մենք կիմանայինք»:
«Լոռի» հեռուստաընկերության տնօրեն Նարինե Ավետիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տեղյակ է, կարդացել է «Ժառանգության» տարածած հաղորդագրությունը: Նրա խոսքերով՝ «Ես դեռ նման հրահանգ չեմ ստացել: Մենք դեռ 10 օր ժամանակ ունենք, չէ՞, մենք դեռ նման հայտարարություն չենք ստացել: Ճիշտն ասած, սպասում եմ, որ առաջիկա օրերին թեմայի հետ կապված զարգացումներ կլինեն, հիմա դեռ ոչ մի բան չկա, մեզ դեռ չեն դիմել»: Մենք տիկին Ավետիսյանից հետաքրքրվեցինք՝ այսինքն սպասո՞ւմ եք նման հրահանգի, նա պատասխանեց. «Լրագրողի հետ եք խոսում, ես ձեր հարցի իմաստը հասկանում եմ: Ոնց սպասում եմ, սպասելը…ի՞նչ ասեմ: Չգիտեմ՝ սպասո՞ւմ եմ, թե՞ չէ»:
«Ցայգ» հեռուստաընկերության լրատվության բաժնի տնօրեն Նառա Մելքոնյանը նույնպես ասաց, որ «Ես այդպիսի հրահանգ չեմ ստացել»:
Կարդացեք նաև
Նշենք, որ «Ժառանգությունը», ԵԺԿ անդամ լինելով, հիշեցնում է, որ Բրյուսելում ԵԺԿ-ին անդամակցած իշխող ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը ստորագրել են Հռչակագիր ու ստանձնել մի շարք պարտավորություններ: Բացի այդ, «Ժառանգությունը» խոստանում է ՀՌԱՀ-ի այդ ապօրինի հրահանգի վրա հրավիրել միջազգային կառույցների եւ դիտորդական առաքելության ուշադրությունը:
ՀՌԱՀ-ից խոստացել են այդ հրահանգի հետ կապված մեզ մեկնաբանություններ տալ առաջիկայում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ