Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ էկոլոգիական հանձնաժողովի հայտարարությունը

Փետրվար 24,2012 18:05

Հաշվի առնելով, որ հանքարդյունաբերական գործունեության հետևանքով շրջակա միջավայրին պատճառվող վնասները ներառում են մեր երկրին սպառնացող էկոլոգիական վտանգների հիմնական մասը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Ամուլսարի շահագործման իրավունք ստացած «Գեոթիմ» ընկերությունն իր անհամաձայնությունն է հայտնել Կոնգրեսի էկոլոգիական հանձնաժողովի մշակած Էկոլոգիական անվտանգության հայեցակարգում արտահայտված դրույթների,  հանձնաժողովը հարկ է համարում առանձնակի կերպով ընդգծել Կոնգրեսի էկոլոգիական անվտանգության հայեցակարգով որդեգրված որոշ մոտեցումներ:

1. Պետք է ստեղծել Հայաստանի ամբողջ տարածքի էկոլոգիական աշխարհագրական-տեղեկատվական քարտեզ` էկոցանց: Որպես էկոցանցում ներառված էկոլոգիական գոտիներ, պետք է նպատակային հաշվառման վերցվեն ՀՀ այն տարածքները, որոնք կազմում են երկրի բուսական և կենդանական աշխարհի կարևոր բաղադրիչներ, ինչպես նաև այն գոտիներն ու էկոլոգիական միավորները, որոնց բնառեսուրսային պայմանները բարենպաստ են էկոլոգիապես մաքուր տնտեսական գործունեությամբ զբաղվելու համար (բոլոր անտառները, ռազմավարական ջրային ռեսուրսներն ու խոնավ տարածքները, առողջարանային և հանգստի, ինչպես նաև գյուղատնտեսության զարգացման համար առանձնացված գոտիները և այլն): Պետական և համայնքային անտառների զանգվածային հատումը արտադրական, այդ թվում` հանքի շահագործման նպատակով պետք է անվերապահորեն բացառվի:

2. Էկոլոգիական գոտիների համար պետք է սահմանվի դրանց նպատակային նշանակությունից բխող իրավական կարգավիճակ: Նշված վայրերում պետք է արգելվի այդ տարածքների նպատակային նշանակության հետ անհամատեղելի, էկոլոգիապես ոչ մաքուր տնտեսական գործունեությունը: Ընդերքօգտագործման և այլ գործունեության հետևանքով էկոլոգիական գոտիներին և դրանց անմիջապես հարակից` բուֆերային գոտուն, չպետք է պատճառվի անհամաչափ էկոլոգիական կամ տնտեսական վնաս:

3. Որպես առկա և տնտեսական արժեք ունեցող կապիտալ, բնության բաղադրիչները պետք է գնահատվեն ըստ իրենց շուկայական արժեքի` հիմք ընդունելով այդ բաղադրիչների բնականոն ֆունկցիաներից ստացվող տնտեսական օգուտը: Շրջակա միջավայրին վնաս պատճառող գործունեություն իրականացնելու պարագայում ձեռնարկողը պետք է քաղաքացիական իրավահարաբերությունների շրջանակներում ամբողջությամբ փոխհատուցի պատճառվելիք տնտեսական վնասի շուկայական արժեքը` ներառյալ բաց թողնված օգուտը:

Ներկայումս ՇՄԱԳ-ի շրջանակներում էկոլոգիական վնասի տնտեսական հաշվարկ չի կատարվում, բնության բաղադրիչներին պատճառած վնասի դիմաց ձեռնարկողը չի վճարում, ինչի արդյունքում անխնա կերպով ոչնչացվում են ամբողջական էկոհամակարգեր անգամ այն դեպքում, երբ նախատեսվող գործունեությունից ստացվող շահույթը անհամեմատ ավելի փոքր է բնությանը պատճառվող վնասի տնտեսական արժեքից: Օգտագործվող բնական պաշարները, սակայն, հանդիսանում են կապիտալ, որոնք պետք է հաշվարկվեն ոչ թե կադաստրային, այլ շուկայական գնով, քանի որ ընդերքի օգտակար հանածոների արժեքը որևէ նախապատվություն չունի արդեն իսկ առկա այլ կապիտալի` հողերի, ջրերի, կենդանական ու բուսական աշխարհի և այլ բնական ռեսուրսների նկատմամբ: Որպես առկա և տնտեսական արժեք ունեցող կապիտալ, բնության բաղադրիչները պետք է գնահատվեն ըստ իրենց շուկայական արժեքի` հիմք ընդունելով այդ բաղադրիչների բնականոն ֆունկցիաներից ստացվող տնտեսական օգուտը (օրինակ` անտառն ունի ջրապահպան, ածխաթթու գազի կապման ֆունկցիաներ, արտադրում է թթվածին, անտառային կողմնարտադրանք և այլն): Պետք է մշակվեն էկոլոգիական վնասի տնտեսական հաշվարկման չափանիշներ: Շրջակա միջավայրին վնաս պատճառող գործունեություն իրականացնելու պարագայում ձեռնարկողը պետք է քաղաքացիական իրավահարաբերությունների շրջանակներում ամբողջությամբ փոխհատուցի պատճառվելիք տնտեսական վնասի շուկայական արժեքը` ներառյալ բաց թողնված օգուտը:

4. Օֆշորային գոտիներում գրանցված և բնական պաշարների շահագործման հետ կապված տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպությունները Հայաստանում գործող այլ տնտեսվարող սուբյեկտների հետ հավասար պայմաններում իրենց տնտեսական գործունեության վերաբերյալ պետք է տրամադրեն ամբողջական տվյալներ և հաշվետվություններ:

5. Հաշվի առնելով, որ ազդակիր համայնքների բնակչությունը հիմնականում չի տիրապետում էկոլոգիական վտանգների վերաբերյալ գիտելիքներին` հանրային լսումները պետք է անցկացվեն հասարակության էկոլոգիապես կոմպետենտ հատվածի պարտադիր մասնակցությամբ (բնապահպանական հասարակական կազմակերպություններ, անկախ փորձագետներ և այլն): Էկոլոգիական վտանգներին լիարժեք գնահատական տալու համար բացի ազդակիր համայնքից հանրային լսումներին պետք է մասնակցի “շահագրգիռ հասարակությունը”, որը Հանրապետության ամբողջ բնակչությունն է` ինստիտուցիոնալիզացված տեսքով (բնապահպանական հասարակական կազմակերպություններ, արհեստակցական միավորումներ և այլն):

6. Օրհուսի կոնվենցիայով ամրագրված` որոշումների կայացմանը հասարակության մասնակցությունն իմաստավորելու համար պետք է ներդրվի տեղական հանրաքվեի և հարցման իրավական պրակտիկա, իսկ հասարակությունը (ազդակիր համայնքը) շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ հարցերի շուրջ որոշումների կայացման ժամանակ պետք է որոշիչ ձայնի իրավունք ստանա: Շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության հնարավոր ազդեցության ենթակա մարզի (մարզերի), համայնքի (համայնքների) բնակչությունը պետք է իրավունք ունենա տեղական հանրաքվեի միջոցով արգելելու նախատեսվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող գործունեությունը` անկախ այն բանից, թե մասնագիտական կամ փորձաքննական հաշվարկներով այդ գործունեությունն ինչ չափի վնասակար ազդեցություն կարող է ունենալ համայնքի համար:

7. Շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերող նյութական և դատավարական իրավունքների շրջանակներում շահագրգիռ հասարակությունը պետք է բնապահպանական հարցերի վերաբերյալ ունենա օրենքով երաշխավորված` դատարան դիմելու իրավունք: Ազդակիր համայնքի անդամներն այդ իրավունքից կարող են օգտվել ինչպես անհատապես, այնպես էլ խմբակային, իսկ շահագրգիռ հասարակությունը հասարակական կազմակերպությունների և այլ հավաքական կառույցների միջոցով, որոնց կանոնադրական նպատակների մեջ մտնում է բնապահպանությունը:

Կոնգրեսի էկոլոգիական հանձնաժողովը հանքարդյունաբերության ոլորտում իրականացվող գործունեության թույլատրելիությունը դիտարկում է վերը նշված նվազագույն չափանիշների լույսի ներքո: Այս առնչությամբ հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի մի շարք վայրերում նախատեսվող հանքարդյունաբերական գործունեությունը անհամատեղելի է տվյալ տարածքների տնտեսական զարգացման հեռանկարների, ժողովրդագրական վիճակի, ստրատեգիական ջրային ռեսուրսների հնարավոր աղտոտման և սեյսմիկ անվտանգության ռիսկերի տեսանկյունից:

Հայաստանի գործող կառավարությունը զբոսաշրջությունը և հանքարդյունաբերությունը միաժամանակ հռչակել է Հայաստանի տնտեսության գերակա ճյուղեր: Գործող ռեժիմի համար այսպիսի անլուրջ և անպատասխանատու պահվածքը վաղուց դարձել է օրինաչափ գործելաոճ: Կառավարության որոշումներով Ջերմուկը պաշտոնապես վերածվելու է առողջարանային դրախտավայրի, Գյումրին հռչակվել է տարածաշրջանի մշակութային, սպորտի և կրթական կենտրոն, իսկ Դիլիջանը` տարածաշրջանային բանկային կենտրոն:

Կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 1064-Ն որոշմամբ Ջերմուկը հայտարարվել է զբոսաշրջության կենտրոն, իսկ 2010 թվականին ընդունել է «Ջերմուկ քաղաքի զարգացման 2009-2012 թվականների ռազմավարություն» ծրագիրը, որով նախատեսվում է քաղաքի քաղաքաշինական և տնտեսական զարգացում տարբեր ուղղություններով: Սրա հետ մեկտեղ, Ջերմուկի առողջարանային գոտուն անթույլատրելի հեռավորության վրա նախատեսվում է բաց եղանակով շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը, որը զուգորդվելու է պայթեցումներով և անխուսափելիորեն բացասական ազդեցություն է ունենալու Ջերմուկի առողջարանային գոտու էկոլոգիական վիճակի և տնտեսական ցուցանիշների վրա:

Նախատեսված բացահանքի անմիջական ազդեցության գոտում են գտնվում ռազմավարական նշանակության ջրային օբյեկտներ` Հայաստանում իր մեծությամբ երկրորդը համարվող` Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարները: Այդ նույն հատվածով Արփա և Որոտան գետերի ջրերը Արփա-Սևան թունելի միջոցով հասցվում են Սևանա լիճ: Ջրերի մեջ ռադիացիայի մակարդակի հնարավոր աճը անհամաչափ մեծ վտանգներ է պարունակում ողջ երկրի համար` սպառնալով Սևանա լճի էկոհամակարգին: Սրան գումարած` Ջերմուկի բնակչությունն ակնհայտորեն բացասաբար է վերաբերվում Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրին, որի իրականացման դեմ արդեն իսկ հավաքվել են բնակիչների հազարավոր ստորագրություններ: Կոնգրեսի էկոլոգիական հայեցակարգը, ի թիվս մյուս նախապայմանների, նախատեսվող գործունեության կապակցությամբ ազդակիր համայնքի որոշումը համարում է վերջնական, որը կարող է արտահայտվել պաշտոնական հարցման կամ տեղական հանրաքվեի միջոցով, ինչը չի իրականացվել:

Հանրապետությունով մեկ թափ հավաքած հանքարդյունաբերական տենդը սպառնում է նաև առողջարանային և հանգստի այլ գոտիներին, այդ թվում` Ծաղկաձորին, Հանքավանին, Աղվերանին, Ստեփանավանին, Տաթևին, Սևանա լճի ավազանին և այլ վայրերին:

Հիմնվելով Հայ Ազգային Կոնգրեսի էկոլոգիական հայեցակարգում ներկայացված սկզբունքների վրա` մենք անընդունելի ենք համարում Հայաստանի առողջարանային և հանգստի գոտիներում, զբոսաշրջության և Հայեցակարգով ներկայացված այլ տարածքներում իրականացվող գործունեության այն տեսակները, որոնք շրջակա միջավայրին անհամաչափ մեծ վնաս պատճառելու վտանգներ են պարունակում` դրանով վնասելով երկրի երկարաժամկետ տնտեսական զարգացմանը: Վարչախմբի նմանօրինակ գործելաոճի հետևանքով Հայաստանի գործող իշխանությունները կարճ ժամանակահատվածում երկիրի ողջ տարածքը կվերածեն ապրելու համար ոչ պիտանի, մեռյալ գոտիների: Միայն ժողովրդի կողմից ընտրված և հասարակությանը հաշվետու իշխանությունն է ի վիճակի մշակել և գործնականում իրականացնել երկրի տնտեսության զարգացման համար երկարաժամկետ ու հեռանկարային ծրագրեր:

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ

ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829