Հինգշաբթի տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստում արդյոք քննարկվեց կուսակցության համամասնական ցուցակը եւ կա՞ն որոշ մանրամասներ ՀՀԿ համամասնական ցուցակի մասին:Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ: Ի պատասխան մեր հարցերի, պարոն Շարմազանովն ասաց. «Սիրով, պաշտոնապես հայտարարեմ, որ Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է Սերժ Սարգսյանը եւ դժվար հասկացողների համար, ովքեր այլ բան էին ակնկալում, ասեմ, որ այդպես էլ պետք լիներ եւ ցուցակը պետք է գլխավորի Սերժ Սարգսյանը, որովհետեւ կա դասական քաղաքական մոտեցում, ըստ որի, կուսակցությունների համամասնական ընտրական ցուցակները գլխավորում է կուսակցության լիդերը: Սերժ Սարգսյանը մեր առաջնորդն է եւ մեր կուսակցության բոլոր բարեփոխումները կապված են նրա հետ , մեր կուսակցությունը վճռական է նախագահ Սարգսյանի գլխավորությամբ գնալ բարեփոխումների, գնալ առաջ եւ հաջողությունների հասնել նաեւ առաջիկա ընտրություններում»:
Այլ մանրամասներ , թե կուսակցության ցուցակում ովքեր կլինեն կամ ոչ՝ մեր զրուցակիցը չհայտնեց. «Թե ովքեր կլինեն եւ ովքեր չեն լինի, չասեմ, բայց կասեմ հստակ սկզբունքը, ըստ որի կկազմվի կուսակցության ցուցակը: Կուսակցությունը շուտով ավարտուն տեսքի կբերի նախընտրական ծրագիրը, որը լինելու է համակարգային բարեփոխումների եւ փոփոխությունների ծրագիր եւ կուսակցության ցուցակում կլինեն այն գործիչները, որոնք իրենց գաղափարական գործունեությամբ եւ կարողություններով պատրաստ կլինեն իրականացնել այդ բարեփոխումները թե գործադիր մարմնում եւ թե օրենսդիր մարմնում, հենց նրանք էլ կլինեն մեր կուսակցության համամասնական ցուցակում: Այլ սկզբունք չի կարող լինել: Սկզբունքը դրված է՝ ովքեր կարող են իրականացնել բարեփոխումները, նրանք էլ կլինեն ցուցակում»:
Այս օրերին որոշ վերլուծություններ են ներկայացվում, թե կուսակցության ցուցակը կազմվելու է ըստ որոշ գործիչների ունեցած քվոտաների, ամեն մեկի քվոտայի չափով: Պատասխանելով «Առավոտի» հարցին՝ իրոք կա՞ նման բան, ՀՀԿ մամուլի խոսնակն ասաց. «Ես ծանոթ եմ Ձեր նշած՝ այդ այսպես կոչված վերլուծություններին եւ ուզում եմ ասել, որ դրանք պարզապես ծիծաղելի են, չկա նման բան եւ չի էլ կարող լինել: ՀՀԿ-ն կայացած քաղաքական ուժ է եւ ոչ թե ՍՊԸ, իսկ քվոտավորումը բնորոշ է հենց ՍՊԸ-ներին եւ այն քաղաքական ուժերին ու գործիչներին, որոնք առաջնորդվում են ՍՊԸ-ի տրամաբանությամբ: Առնվազն ծիծաղելի են այդ կարգի վերլուծությունները եւ դրանց հեղինակները հաստատ քաղաքական իրողություններից դուրս են»:
Մարգարիտ ԵՍԱՅԱՆ
Կարդացեք նաև
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»