Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, որը նախկինում «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ էր՝ անդրադառնալով «Հանրապետություն» կուսակցության երեկվա հայտարարությանը, ըստ որի՝ ՀԱԿ–ի համամասնական ցուցակում ներկայացված են լինելու միայն ի դեմս Արամ Սարգսյանի՝ «Առավոտին» ասաց. «Անկախ այսօրվա իմ քաղաքական կարգավիճակից, «Հանրապետություն» կուսակցությունում են մեկտեղված իմ ամենալավ ընկերները, ովքեր անուրանալի ավանդ ունեն հատկապես արցախյան պատերազմում: Խորհրդարանական առաջիկա ընտրություններին կուսակցության պասիվ մասնակցության մասին հայտարարությունը իմ ընկերների քաղաքական կամքի, քաղաքացիական կեցվածքի խոսուն դրսեւորումն է: Այդպես կվարվեր Հայաստանի յուրաքանչյուր արժանապատիվ քաղաքացի, ով ականատեսն է մի իրականության, որի մի կողմում չբարեփոխվող իշխանությունն է, մյուս կողմում՝ բարեփոխման հետ չասոցացվող ընդդիմությունը:
Խորհրդարանական առաջիկա ընտրություններում ես իմ քվեն տալու եմ ՀԱԿ-ին բացառապես այն պատճառով, որ այդ ցուցակի 3-րդ համարում հանդիպելու եմ լուսավոր մի մարդու անվան: Հույս ունեմ, որ մի օր նախագահական ընտրություններում արժեւորված կհամարեմ իմ քվեն՝ քվեաթերթիկում տեսնելով Արամ Սարգսյանի անունը: Ես հավատարիմ եմ սպարապետ Վազգեն Սարգսյանի արժեքային համակարգին, քաղաքական ժառանգությանը»: