Լրահոս
Օրվա լրահոսը

Քոքոբելյան. 5 կամ 7 տոկոսանոց շեմը հաղթահարելու խնդիր չունենք

Փետրվար 24,2012 20:04

Մամուլում այսօր տեղեկություն էր հրապարակվել, թե «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցություններն արդեն որոշել են, որ ԱԺ առաջիկա ընտրություններին մասնակցելու են միասնական ցուցակով: Բայց քանի որ, ըստ այդ տեղեկատվության, այդ կուսակցություններում  հաշվարկել են, որ ընտրություններին դաշինքով մասնակցելու դեպքում  դժվար է լինելու հաղթահարել ԱԺ մտնելու համար անհրաժեշտ 7%-անոց շեմը, ուստի որոշել են, որ «ազատ դեմոկրատների» մի շարք անդամներ պետք է ընդգրկվեն «Ժառանգության» համամասնական ցուցակում: Թերթում ներկայացվել էր նաեւ այդ ենթադրյալ ցուցակի առաջին  տասը տեղերում հանգրվանած քաղաքական գործիչների անուններն ու հերթականությունը:

Aravot.am-ի հետ զրույցում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանն ասաց, թե բազմիցս նշել են եւ երբեք չեն թաքցրել, որ շփումներ ունեն «Ժառանգություն» կուսակցության հետ, եւ որ միասին տարբեր խնդիրներ են քննարկում: Քոքոբելյանը փորձում էր ձեռնպահ մնալ որեւէ մեկնաբանություն անելուց` համարելով, որ «դա անհեթեթություն, մատից հոտ քաշելով հրապարակված տեղեկություն է ընդամենը, քանի որ ո’չ առանձին-առանձին, ո’չ դաշինքով եւ առավել եւս ո’չ էլ նման միասնական ցուցակով մասնակցելու մասին որոշում դեռ չեն էլ կայացրել»:

Այդուհանդերձ, կուսակցության ղեկավարը վստահաբար ասաց, թե հրապարակված տեղեկությունն իրականությանը բացարձակապես չի համապատասխանում. «Ինչ վերաբերում է մեր եւ «Ժառանգության» միասնական հանդես գալուն, ապա այս պահին նման որոշում չկա, բայց կան երկուստեք ե’ւ շփումներ, ե’ւ քննարկումներ, եւ ես հույս ունեմ, որ դա կարող է դրական ավարտ ունենալ»:

Դիտարկմանը, թե` «Ազատ դեմոկրատներն» ու «Ժառանգությունը» հաշվարկել են, որ ընտրություններին դաշինքով մասնակցելու դեպքում ԱԺ մտնելու համար անհրաժեշտ 7%-անոց շեմը դժվար է լինելու հաղթահարել եւ որոշել են, որ ազատ-դեմոկրատներն ընդգրկվեն «Ժառանգության» ցուցակում, Քոքոբելյանն արձագանքեց.  «Այն, որ թե’ ազատ դեմոկրատները, թե’ «Ժառանգությունը» 5 կամ 7 տոկոսը հաղթահարելու խնդիր չունեն ո’չ առանձին-առանձին, ո’չ էլ միասնական դաշինքով հանդես  գալու դեպքում` մեր հանրությունն  առաջիկայում կհամոզվի: Կարծում եմ, նման տեղեկություններ շրջանառելն այն նույն սեւ PR-ի, մեր վրա ցեխ շպրտելու շարքից է, որն իրականացվում է կուսակցության ձեւավորումից ի վեր»:

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանն էլ հրապարակված տեղեկատվության վերաբերյալ կեսկատակ-կեսհեգնանքով ասաց, թե այդ տեղեկությունն «անմեկնաբանելի է». «Մենք ինչպե՞ս կարող ենք որոշել, թե մեր միասնական ցուցակն ինչպիսին կարող է լինել, եթե ազատ դեմոկրատների հետ դաշինքով կամ առանձին հանդես գալու որոշում դեռ չենք ընդունել: Այդ տեղեկությունը նույնիսկ անմեկնաբանելի է, որովհետեւ ո’չ կարող եմ հաստատել, ո’չ ժխտել, որովհետեւ նման հարց չի քննարկվել»:

Ինչ վերաբերում է մասնավորապես «Ժառանգության» «անցողիկությանը», ապա կուսակցության  ներկայացուցիչն ասաց. «Ես վստահ եմ, որ «Ժառանգությունը» առանձին հանդես գալու դեպքում 5 տոկոսանոց շեմը կարող է հաղթահարել, դաշինք կազմելու դեպքում էլ` 7 տոկոսը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829