Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպանների դիմումը ՍԴ-ին

Փետրվար 24,2012 16:26

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ

Գագիկ Հարությունյանին

«Էկոդար» հասարակական կազմակերպություն

հասցե` քաղաք Երեւան, Արշակունյաց 2ա

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»

հասարակական կազմակերպություն

հասցե` քաղաք Երեւան, Այգեստան 9-րդ փողոց, տուն 6

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն

Դիմում

Խնդրում ենք սահմանադրական դատարանի շրջանակներում կազմակերպել գիտական քննարկում էկոլոգիական իրավահարաբերություններին առնչվող հետեւյալ հիմնախնդիրների վերաբերյալ`

1. Հայաստանի կողմից Օրհուսի, Էսպոյի կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների իրավական բնութագիրը` ըստ այդ պայմանագրերի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշման.

2. Ազգային ժողովի կողմից 06.02.2012թ. ընդունված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի (հետայսու` ՇՄԱՓ օրենք) համապատասխանությունը Օրհուսի եւ Էսպոյի կոնվենցիաներին.

3. Թիվ ACCC/C/2004/08 եւ թիվ ACCC/C/2009/43 հաղորդումների առնչությամբ Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի (հետայսու` Օրհուսի կոմիտե) որոշումների կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության պարտավորությունների շրջանակները (redress and remedy).

4. Օրհուսի կոնվենցիայի ձախողման վերաբերյալ Կոմիտեի որոշումից բխող պարտավորությունների ծավալը, եւ այդ պարտավորությունները չկատարելու դեպքում հասարակության իրավունքները` անմիջական ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության սկզբունքների իմաստով.

5. ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ՍԴՈ-906 որոշմամբ “actio popularis” ինստիտուտի կիրառման վերաբերյալ սահմանադրական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշման մեկնաբանման համարժեքությունը:

 

Փաստեր, որոնք հիմնավորում են մարդու էկոլոգիական իրավունքների կապակցությամբ Հայաստանի միջազգային պարտավորությունների իրականացման շուրջ սահմանադրական դատարանում քննարկում անցկացնելու անհրաժեշտությունը.

 

26.12.2000թ. ՍԴՈ-269 որոշմամբ սահմանադրական դատարանը որոշում է կայացրել «Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիայում (հետայսու` Օրհուսի կոնվենցիա) ամրագրված պարտավորությունների` ՀՀ Սահմանադրականությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:

ՀՀ սահմանադրական դատարանի որոշման համաձայն` Օրհուսի կոնվենցիայով Հայաստանը ստանձնել է մի շարք պարտավորություններ, մասնավորապես` ապահովել շրջակա միջավայրին առնչվող որոշումների ընդունմանը հասարակության մասնակցությունը, ապահովել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների անշեղ իրականացումը: ՍԴՈ-269 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտվել այն մասին, որ պետությունը պարտավոր է ներպետական օրենսդրության շրջանակներում ապահովել արդարադատության համակարգի միջոցով Կոնվենցիայով նախատեսված անձանց խախտված իրավունքների առավելագույն հեշտացված հնարավորություն, ընդհուպ` արդարադատության մատչելիության ֆինանսական կամ այլ խոչընդոտների վերացման կամ նվազեցման համապատասխան համակարգի ստեղծումը: Վերը նշված իրավունքներից օգտվում են նաեւ Օրհուսի կոնվենցիայի իմաստով «շահագրգիռ հասարակություն» համարվող կազմակերպությունները: Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` շրջակա միջավայրի պահպանության հարցերով զբաղվող եւ ազգային օրենսդրությամբ ներկայացվող պահանջներին համապատասխանող ոչ կառավարական կազմակերպությունները համարվում են շահագրգիռ կազմակերպություններ:

07.09.2010թ. ՍԴՈ-906 որոշմամբ սահմանադրական դատարանը, հիմնվելով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.10.2009թ. թիվ ՎԴ/3275/05/08 որոշմամբ արտահայտված դիրքորոշման, ինչպես նաեւ “actio popularis” ինստիտուտի իրավական բնորոշմանն ու կիրառմանն առնչվող միջազգային փորձի ուսումնասիրման վրա, արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ հասարակական կազմակերպություններին հնարավորություն է ընձեռվում հանդես գալու որոշակի խմբի կոլեկտիվ իրավունքների պաշտպանությամբ, եթե այդ պաշտպանությունը տվյալ հասարակական կազմակերպության կոնկրետ նպատակների շրջանակներում է: Յուրովի մեկնաբանելով ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը որոշեց, որ հասարակական կազմակերպությունը չի կարող այլ անձանց շահերի պաշտպանության հայցով դիմելու դատարան` անկախ նրանից, թե ինչպիսի կանոնադրական նպատակներ է հետապնդում:

16.03.2011թ. ՎԴ/3432/05/10 գործով ՀՀ վճռաբեկ դատարանը “action popularis” սկզբունքի կիրառման վերաբերյալ նույնանման դիրքորոշումն է արտահայտել նաեւ Երեւանի Ուսանողական այգում իրականացվող շինարարության թույլտվությունը վիճարկելու վերաբերյալ մի շարք քաղաքացիների ներկայացրած հայցադիմումի առնչությամբ: Համաձայն վճռաբեկ դատարանի որոշման, «… վարչական դատարան դիմելով արդարադատություն հայցել կարող է միայն այն անձը, որը գտնում է, որ վարչարարությամբ իր իրավունքները կամ շահերը անմիջականորեն շոշափվել են»: Այսպիսի պայմաններում բաց է մնում այն հարցը, թե ինչպես հասարակության անդամները կարող են պաշտպանել հանրային տարածքները վարչական մարմինների անօրինական գործողություններից, ինչպես, օրինակ` Մաշտոցի պուրակում այս օրերին իրականացվող շինարարության պարագայում:

2008թ. ապրիլի 2-ին թիվ ACCC/C/2004/08 գործով Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեն գտել է, որ Հայաստանը խախտել է Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ, 6-րդ հոդվածի 1-ին կետի ՙա՚ ենթակետի եւ 1-ին հավելվածի 20-րդ կետի, 6-րդ հոդվածի 2 – 5 և 7 – 9 կետերի, 7-րդ հոդվածի եւ 9-րդ հոդվածի 2 – 4 կետերի պահանջները: 2011թ. մայիսի 12-ին թիվ ACCC/C/2009/43 գործով կոմիտեի որոշման համաձայն` «… Հայաստանի օրենսդրության և պրակտիկայի մեջ դեռևս առկա են թերություններ, եւ դրանց պատճառով Մասնակից պետությունը սույն գործով ձախողել է կատարել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը, ինչպես նաև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ և 9-րդ կետերի պահանջները»: Թեեւ Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի վերը նշված որոշումներից համապատասխանաբար  անցել է գրեթե 4 տարի և մեկ տարի, Հայաստանի պատկան մարմինները անվավեր (առոչինչ) չեն ճանաչել Կոնվենցիայի խախտման արդյունքում կայացված որոշումները: ՀՀ ազգային ժողովի կողմից ս.թ. փետրվարին ընդունված ՇՄԱՓ օրենքը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, Օրհուսի, Էսպոյի եւ այլ կոնվենցիաներին: Նշված օրենքը չի համապատասխանում Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի կողմից արված բացահայտումներին և Հայաստանի կառավարությանն ուղղված առաջարկություններին` որոշ դեպքերում տրամագծորեն հակասելով դրանց:

Հիմք ընդունելով ՀՀ ներպետական օրենսդրությամբ եւ իրավակիրառական պրակտիկայում մարդու առողջությանը եւ բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում ապրելու իրավունքի պահպանման վերաբերյալ առկա խնդիրները եւ հաշվի առնելով, որ հասարակության լայն շերտերը էկոլոգիական իրավունքի տարբեր հարցերի վերաբերյալ ցուցաբերում են ընդգծված հետաքրքրություն` խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում կազմակերպել վերը նշված հիմնահարցերի շուրջ գիտական քննարկում` շահագրգիռ հասարակության մասնակցությամբ:

Որպես երկրում սահմանադրականության եւ իրավունքի գերակայության կարեւոր ինստիտուտ` մենք կարեւորում ենք սահմանադրական դատարանի դերը Հայաստանում ժողովրդավարական, իրավունքի գերակայության ամրապնդման գործում:

 

 

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»

հասարակական կազմակերպության նախագահ`    Սոնա Այվազյան

 

«Էկոդար» հասարակական կազմակերպության նախագահ`   Հրայր Սավզյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829