Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վահան Հովհաննիսյան. «Կանգնենք դեմը, պառկենք տուփի վրա» տարբերակը չի փրկի ընտրություններին.

Փետրվար 24,2012 14:39

«Ինձ դուր է գալիս, երբ մամուլը այդ թեմայի մասին այդքան խոսում է` չունենալով ոչ մի հավաստի ինֆորմացիա: Դա բնորոշ է մեր մամուլին, բացարձակապես որեւէ ինֆորմացիա  չունենալու պարագայում վստահություն հայտնել, որ իրենց այսպես ասած աղբյուրները շատ հավաստի են,- այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում ՀՅԴ համամասնական ցուցակի մասին հարցին այսպես պատասխանեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը,- Ես հասկանում եմ, որ իրականության մեջ դաշնակցության մեջ ոչ մեկը ոչ մի աղբյուր չունի: Ցանկը մենք կկազմենք առանց որեւէ միջամտության եւ միայն այդ ցանկը, որ կհրապարակենք, կլինի հավաստի»:

Aravot.am-ի հարցին` այնուամենայնիվ գաղտնիքները չե՞ք բացի ձեր ցուցակի հետ կապված, գոնե այն` փոփոխություններ լինելո՞ւ են, թե՞ նախորդ ցուցակից քիչ է տարբերվելու, նա պատասխանեց. «Բայց ինչի՞ պիտի բացեմ գաղտնիքները»: Պարոն Հովհաննիսյանը պարբերաբար «չգիտեմ, կտեսնենք» էր պատասխանում լրագրողների հաջորդ հարցերին` ցուցակը դո՞ւք եք գլխավորելու, թե՞ Հրանտ Մարգարյանը, Հրանտ Մարգարյանը կմտնի՞ այս անգամ խորհրդարան, որ տեղում ով է լինելու եւ այլն:

Aravot.am-ի խնդրանքով պարոն Հովհաննիսյանը մեկնաբանեց նաեւ Ահարոն Ադիբեկյանի սոցիոլոգիական հարցումները, ըստ որի ՀՅԴ-ն կհավաքի 2.5 % ձայն. «Ես հիշում եմ սոցիոլոգիական հարցումներ, որոնք նույնն էին ասում, բայց մենք հավաքեցինք 13 %` չհաշվենք, թե իրականում ինչքան հավաքեցինք: Հայաստանում սոցիոլոգիական հարցումներն ունեն 2 թերություն:Ես չեմ թերագնահատում մեր սոցիոլոգների գիտելիքները, նրանց տիրապետած մեթոդաբանությունը, բայց ես մեր հասարակությունը գիտեմ: Նրանցից քչերն են, որ ճիշտն են պատասխանում, հասկանալի պատճառներով: Այլ սոցհարցումներ ցույց են տվել 19 %»:

Միասնական շտաբի եւ ընտրակեղծիքների դեմ պայքարելու հետ կապված Վահան Հովհաննիսյանը նշեց, որ «կանգնենք դեմը, պառկենք տուփի վրա, չթողենք լցոնեն, պինդ տղերք ուղարկենք` սրանք մեխանիկական ձեւեր են, իրական ձեւը մեծամասնականը վերացնելն է: Հիմա անցել են կիսաբանդիտական ժամանակները, հիմա կեղծիքները լինում են շուտ, փողը բաժանում են արդեն հիմա, գիտենք դա, սա բռնել չես կարող: Բաժանում են որպես կանոն մեծամասնականի թեկնածուները կամ նրանց շտաբները»:

Գործարարներին, օլիգարխներին այս անգամ ԱԺ_չտանելու իշխանությունների հայտարարություններին պարոն Հովհաննիսյանը քմծիծաղով է վերաբերում. «Նախ, ո’չ նախագահը, ոչ վարչապետը ոչ էլ ԱԺ նախագահն իրավունք չունեն շրջանցելով ՍԴ-ն` որոշել քաղաքացիների ինչ-որ կատեգորիաներ, որոնց պառլամենտ չի կարելի գալ: Հարցը հստակ է` բիզնեսմեն ես, հավաքարար ես, ուսուցիչ ես, բժիշկ ես, ով ուզում ես եղիր, բավարարում ես օրենքի պահանջներին` կարող ես գալ խորհրդարան, բայց եթե եկար` խորհրդարանն էլ ունի իր կանոնները. բիզնեսմեն ես` չպիտի բիզնեսով զբաղվես, այսինքն, կարծես դու անցնում ես նոր աշխատանքի եւ հրաժարվում ես նախորդից: Եթե կարողանան սա ապահովել` բրավո: Բայց եթե դու հայտարարում ես, որ չես բերի, նշանակում է չես կարող պարտադրել, որ չզբաղվեն գործարարությամբ: Հա, ցուցակի մեջ չեք դնի, որ լրիվ խայտառակ չլինեք մեծամասնականով կանցնի, հետո կգա կմտնի ձեր ֆրակցիան: Ի՞նչ տարբերութուն ինձ` այդ քաղաքացին ոնց մտավ պառլամենտ»:

 Ըստ Վահան Հովհաննիսյանի ՀՀԿ-ն չի ուզում հանել մեծամասնական ընտրակարգը, որովհետեւ իրենք շատ լավ հասկանում են, որ առանց դրա ոչ թե մեծամասնություն,այլ կարող է փոքրամասնություն էլ չունենան պառլամենտում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829