Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թորած ջրի ծփանքը

Փետրվար 24,2012 13:43

Այդպես եղել է: Կյուրոս Մեծը, Մեծն Ալեքսանդրը եւ նրանցից առաջ Շումերի Ան-Ակ թագավորը, որը հպարտանում էր, թե ինքը սիրում է կարդալ միայն նախաջրհեղեղյան գրականություն, ինչպես իշխան Սահակ Բագրատունին, որ փնտրեց գտավ Մովսես Փիլիսոփային, որ գրի Հայոց Պատմությունը, որն այսօր միակ պատմությունն է ազգիս:

Բոլորը հարգել եւ իրենց կողքին պահում էին երեւելիների, ովքեր կարող էին ստեղծել գրականություն, պատմություն՝ ոչ միայն տիրակալների կյանքը փառաբանող, այլեւ ժամանակները ժամանակներին էին փոխանցում:

Եվ այդ ամեն ինչը կենդանի ջուրն էր…

Հետո, շատ ավելի ուշ, երբ Ոսկե Հորդայի նշանավոր խան Ջանիբեկին այցելեց տափաստանի թափառական ասացող Ասսան Ղայկին, Ջանիբեկ խանը ընդհատեց բարձրագույն խորհուրդը եւ ընդունեց աշուղին…

Այդպես եղել է: Հիմա այդպես չէ: «Տրյումֆ» սրճարանում մի խումբ մտավորականներով նստած՝ խոսում էինք անպտուղ ստեղծագործական միությունների մասին, եւ տխուր էր, քանզի այդ միությունները թորած ջուր են, ուր ոչ ձուկ է աճում եւ ոչ՝ ծաղիկ:

Հրաշալի գրողներ էին, նկարիչներ, եւ բոլորը օտարված էին իրենց խեղճ, ուզվոր ու գետնաքարշ միություններից: Ես՝ միության անդամս, լսում էի նրանց ու մտածում, որ կենդանի ջուրը կորցրել է իր հիշողությունը, եւ որ մենք չենք լցնում իրար բաժակներ ապրեցնող ջրով, այլ ուզում ենք խմել մի բաժակից, երբ այդ բաժակը վաղուց արդեն գոյություն չունի:

Մտածում էի նաեւ, որ երեք գրողի կամ երեք նկարչի մտերմությունը ինքնին մշակույթի փաստ է, ու մյուսների առաջին ցանկությունը լինում է քանդել այդ մտերմությունը, եւ երբ չեն կարողանում քանդել, հավաքվում են նրանց շուրջ: Եվ պարզվում է, որ ստեղծագործական միությունը այդ երեք մարդն են կամ տասներեքը, որ պահպանում են խոսքի կենդանի ջուրը, որն Աստծո անբարբառ հիշողության մեջ է…

Այնինչ շարունակում է ծփալ թորած ջուրն այսօր, մեր կյանքի ու մեր անոգեղեն օրերի վրա, ծփում ու ծածկում է մեր խամրող, մարմրող հիշողությունը ՄԵԾԻ մասին…

Տալիս են՝ չեք ուզում, ուզում եք՝ չեն տալիս, եւ ափսոս, առայժմ այսպես շարունակ…

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829