Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անհայտ կորել է Լանջազատի դպրոցի տնօրենը

Փետրվար 24,2012 13:53

93-ամյա հայրը պահանջում է բացահայտել որդու անհայտացումն ու սպանությունը, ինչը մինչ օրս մնում է չբացահայտված:

Հայր եւ որդի Հակոբյանները:
«Առավոտի» խմբագրությանն է դիմել Արարատի մարզի Բերդիկ գյուղի բնակիչ Հակոբ Հակոբյանը, ով պատմում է, որ իր որդին՝ Լանջազատ գյուղի միջնակարգ դպրոցի 33-ամյա տնօրեն Գրիգոր Հակոբյանը 1987թ. օգոստոսի 22-ին, ժամը 12.30-ին, աշխատանքից տուն գալու ճանապարհին անհայտացել է: Ըստ Հակոբյանի, հարուցված քրեական գործի ընթացքում բազմիցս քննված վկաները փաստել են, որ տուն վերադառնալու ճանապարհին դպրոցի տնօրենին իր անձնական մեքենայով մոտեցել է նրա՝ ուսումնական գծով տեղակալ Թերեզա Հարությունյանի ամուսինը՝ Հրանտ Ասատրյանը, եւ բացելով մեքենայի առջեւի դուռը, հրավիրել է Հակոբյանին՝ նստել: Գրիգորը նստել է մեքենան: Այնուհետեւ, մյուս վկաները փաստել են, որ ժամը 12.00-13.00-ի սահմաններում Լանջազատ-Բարձրաշեն ճանապարհին ականատես են եղել 6 երիտասարդների վեճի, որոնցից առերեսման ժամանակ ճանաչել են նույն Հրանտ Ասատրյանին եւ նրա ավագ եղբորը՝ Ռաֆիկ Ասատրյանին: Ըստ ականատեսների, վիճաբանությունից հետո նրանցից մեկին խցկել են մեքենաներից մեկի մեջ եւ հեռացել: Վկաների ցուցմունքների համաձայն, տուժածի արտաքին նկարագրությունը համապատասխանում էր դպրոցի տնօրենի արտաքինին:

Ըստ Հակոբյանի, դեպքից որոշ ժամանակ անց մի քանի վկաներ անստորագիր նամակներով ցավակցելով իրենց՝ փաստել են, որ իրենք տեսել են տնօրենին մեքենայից մեքենա տեղափոխելիս, բայց վախեցել են ցուցմունք տալ, քանի որ. «Նույն գյուղի բնակիչ, Արտաշատի ԲԽՍՍ ծառայության պետ էդիկ Ալխասյանը Հրանտ եւ Ռաֆիկ Ասատրյանների մորաքրոջ որդին էր, Էդիկ Դավթյանը, որը Արտաշատի միլպետի պաշտոնակատարն էր, Ռաֆիկ Ասատրյանի բաջանաղն էր, միլիցիայի քննիչ Գեւորգ Ասատրյանը Հրանտի ավագ եղբոր աներն էր»,- հավելում է «Առավոտի» զրուցակիցը՝ պարոն Հակոբյանը: Անհետ կորած տնօրենի հայրը հավաստիացնում է, որ գործի հենց սկզբից «միլիցիայի» աշխատակիցները սկսեցին փաստերը գլխիվայր ներկայացնել, քանի որ Հրանտը ինքն էլ միլիցիայի աշխատակից էր: «Մեր պնդմամբ քրեական բաժնի պետ Էդիկ Բաղդասարյանը Հրանտ Ասատրյանին հարցաքննեց: Հարցաքննությունից դուրս գալով՝ ասաց, որ գնում է դատախազի մոտ՝ սանկցիա վերցնելու, սակայն դատախազի մոտից դուրս եկավ առանց սանկցիայի: Իսկ շրջանի դատախազ Վլադիմիր Մնացականյանը մեզ ասաց, թե իբր հարցում է արել սահմանապահ ուժերին եւ տեղեկացել, որ որդիս Մոսկվայում է եւ շուտով կվերադառնա: Իսկ երբ մեր պնդումներով հարցաքննությունը շարունակեցին, Հրանտ Ասատրյանին թունավորման պատրվակով պառկեցրին հիվանդանոցում՝ նրան դարձնելով անձեռնմխելի: Մեր բողոքներին ի պատասխան՝ վերջում դատախազ Մնացականյանն ասաց, որ իրեն հանրապետության նախկին գլխավոր դատախազ Օսիպովն է արգելում՝ Հրանտ Ասատրյանին ձերբակալել: Իսկ երբ դատախազ Մնացականյանին ազատեցին աշխատանքից, նա մեզ ասաց, որ ամենասկզբից պետք է Հրանտին մարդասպանության հոդվածով ձերբակալեին, բայց…: Միայն կարող էինք ենթադրել, թե այդ «բայցը» ինչ էր նշանակում: Բազմաթիվ բողոքներից հետո գործով սկսեց զբաղվել հանրապետական դատախազությունը: Եղել ենք նաեւ նախկին ՀԿԿ առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի մոտ, ԳԽ նախագահության նախագահ Ոսկանյանի մոտ, ՊԱԿ-ի ղեկավար Յուզբաշյանի մոտ: Բոլորը խոստանում էին մի քանի օրում գործը բացել, բայց մինչ օրս գործը չի բացվում: Անգամ դիմել ենք ԽՍՀՄ ԳԽ-ում՝ Լուկյանովին, որը մի քանի օրից քննչական հանձնաժողով գործուղեց այստեղ, սակայն տեղի դատախազությունն այնպիսի հյուրասիրությամբ ընդունեց նրանց ու ճանապարհեց, որ նրանք եկան «եզրահանգման», որ տեղի մարմինները գործը ճիշտ ճանապարհով են քննում: Այնուհետեւ, շրջանային օրգանի կողմից սկսեցին ահաբեկել մեր ազգականներին: Տղայիս քեռու որդուն անհիմն ձերբակալեցին, Էջմիածնի նախնական կալանավայրում մի քանի օր ծեծի ենթարկելով՝ ստիպեցին հրաժարվել իր տված ցուցմունքներից եւ նոր միայն ազատ արձակեցին: Որդուս սպանության գործը հենց սկզբից աղավաղվեց, քանի որ Հրանտ Ասատրյանը գտնվում էր քրեական կլանի օղակում եւ տիրապետում էր շատ մութ ինֆորմացիաների, որոնց բացահայտումը այդ ժամանակաշրջանի կուսակցության վերին օղակների բարձրաստիճան պաշտոնյաների վրա ծանր կնստեր: Նրա «հովանավոր» Էդիկ Ալխասյանը Արտաշատում ազդեցիկ դեմք էր, որի մասին արտաշատցիներն էլ կփաստեն: Դատախազ Մնացականյանը Օսիպովի սանիկն էր, Օսիպովը Էդիկ Ալխասյանի ավագ եղբոր՝ Հովհաննես Ալխասյանի աղջկա ամուսնության քավորը, նաեւ Կարեն Դեմիրճյանի խնամին: Ահա թե ինչ ուժեր էին խանգարում բացահայտել որդուս սպանությունը, մանավանդ որ, այդ բացահայտումից հետո այլ հանցագործություններ էլ ջրի երես դուրս կգային: Անգամ օրգանի աշխատողներն էին ասում, որ այս գործը այնքան պարզ է, որ կարող է բացել անգամ մի շարքային միլիցիոներ»,- ասում է որդեկորույս Հակոբ Հակոբյանը: Նա հավելում է, որ երիտասարդ որդու սպանությունն ու դրա չբացահայտված մնալը ծանր հետեւանքեր ունեցավ ընտանիքի մյուս անդամների հետագա ճակատագրի վրա՝ ծանր վշտի կսկիծը սրտում մահացավ Գրիգորի մայրը, կինը աշխատանքից վերադառնալիս ճանապարհին սրտի կաթված ստացավ եւ մահացավ: Իսկ Գրիգորի երեք անչափահաս երեխաները մնում են տարեց պապի խնամքի տակ: Հակոբյանը նաեւ փաստում է, որ գործին առնչվող մանրամասները գտնվում են արխիվում, իր ձեռքի տակ է գտնվում նաեւ այն ժամանակ քննչական մեկուսարանում կալանավորված Միշա Խուդավերդյանի («Կծան Միշա») 28.10. 1991թ. գրված դիմումը այն ժամանակվա ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ ՆԳ նախարարի ժ/պ Աշոտ Մանուչարյանին, որով խոստանում է «բացել գողացված դիակի գաղտնիքը»՝ փաստերով, ձայնագրություններով, վկաներով՝ չնայած իր ընտանիքի հանդեպ ցուցաբերած տարաբնույթ ահաբեկումներին ու սպառնալիքներին:

Ի դեպ, որդեկորույս Հակոբյանը օրերս դիմել էր նաեւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Վերջերս, սակայն, ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ս. Ծաղիկյանը գրավոր պատասխանել է. «Ձեր դիմումը ուղարկվել է նախաքննություն իրականացնող մարմնին եւ հանձնարարվել է այն կցել քրեական գործին, կատարել դիմումից բխող անհրաժեշտ քննչական գործողություններ»: Նույն պատասխանի մեջ նշվում է, որ. «2007թ. քրեական գործը ըստ ենթակայության ուղարկվել է ոստիկանության Արարատի մարզային քննչական բաժին, ընդունվել է վարույթ, որտեղ ՀՀ քրդատօրի 258 հոդվածի պահանջներին համապատասխան, քրգործով վարույթը կասեցված վիճակում, շարունակվել են քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ որպես մեղադրյալ ներգրավելու ենթակա անձի ինքնությունը պարզելու համար, որոնք դեռեւս դրական արդյունք չեն տվել»:

 Ն. Ս.

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829