«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունում նախընտրական ցուցակը դեռ չի կազմվել, քննարկումներն ընթանում են, սակայն ոչինչ դեռ հստակ չէ: Անգամ վերջնական որոշված չէ, թե ով է լինելու ցուցակի առաջին հորիզոնականում: Ըստ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի, որն այս մասին խոսում էր այսօր «Ի՞նչ սկզբունքներով են կազմվում նախընտրական ցուցակները» թեմայով քննարկման ժամանակ, տրամաբանական եւ բնական է, որ լինի կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, սակայն, քանի որ իրենց կուսակցությունն անձնակենտրոն եւ անհատապաշտ չէ, չի բացառվում, որ կուսակցության ղեկավարը չլինի առաջինը, այլ, ասենք, Ալեքսանդր Արզումանյանը կամ Արարատ Զուրաբյանը:
Չի բացառվում նաեւ, որ «Ազատ դեմոկրատները» «Ժառանգություն» կուսակցության հետ հանդես գա միասնական ցուցակով: Քանի դեռ ոչինչ հստակ որոշված չէ` տիկին Սեդրակյանը ոչինչի չբացառեց, բայց միեւնույն ժամանակ մի քանի անգամ շեշտեց, որ կուսակցությունում քննարկվում է ցուցակի հարցը, իսկ «Ժառանգության» հետ` տարբեր հարցեր, որոնց շուրջ կարելի է հանդես գալ միասնական դիրքերում:
Ինչ վերաբերում է թերթերից մեկում արդեն իսկ հրապարակված «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» միասնական ցուցակին, ապա, ըստ տիկին Սեդրակյանի, ինքը չի կարող ֆիկտիվ բան մեկնաբանել, թեեւ որպես լրագրող հասկանում է այդ հրապարակման նպատակը` «մի վերսիա մատուցել եւ տեսնել, թե ինչպես են մարդիկ խոսում դրա մասին, քննարկում»: Նա նաեւ նկատեց, որ եթե դեռ չեն եղել ոչ «Ժառանգության», ոչ «Ազատ դեմոկրատների» համագումարները, հրապարակ հանել միասնական ցուցակի թեզը` մեղմ ասած ոչ գրագետ է: