Եվրամիության ընդարձակման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ Սերբիան եւ Կոսովոյի ալբանական իշխանությունները պայմանավորվածություն են ձեռք բերել սահմանային խնդիրների եւ բալկանյան տարածաշրջանային տարբեր ֆորմատի հանդիպումներում Կոսովոյի մասնակցության վերաբերյալ:
Ֆյուլեն ասել է, որ ձեռք բերված համաձայնությունը «մեծ առաջընթաց է» Սերբիայի` Եվրամիության անդամակցության թեկնածու ճանաչելու վերաբերյալ որոշում կայացնելու նախաշեմին:
Թեեւ Սերբիան շարունակում է հրաժարվել ճանաչել Կոսովոյի անկախությունը, Բելգրադը, այնուամենայնիվ, համաձայնել է բանակցել եւ պայմանավորվածություններ ձեռք բերել Պրիշտինայի ալբանական իշխանությունների հետ:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում Եվրահանձնաժողովը նաեւ առաջարկում է ուսումնասիրել Կոսովոյին եւս Եվրամիության անդամություն շնորհելու բանակցություններ սկսելու հնարավորությունը: Այս խնդիրը, սակայն, խիստ հակասական է, քանի որ ԵՄ-ի 27 անդամներից 5-ի մինչ այժմ չեն ճանաչում Կոսովոյի անկախությունը: