Լրահոս
Օրվա լրահոսը

Մերուժան Տեր-Գուլանյան. «Երևի գրողական ոգևորություն էր»

Փետրվար 24,2012 16:40

Երեկ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման ընթացքում գրող, հրապարակախոս, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ Մերուժան Տեր-Գուլանյանը հայտարարեց, որ ուղիղ եթերի գալուց առաջ զանգահարել և պարզել է, որ քիչ առաջ տեղի ունեցած քաղաքաշինության նիստում, որին մասնակցել է նաև Երևանի գլխավոր ճարտարապետը՝ որոշվել է, որ Մաշտոցի պուրակում տաղավարներ չպետք է կառուցվեն, դա սխալ է։

Սակայն քաղաքապետարանը պարզաբանեց, որ ոչ մի քաղաքաշինության նիստ էլ տեղի չի ունեցել: Այսօր Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության համաձայն էլ՝ «Իրականացվող քաղաքաշինական գործունեությունն անօրինական համարելու և այն դադարեցնելու հիմքեր չկան»:

Aravot.am-ը Մերուժան Տեր-Գուլանյանի հետ զրույցում փորձեց պարզել, երեկ ինքն ի՞նչ քաղաքաշինության նիստի և որոշման մասին էր խոսում: Նա պատասխանեց. «Տեղյակ եմ այդ ամենին: Երեկ եթերից առաջ վերջին պահին զանգեցի Հանրային խորհրդի ճարտարապետների ենթահանձնաժողովից Գրիգոր Ազիզյանին՝ հարցի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար: Նա արագ պատասխանեց, և ինձ թվացթե քաղաքապետարանում չի հաստատվելու տաղավարների կառուցման որոշումը: Բայց պարզվեց, որ այնքան էլ այդպես չէ: Երևի ներքին ցանկությունս էր, որ հարցն այդպիսի լուծում ստանա, կամ գրողական ոգևորություն»:  

Գրողից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս կմեկնաբանի քաղաքապետարանի կայացրած որոշումը: Պարոն Տեր-Գուլանյանը պատասխանեց. «Ըստ օրենքի՝ քաղաքապետարանը ճիշտ է, քանի որ եթե մարդկանց հետ ժամանակին պայմանագիր է կնքվել, այդ պայմանագիրը պիտի պահել: Բայց արդյոք ճի՞շտ է գլխավոր պողոտայի վրա տեղավորել այդ կրպակները: Դա ճիշտ չէ: Քաղաքապետարանը պիտի համոզի, հորդորի նրանց այդ կրպակներն այլ տեղ կառուցել: Թե չէ ոչ մի տարբերություն չկա, դրանք Աբովյան փողոցի վրա էին, թե գլխավոր պողոտայի»:  

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829