Այսպես է գրված իմ տատի տապանաքարին
Հայրս երազ էր տեսել, արդեն 70 տարի առաջ մահացած իր մորն էր տեսել:Եկել էր եւ ոչինչ չէր ասել նայել էր լուռ եւ հեռացել:Ու հայրս որոշել էր այցի գնալ մոր գերեզմանին: Մնացածը՝ ծնվեց այս երկու տողից հետո:
Այն բարձունքը, որի գլխին իր հայրենակից քյավառցիները որոշել են կառուցել իրենց հանգուցյալների գերեզմանները, կոչել են ոչ ավելի, ոչ պակաս <Դարի գլուխ>, իհարկ, դարն այստեղ այլ միտք ունի, բայց ոնց որ հետաքրքիր է ստացվել: Զարմանալի զգացողություն է, երբ դու քո անուն-ազգանունը կարդում ես ութսունամյա վաղեմություն ունեցող տապանաքարին: Դա կարող է փոխել քո կյանքը, դա կարող է արմատապես փոխել մինչ այդ ապրածդ կյանքի ուղին: Դա քեզ համար կարող է փրկօղակի նման լինել: Քանի որ այդ բանը տեսնելով դու կհասկանաս, որ այն ամենը, ինչից վախ ես զգացել ողջ կյանքիդ ընթացքում, այնքան էլ տխուր եւ վախեցնող չէ:
…Խունկի հոտը սթափեցնող հատկություն ունի: Խնկամանը ձեռքին հայրն այս ու այն կողմ էր պտտվում տատի տապանաքարի շուրջը: Չգիտեր ուր դնի ծխացող խնկաթասը: Դրեց: Բայց դա նրա ալեկոծված միտքը չխաղաղեցրեց: Կողքի գերեզմանից ծառի չորացած ճյուղը կախվել էր մոր տապանաքարին: Հայրը փոքրիկ տղայի պես թռվռում էր էդ ճյուղը բռնելու եւ կտրելու համար: Թվաց, թե նպատակը դա է, մինչդեռ ինքը կողքից էր նայում: Իսկ կողքից նայողի համար պարզից էլ պարզ էր՝ հայրը ուզում էր չորացած ճյուղի հետ պոկել իր մեջ ալեկոծվող լացը, ուզում էր հանդարտվել: Չէր հաջողվում: Ճյուղը պոկելուց եւ հեռու շպրտելուց հետո աչքերն ավելի թաց էին: Կանգնեց մոր գերեզմանի մոտ.<Դե, ասա, ի՞նչ էիր ասում, եկել եմ>:
Տապանաքարը լուռ էր: Ինքը նայում էր հոր դեմքին: Հայրը սովոր չէր <մայր՚> բառին: Երբեք չէր ասել մայր, մամա, մայրիկ, այ մեր: Երբ մայրը ողջ էր, ինքը խոսել չգիտեր, շատ փոքր էր, իսկ երբ ինքը կարող էր խոսել՝ մայրը չկար: Ու այդ բառն իր բոլոր դրսեւորումներով հոր համար մնաց երազանք-բառ, մնաց որպես ուրիշների բառ, իր համար՝ անհասանելի եւ ամենադժվար բառ: Ինքը նկատել էր. հորեղբայրը, ով մի քիչ ավելի մեծ էր՝ ութ տարեկան, երբ մայրը հեռացել էր իրենցից, արդեն հասուն տարիքում իրեն՝ եղբոր աղջկան միայն այդպես էր դիմում՝ <մերս՚>: Իրենց մոր անունն էին դրել մի նվազ աղջնակի վրա երկու հասուն տղամարդ եւ հոգու խորքում այդ աղջնակի մեջ սիրում էին իրենց մորը: Երբ հորեղբայրն իրեն ասում էր՝ <մերս՚> հորը դուր էր գալիս: Բայց ոչ մի անգամ ինքն անձամբ իր աղջկան չասաց՝<ՙմերս՚> թեպետ կողմնակի ճանապարհով ասում էր. <Հորեղբայրդ քեզ ո՞նց է ասում՝ մերս՚>:
Հիմա էլ, Մարգաիտ տատի պատանաքարի առաջ կանգնած հայրը չասաց. <Այ մեր, ի՞նչ էիր ասում, եկել եմ, ասա՚> Չասաց ու փլվեց: Ասեր էլ՝ փլվելու էր: Փլվելու էր ներս՝ տարիների կարոտը խեղդելով:
Ու հոր որբությունը դուրս թափվեց մի քանի թանկագին արցունքի հետ: