Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հանրահայտ «Ավե Մարիա»-ներ պլյուս չուխաջյանականը

Փետրվար 24,2012 13:59

Երգչուհի Իրինա Զաքյանը ինքնատիպ համերգ կունենա

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը փետրվարի 25-ին կկայանա Հայպետֆիլհարմոնիայի եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մեներգչուհի Իրինա Զաքյանի մենահամերգը՝ երգեհոնահար Թերեզա Ոսկանյանի նվագակցությամբ: Կհնչեն միայն «Ավե Մարիա»-ներ:

«Ավե Մարիա» երգատեսակը ստեղծվել է միջնադարում: 16-րդ դ. իտալացի եւ ֆրանսիացի կոմպոզիտորները մշակեցին եւ ինքնուրույնություն հաղորդեցին այդ օրհներգություններին: Որոշ երաժիշտների կարծիքով, բոլոր «Ավե Մարիա»-ներից Բախ-Գունոյի անմրցունակ ու կատարյալ ստեղծագործության հետ կարող է համեմատվել միայն Արա Պարթեւյանի «Մայր եւ կույս» երաժշտական պոեմ-խոստովանությունը:

Դառնալով Իրինա Զաքյանի համերգին՝ նշենք, որ հայտագրում «Ավե Մարիա»-ներ հեղինակած Վերդիի, Շուբերտի, Սեն-Սանսի, Քերոբինիի, Բիզեի, Տոստիի, Լյուցցիի եւ մյուսների անունների կողքին հանդիպեցինք Տիգրան Չուխաջյանի անվանը, ինչն էլ «Առավոտի» համար առիթ դարձավ հանդիպելու Իրինա Զաքյանի հետ: Բանն այն է, որ չուխաջյանական «Ավե Մարիա»-ին լայն լսարանը ծանոթ չէ:

Երգչուհին ասաց, որ մենահամերգի նախապատրաստական շրջանում հետաքրքրվել է որոշ հայ կոմպոզիտորներից ու ափսոսանքով փաստել, որ բացի Չուխաջյանից, ոչ մեկը չի անդրադարձել «Ավե Մարիա» երգատեսակին: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ բեմական 20 տարիների ընթացքում առնվազն վերջին տասը տարիներին չի անդրադարձել հոգեւոր երաժշտությանը եւ քանի որ կարիերան սկսել է հենց այդ երգերից, կայանալիք համերգը՝ «Ողջույն քեզ, Մարիամ» խորագրով, ուղղում է Աստվածամորը եւ հանդիսատեսին:

Տիգրան Չուխաջյանի ստեղծագործության կապակցությամբ էլ պատմեց, որ 6-7 տարի առաջ Գյումրիի «Գոհար» երգչախմբի ու նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սեպուհ Աբգարյանն է արտերկրից բերել ու իրեն վստահել չուխաջյանական «Ավե Մարիա»-ն:

Ճանաչված արվեստագետների շրջանում «Առավոտի» հարցմանը, թե գիտե՞ն, որ հայ կոմպոզիտորն էլ ունի «Ավե Մարիա», պատասխանը զարմանքն էր: Միայն կոմպոզիտոր Արամ Սաթյանը նշեց, թե կարծես հիշում է 70-ականներին այդ ստեղծագործության՝ երգչուհի Էլլադա Չախոյանի կատարումը:

Անդրադառնալով Չուխաջյանի «Ավե Մարիա»-ին, Իրինա Զաքյանը հայտնեց, որ տեքստը լատիներեն է եւ վերցրած Աստվածաշնչից:

«Բարձրյալի խնդրանքով Գաբրիել հրեշտակապետը գալիս է սուրբ Մարիամի մոտ ու ասում՝ ողջույն քեզ, ով շնորհընկալ կույս, Տերը քեզ հետ է եւ դու օրհնյալ ես բոլոր կանանց մեջ… Ինչ վերաբերում է երաժշտությանը, բնականաբար, այն կրում է եվրոպականի ազդեցությունը»,- նշեց Զաքյանը: Նա հավելեց նաեւ, թե Մարիամին նվիրված շարականներ ունեն Խորենացին, Սեբաստացին, կան անանուն տաղեր՝ դարձյալ նվիրված Տիրամորը:

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ Իրինա Զաքյանի գործունեությանն ընդհանրապես: Հիշեցրինք Լեհաստանի Կրակովի ազգային օպերային թատրոնում նրա մեկնաբանած Մադամ Բաթերֆլայը՝ Պուչինիի համանուն օպերայում (դիրիժոր՝ Վ. Միխնեւսկի), որին հիացմունքով արձագանքեցին տեղի երաժշտական տեսաբաններն ու քննադատները: Հարցին՝ չի՞ կարոտել օպերային բեմը, երգչուհին պատասխանեց. «Այդ կարոտը ես առնում եմ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համագործակցելով: Գլխավոր դերերգերով հանդես եմ եկել Ֆիլհարմոնիկի նախաձեռնությամբ տարբեր օպերաների, այդ թվում՝ Վերդիի «Օթելլո», «Սիմոն Բոկկանեգրա», Լեոնկավալոյի «Պայացներ», Պուչինիի «Թիկնոցը» եւ այլն, համերգային կատարումներին, բեմականացումներին ու բեմադրություններին»: Հիշեց Երեւանի ազգային օպերային թատրոնում իր մասնակցությամբ եւ դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ Վիվալդիի «Տիգրան Մեծ» օպերայի համերգային կատարումը, ինչպես նաեւ Դոնիցետտիի «Պողիկտոս» օպերայում (դիրիժոր՝ Օհան Դուրյան) Պաոլինայի դերերգը:

Երգչուհին հայտնեց, որ ապրիլին Արցախի պետական կամերային նվագախմբի (ղեկավար՝ Գեւորգ Մուրադյան) հետ հանդես կգա հոգեւոր երաժշտության ծրագրով, իսկ Ֆիլհարմոնիկի հետ պատրաստվում է մայիսին բեմ բարձրանալ Լիուի դերերգով՝ Պուչինիի «Տուրանդոտում»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829