Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Վիրտուալը համատեղում եմ իրական կյանքի հետ»

Փետրվար 24,2012 14:03

Հարցազրույց՝ բլոգեր Արմեն Մկրտչյանի հետ

2010թ. հունիսի 10-ից գործում է armblog.net բլոգը, այն օրական ունենում է 10.000-15.000 այցելություն: armblog.net կայքի հեղինակ, բլոգեր Արմեն Մկրտչյանն ասում է, որ Facebook-ում ավելի քան 13000 հետեւորդ ունենալը եւս օգնում է բլոգի տարածմանը: Նա սիրով է պատասխանում Facebook-ի համարյա թե բոլոր նամակներին ու այն մարդկանց, ովքեր տեխնիկական խնդիրներ ունեն՝ կապված համակարգչի կամ որեւէ կայքի հետ:

– Բլոգի նյութերը միայնա՞կ եք պատրաստում, թե՞ կան հատուկ մարդիկ, ովքեր աշխատում են բլոգի համար:

– Բլոգի ստեղծման օրվանից մենակ եմ աշխատում: Նյութերի մի մասն էլ ինձ ուղարկում են այցելուները, հետո ես դրանք մշակում եմ ու ներկայացնում ընթերցողներին:

– Նոր-նոր ձեւավորվող հայկական բլոգոսֆերային ինչպե՞ս եք վերաբերվում: Կարո՞ղ եք, ըստ ձեր ուսումնասիրությունների, առանձնացնել առավել հետաքրքիրները կամ առավել ընթերցվողները:

– Հայկական բլոգոսֆերան գնալով ավելի է զարգանում եւ ուրախալի է տեսնել նոր ու հետաքրքիր նախագծեր: Ես ինքս այցելում եմ մի քանի հայկական բլոգներ, սակայն չեմ ցանկանում որեւէ մեկը առանձնացնել:

– Facebook- ը համարո՞ւմ եք մեդիա-աշխարh կամ նույնիսկ ԶԼՄ:

– Այսօր Facebook-ի հնարավորություններն արդյունավետ օգտագործելու դեպքում այն կարելի է համարել եւ մեդիա-աշխարհ, եւ ԶԼՄ, եւ սոցիալական կայք ու գովազդային դաշտ: Դա կախված է նրանից, թե ով ինչպես է ընկալում այդ կայքը ու ինչպես է օգտագործում: Ինքս շատ մեծ ուշադրություն եմ դարձնում Facebook-ին:

– Հաճախ եք մասնագիտական այնպիսի հնարքներով «կիսվում» բլոգում, դրանցից որոշները մարդիկ գումարով են ձեռք բերում ծրագրավորողներից…

– Դրանք այնպիսի գիտելիքներ են, որոնք համակարգչից օգտվողները պարտավոր են իմանալ: Այդ հնարքները ես ինքս ժամանակի ընթացքում սովորել կամ սովորում եմ ու ցանկանում եմ դրանք ներկայացնել բլոգի ընթերցողներին:

– Ինչպե՞ս եք վերաբերվում համատարած copy-paste-ին:

– Սկզբնական շրջանում շատ էի բարկանում, երբ իմ բլոգից գողացված հերթական նյութն էի հանդիպում այլ կայքերում, սակայն ժամանակի ընթացքում հասկացա, որ դրանց դեմ պայքարելն անիմաստ է, քանի որ copy-paste անողը եթե այդքան բան հասկանար, հենց սկզբից էլ copy չէր անի: Այսօր հայկական լրատվական կայքերում կարելի է հանդիպել ամբողջությամբ նույն բովանդակությամբ նորություններ, ինչը արդեն սովորական երեւույթ է: Մի խոսքով՝ դեմ եմ դրան, սակայն պայքարի լուրջ նախաձեռնություններ առայժմ չունեմ:

– Օրվա մեծ մասը համակարգչի առջեւ անցկացնելը ի՞նչ է տվել ձեզ եւ ի՞նչ խլել:

– Քանի որ ես մասնագիտությամբ ծրագրավորող եմ, այդ պատճառով ստիպված եմ համակարգչի մոտ շատ ժամանակ անցկացնել: Դա ինձ տալիս է գումար վաստակելու հնարավորություն ու ընկերների հետ վիրտուալ կապ: Չեմ կարծում, թե համակարգչի մոտ ժամանակ անցկացնելն ինձանից ինչ-որ բան է խլում, քանի որ կարողանում եմ վիրտուալը համատեղել իրական կյանքի հետ:

Զրուցեց ԱՆԻ ՄԿՐՏՉՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829