Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով 2011թ. տարեվերջին շնորհվել են Հայաստանի Հանրապետության 2011թ. պետական մրցանակները` հաշվի առնելով պետական մրցանակի հանձնախմբերի առաջարկությունները: Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել այսօր, Նախագահի նստավայրում:
Գրականության և արվեստի բնագավառում Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական մրցանակներ են շնորհվել.
գրականության և հրապարակախոսության ոլորտում` Մովսես Խորենացու մեդալի ասպետ, գրող, թարգմանիչ Հովհաննես Գրիգորյանին «Երբեք չմեռնես – ահա թե ինչ կասեմ քեզ» գրքի համար,
երաժշտության ոլորտում` Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետ, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին` «Երևանյան ռապսոդիա» ստեղծագործության համար, թատերական արվեստի և կինոարվեստի ոլորտում` Մովսես Խորենացու մեդալի ասպետ, ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանին (բեմադրության հեղինակ), ՀՀ վաստակավոր նկարիչ, թատրոնի գլխավոր նկարիչ Կարեն Գրիգորյանին (ներկայացման նկարչական ձևավորման և զգեստների հեղինակ), Մովսես Խորենացու մեդալի ասպետ, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանին, ՀՀ վաստակավոր արտիստ Հրաչյա Հարությունյանին և Գրիգոր Գաբրիելյանին (դերասաններ)` Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի «Հուլիոս Կեսար» բեմադրության համար:
Կարդացեք նաև
Ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական մրցանակներ են շնորհվել Անանիա Շիրակացի մեդալի ասպետ, ԳԱԱ իսկական անդամ, ֆիզիկոս Էդուարդ Ղազարյանին, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանին և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարեն Դվոյանին` «Բարդ երկրաչափությամբ կիսահաղորդչային նանոկառուցվածքների ֆիզիկական հատկությունների ուսումնասիրությունը» աշխատանքի համար:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդագրություն