Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիր մերձավորիդ, ինչպես անձը քո

Փետրվար 24,2012 16:07

Բայանդուր Պողոսյանի լուսանկարը` news.am-ի

Սկսեմ նրանից, որ Բայանդուր Պողոսյանին չեմ ճանաչում: Երբեւէ չեմ էլ տեսել: Եվ առաջին անգամ նրա մասին լսել եմ մի քանի օր առաջ, երբ իմացա, որ Բայանդուր Պողոսյան անուն ազգանունով մի լրագրող որոշել է հացադուլ անել` Մաշտոցի պուրակի համար: Չանցած մի քանի ժամ Ֆեյսբուքից իմացա, որ «սատանիստ» է: Չհավատացի: Որովհետեւ որեւէ ասեկոսեի չհավատալու սովորություն ունեմ, ու 100%-ով վստահ եմ, որ լինում է ծուխ` նաեւ առանց կրակի: Սակայն հետո, երբ կարդացի, որ այդ երիտասարդն ինքն է խոստովանում իր սատանիզմը, զարմացա: Իմ պատկերացմամբ` Հայաստանում չկային այդպիսի մարդիկ: Խոստովանում եմ` նման պատկերացումս հետեւանք է այն բանի, որ չգիտեմ, թե իրականում ինչ է սատանիզմը: Ու մյուս աղանդներից էլ առանձնապես տեղյակ չեմ` նրանք բոլորը ինձ համար նույն դեմքն ունեն` օտար: Բայց ոչ` սարսափազդու: Որովհետեւ, իմ կարծիքով, եթե որեւէ բանից սկսում ես սարսափել ու պայքարել դրա դեմ, այն հարազատանում է քեզ, դու սկսում ես ապրել նրանով, այն տեղ է գտնում քո մտքում, քո սրտում,  եւ ոչ թե ինչ-որ տեղ` այնտեղ, հեռվում, քեզնից դուրս…

Ինչեւէ: Վերադառնանք սատանիստ Բայանդուրին: Երբ աչքովս ընկավ տեսագրությունը, որում նա ինչ-որ բան էր խոսում, էլ ավելի զարմացա, որովհետեւ իմ պատկերացրած «սատանիստ» բառի հետ այդ փոքրամարմին, հանգիստ, ես կասի` փխրուն երիտասարդը որեւէ եզր չուներ:

Հաջորդող օրերին, երբ ՖԲ-ում ականատեսը եղա այն դաժան եւ անհանդուրժողական արշավանքին, որը սկսվեց այդ քսանամյա երիտասարդի դեմ, նույնիսկ շփոթվեցի, թե հիմա ո՞վ է սատանիստը որովհետեւ խաչակրաց արշավանքն էլ, թեեւ քրիստոնյաներին էին կազմակերպել, բայց հաստատ սատանայի թելադրանքով էր: Էլ չխոսեմ Բարդուղեմիոսյան գիշերվա մասին:

Իսկ երեկ կարդացի նրա պարզաբանումը, ու հասկացա, որ ինչպես ռուսներն են ասում` не так страшен черт, как его малюют. Իմ տպավորությամբ` պարզապես ուրիշներից առանձնանալու, ընդունված նորմերին հակադրվելու երիտասարդական մղումներ ունեցող եւ որոշակի հոգեբանական խնդիրներով պատանի է, որին պետք չէ այդքան ուշադրություն դարձնել, այն էլ` այդքան ագրեսիվ եւ անհանդուրժողական ձեւով: Ի վերջո` չէ՞ որ մենք քրիստոնյա ենք: Իսկ քրիստոնեությանը այդ աստիճանի մարդատյացությունը երեւի թե հատուկ չէ: Համենայնդեպս` իմ պատկերացրած Քրիստոսը, որն ամենահասն է, ամենամեծահոգին եւ ամենաներողամիտը, կմերժեր իր անունից տարվող նման դաժան պայքարը մի անօգնական եւ, ըստ էության, անվնաս էակի հանդեպ:

Պահքի այս շրջանում, երբ պետք է հրաժարվել ոչ միայն մարմնական վայելքներից, այլեւ` չարությունից ու այլ մարդկային արատներից, քրիստոնեության եւ հայ առաքելական եկեղեցու եռանդագին պաշտպաններին ամենեւին չի սազում հայհոյախառն ու չափազանց չար այն պայքարը, որ նրանք սկսել են մի մոլորված պատանու դեմ: Իմ տպավորությամբ` նրա մեջ ամենաանհանդուրժելին «սատանիստ» բառն է: Իսկ բառն այն թիրախը չէ, որի դեմ պետք է համահայական արշավ սկսել…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829