Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք -Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում փաստաբան Արթուր Գրիգորյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի դատաքննության առաջին նիստն էր:
Հիշեցնենք, որ հայցվոր կողմը՝ փաստաբան Արթուր Գրիգորյանը, թերթից 18 միլիոն դրամ է պահանջում hraparak.am կայքում տեղադրված իրեն վերաբերող հոդվածի տակ տեղ գտած ընթերցողների մեկնաբանությունների համար՝ պնդելով, որ դրանք իր հասցեին վիրավորանք ու զրպարտություն են պարունակում:
Հայցվորի պաշտպան Տիգրան Աթանեսյանը դատաքննության ընթացքում պնդում էր, որ օրաթերթի կողմից միտումնավոր մի քանի ամիս չեն հեռացվել զրպարտող մեկնաբանությունները: Պատասխանող կողմն էլ պնդում էր, որ ինտերնետում մեկնաբանությունները չէին վերահսկվում ու դրանց տնօրինությունը ծանոթացել է դատական հայցին ծանոթանալուց հետո: Պատասխանող կողմը նաեւ նշեց, որ հայցվոր կողմը երբեւէ իրենց չի դիմել մեկնաբանությունները հեռացնելու պահանջով, այլ միանգամից դիմել է դատարան:
Արդեն նիստից հետո հայցվորի պաշտպան Տիգրան Աթանեսյանն ասաց, որ նախքան դատարան դիմելը ընկերաբար զանգել են թերթի խմբագրին եւ արտահայտել իրենց վրդովմունքը. «Հոդվածը, որ հրապարակվեց օգոստոսի 10-ին, մենք մինչ այդ բարիդրացիական հարաբերություններ ունեինք, Արթուրը զանգեց Արմինեին ասաց, ամեն ինչ նորմալ է, լավ եք արել, գրել եք, բայց հոդվածի էս վերջին տողն արժե՞ր այս ձեւով գրել, որովհետեւ այդ տողերով կասկածի տակ էր դրվում Արթուրի ճշտությունը: Արմինեն էլ ասաց, լրագրողի մոտեցում է: Մենք ամեն ինչ մոռացանք, անցավ գնաց: Արդեն սեպտեմբերին նկատում ենք, որ հենց մեր խոսակցության հաջորդ օրն այդ մեկնաբանությունները հայտնվել էին: Մենք կարծում ենք, որ դա պատահական չէր հաջորդ օրը հայտնվելը: Արթուր Գրիգորյանը մասնավոր անձ է, ոնց եղա՞վ բոլորի ուշադրությունը նրա վրա սեւեռվեց, սաղ «Հրապարա՞կ» են կարդում»:
Կարդացեք նաև
Դատական նիստին ներկա էր նաեւ վիրավորված փաստաբան Արթուր Գրիգորյանը: Նրա խոսքերով, լրատվության դաշտից անցել է արդարադատության դաշտը. «Ինձնից բողոքողներին՝ որպես կլյաուզնիկների, բոլորին դատի եմ տվել ու հետամուտ եմ լինելու՝ եթե պատասխանատու են իրենց ասածների համար գան դատարան ու ապացուցեն»: Մեր հարցին ի պատասխան, թե քանի հոգու է դատի տվել, նա դժվարացավ նշել . «Հաշիվս էլ եմ արդեն կորցրել»:
Պարոն Գրիգորյանը զարմացավ հարցից, թե ինչու՞ է միանգամից դիմել դատարան եւ խմբագրությունից չի պահանջել հեռացնել իրեն վիրավորող մեկնաբանությունները. «Իսկ ինչո՞ւ պիտի դիմեի: Օրենքն ինձ այդ իրավունքը տալիս է դիմել դատական պաշտպանությանը, իսկ մեկնաբանությունները վերացնելու հետ կապված, Արմինե Օհանյանից հարցրեք, նա կմանրամասնի, թե ես այդ թերթի հետ կոնտակտներ ունեցե՞լ եմ, թե՝ ոչ»:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց մարտի 7-ին, ժամը 14:50:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ