«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հայ սուպերսթար» նախագծի 3-րդ գալա համերգին հնչեցին 1960-1970-ական թվականների սիրված երգերը՝ համապատասխան մթնոլորտով ու հանդերձանքով: Դա արժանացավ ժյուրիի եւ բոլորի համակրանքին:
«Ով սիրուն, սիրուն», «Կարուսել», «Դու հեռացար», «Քեզ հետ, իմ սեր», «Հայկական տանգո», «Ծաղիկներս ու՞մ նվիրեմ» եւ այլ երգերը հնչեցին 90-ականների սերնդի շուրթերից՝ այլ մատուցմամբ ու գործիքավորմամբ:
Այս անգամ նախագիծը նաեւ հյուր ուներ՝ երգահան Մարտին Ահարոնյանն էր: Նա մասնակիցների կատարումների մասին խոսելիս զուսպ էր, բայց գնահատականները հիմնականում բարձր էին:
Ժյուրին նախորդ անգամների նման խստությամբ էր վերաբերվում մասնակիցներին, Գարիկ Պապոյանը Արմեն Մարդանյանից պահանջում էր «հավեսով», «ավելի դուխով» կատարում, Ավետ Բարսեղյանն էլ Ռիմա Ֆարսյանին հորդորում էր՝ պետք չեն «բուրատինոյական» ժեստեր: Ժյուրիի անդամների կարծիքով ամենահաջողվածը Սոնա Ռուբենյանի «Դու հեռացար» երգի կատարումն էր: Լեյլա Սարիբեկյանը այն գնահատեց «արտակարգ», Անդրեն ասաց, որ վերջապես Սոնայի կատարմամբ լսեց հայալեզու երգ, Գարիկ Պապոյանն էլ, թե՝ «խզարեցիր»:
Ժյուրիին չգոհացրեց ԷլիզաբեթԱդիկյանի «Քեզ հետ, իմ սեր» երգի նոր գործիքավորումը. Լեյլա Սարիբեկյանը չհուզվեց, չհասկացավ կատարման իմաստը, Ավետն էլ Էլիզաբեթի «նորարությունը» բարձր գնահատեց: Մասնակիցներից Արթուր Մացակյանը իր ելույթը սկսեց «ֆիրմային» «Բարեւ Ձեզ»-ով, հետո հաճոյախոսեց՝ «Բոլորդ այսօր գեղեցիկ եք»: Նրա «Հայկական տանգո» երգի կատարումը, չնայած արժանացավ հանդսատեսի բուռն ընդունելությանը, սակայն ժյուրին բարձր չգնահատեց: Ժյուրիի անդամ Գարիկ Պապոյանի ձեւակերպմամբ, լուրջ երգը՝ անլուրջ վերաբերմունքով էր կատարվում: Արաքսյա Ամիրխանյանը երգեց «Ծաղիկներս ու՞մ նվիրեմ» երգը, ձեռքի ծաղիկներից մեկն էլ վերջում նվիրեց հաղորդման վարող Արամին: Չնայած նրա լավ ելույթին՝ ժյուրին պահանջեց ավելի լավ կատարում:
Բոլոր մասնակիցները հուզված էին, շփոթված, բայց ժյուրիի ասածների հանդեպ ուշադիր էին ու խոստանում էին նկատառումները հաշվի առնել՝ հաջորդ համերգին ավելի լավ «մարզավիճակով» հանդես գալու համար:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ