Այսօր Aravot.am-ը ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե իր երեխաները «քաշե՞լ» են իրեն, իր պես կարդացա՞ծ են: Վահան Հովհաննիսյանը վստահեցրեց որ նրանք ամբողջությամբ «քաշել» են իրեն:
Վահան Հովհաննիսյանի աղջիկը` Աննան, սովորել է Տնտեսագիտական համալսարանում: Ինչպես գիտենք, ԿԲ նախկին ղեկավար Բագրատ Ասատրյանը, որը դասավանդում է այդ բուհում, ասել էր, որ «Սաշիկի (նկատի ուներ Սաշիկ Սարգսյանին) տղան, Վահանի աղջիկը դասի չեն եկել` դիպլոմ են ստացել»: Այս առնչությամբ պարոն Հովհաննիսյանին հարցրինք, թե նա իր կապերով, որեւէ կերպ միջամտություններ արե՞լ է աղջկա սովորելու ընթացքում. «Երբեք, բացարձակապես չեմ արել»,– վստահեցրեց պարոն Հովհաննիսյանը:
Մենք նաեւ փորձեցինք ճշտել` Սաշիկ Սարգսյա՞նն էլ միջամտություներ չի արել` հարսի սովորելու ընթացքում ու պարոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Վստահաբար` ոչ, բայց ես այդքան տեղյակ չեմ, թե նա ինչ է արել, մանավանդ, որ իմ աղջիկն իր հարսը չի»:
Ինչ վերաբերում է Բագրատ Ասատրյանի դասերին, Վ. Հովհաննիսյանի մեկնաբանությամբ` «Նրա դասերին թերեւս չի եկել, որովհետեւ մենք շատ լավ գիտենք, թե նա ինչ տեսակի Կենտրոնական բանկի կառավարիչ էր, եւ թե նա էկոնոմիկայի, ֆինանսների բնագավառում ինչ գիտելիքներ կարող է ունենալ: Իմ դուստրը ինքնուրույն մարդ է, եւ ինքն է որոշել, թե ինքը որ դասերին գնա, որին չգնա: Այս դեպքում, կարծում եմ, չի սխալվել: Բայց ինքը մի բան ճիշտ է ասել, քննությունը հանձնելիս հանձնել են դեկանին, եւ ոչ թե իրեն, որովհետեւ ընտանեկան պատճառներով Հայաստանում չէր գտնվում, ուշ է եկել, եւ հանձնել է դեկանին: Իմիջիայլոց, դրանից հետո իր մագիստրատուրան անցնելու համար ընդունվել է շատ լուրջ, շատ բարձր պրեստիժ ունեցող մի բուհ` իր ուժերով, որտեղ փողով կամ ծանոթով չեն ընդունում եւ որտեղ բագրատասատրյանները չեն դասավանդում: Ընդունվել է իր ուժերով, եւ այնքան լավ, որ ընդունվել է անվճար»:
Կարդացեք նաև
Պարոն Հովհաննիսյանը նշեց նաեւ, որ քաղաքական հակառակորդին փորձել հարված հասցնել` օգտագործելով իր ազգականների անունները, ամենաստոր զբաղմունքն է. «Ես երբեք նման բան ինձ թույլ չեմ տա՝ թեեւ կարող եմ շատերի մասին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ