Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային ժողովի պատգամավորի գործարանում հոկտեմբերից չեն վճարում աշխատավարձերը (տեսանյութ)

Փետրվար 24,2012 18:12

Երեկվանից՝ փետրվարի 23-ից, Արագածոտնի մարզի Օշական գյուղում գտնվող «Աշտարակյան գինիներ» կոչվող «Գրեյթ Վելի» գործարանի մոտ են հավաքվել 50-ից ավելի աշխատակիցներ։ Ինչպես Օշականից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատակիցներն իրենց բողոքն են հայտնում այն կապակցությամբ, որ անցած տարվա հոկտեմբերից չեն կարողանում ստանալ իրենց աշխատավարձերը։

Աշխատողները հիմնականում բանվորներ և կոնյակի շշալցման արտադրամասի աշխատակիցներ են։ Խաբված աշխատակիցները ցանկացել են հանդիպել գործարանի սեփականատեր համարվող Վարսիկ Գրիգորյանի հետ, որն Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի մայրն է։ Աշխատակիցներից միայն մեկին է հաջողվել հանդիպել Վարսիկ Գրիգորյանի հետ և նրանից խնդրել, որ մինչև աշխատավարձը տալը գոնե 20000 դրամ իր աշխատավարձի պարտքից վճարեն, որպեսզի ինքը կարողանա վճարել տան գազի, լույսի դիմաց առաջացած պարտքը, սակայն Վ. Գրիգորյանը մերժել է նաև այդ տարբերակը։

Այսօր բողոքավոր աշխատակիցները փորձել են նաև գրավոր դիմումը ներկայացնել տնօրինությանը, սակայն կադրերի բաժնում պատասխանել են, որ «դուք պետք է դիմում գրեք, որ խախտել եք աշխատանքային կանոնները, նոր մի բան կմտածենք»։ Աշխատակիցները չեն համաձայնվել նրանց ասածներին, իսկ կադրերի բաժնում էլ հրաժարվել են ընդունել դիմումը։

Աշխատակիցները ֆոտոլրագրողին հայտնել են, որ պայքարելու են այնքան ժամանակ, մինչև վճարվի իրենց օրինական աշխատավարձը, հակառակ դեպքում, բոլորով գալու են Երևան և կատարվածի մասին տեղեկացնելու են ՀՀ նախագահին և վարչապետ Տիգրան Սարգսյանին։

Գործարանի մոտ հավաքվածները նաև պատմում են, որ, ըստ պայմանագրի, կանայք օրեկան ստանում են 3000, իսկ տղամարդիկ՝ 4000 դրամ օրավարձ, ու հիմա, քանի որ մարդիկ իրենց աշխատավարձը չստանալու համար հրաժարվում են կատարել աշխատանքներ, նրանք ինչ–որ մարդկանց են բերել աշխատանքի, ըստ հավաքվածների՝ խոստանալով նրանց 5000 դրամ։

Գործարանում հրաժարվեցին պատասխանել ֆոտոլրագրողի հարցերին։ Միջին տարիքի մի տղամարդ, որն, ըստ հավաքվածների, պահակապետն էր, ձեռքը թափ տալով, թե ներսում պատասխանատուներ չկան՝ հեռացավ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829