Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսքան տարբեր լինելով՝ բոլորս եվրոպացի ենք»

Փետրվար 24,2012 13:37

Եվրանեսթի ԽՎ սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը սկսվեց եւ ավարտվեց Երեւանում:

Առաջին անգամ Եվրամիության տարածքից դուրս՝ Երեւանում մեկնարկած Արեւելյան գործընկերության Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովի սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը երեկ ավարտվեց փոխադարձաբար ջերմ եւ հանդուրժողականության մթնոլորտում, անգամ Ադրբեջանից ժամանած պատգամավորները իրենց բավականին հարմարավետ էին զգում Հայաստանի խորհրդարանում՝ չհաշված որոշ մանր-մունր խայթոցները: Եվրանեսթ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը նիստի աշխատանքների ավարտին հայտարարեց, որ Եվրամիության սահմաններից դուրս եւս պարզ դարձավ, որ անդամ երկրները ի վիճակի են անցկացնել նման միջոցառումներ, եւ առաջարկեց շարունակել սա եւ դարձնել ավանդական: Նաեւ կեսկատակ հայտարարեց. «Բոլորդ տեսաք, թե հայկական խորհրդարանը ինչպես է աշխատում, իհարկե՝ ամենավատ բախումները չտեսաք, մենք ի վիճակի ենք, մենք ունակ ենք ավելին անելու, մյուս անգամ ձեզ ցույց կտանք դա, բայց այս անգամ եկեք խուսափենք դրանից»: Բոլոր կողմերը գոհ էին եւ փոխադարձաբար շնորհակալություններ էին հնչեցնում: Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի երկօրյա նիստի աշխատանքներից հետո հանձնաժողովի համանախագահները հանդես եկան մամուլի ասուլիսով:

Հանձնաժողովի նախագահ եւ համանախագահ Արտակ Զաքարյանը հայտնեց, որ Խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ ստացված առաջարկներն ամփոփելուց հետո համազեկուցողները վերջնական ու ճշգրտված փաստաթուղթը կներկայացնեն Բյուրոյին՝ ապրիլին Բաքվում կայանալիք լիագումար նիստում ընդունելու ակնկալիքով: Արտակ Զաքարյանի գնահատմամբ՝ այդ զեկույցը խորհրդատվական բնույթ ունի եւ ուղեցույց է Արեւելյան գործընկերության երկրներում քաղաքացիական հասարակությունների, մարդու իրավունքներն ու ազատություններն ապահովելու, կարողություններն ավելացնելու, համախմբելու եւ կառավարության հետ համագործակցելու ճանապարհին: Հանձնաժողովի լիտվացի համանախագահ Լայմա Լյուչիա Անդրիկիենեն լրագրողներին ասաց, որ գոհ է առաջին անգամ կազմակերպված արտագնա նիստի աշխատանքների արդյունքներից, եւ դրանք գնահատեց արգասաբեր եւ բաց: Եվրոպական խորհրդարանի պատգամավորն ուշագրավ համարեց, որ կանանց դերի բարձրացմանը նվիրված քննարկումն ամենաթեժն ու աշխույժը ստացվեց: Հիշեցնենք, որ նիստի ընթացքում բանավեճ ծավալվեց երիտասարդական խորհրդարանի ներկայացուցչի, ՀՀԿ-ական Հովհաննես Սահականի եւ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի միջեւ՝ կանանց դերի բարձրացման շուրջ քննարկումների պահին:

Դեռ նախորդ օրը իր ելույթում Ադրբեջանի ներկայացուցիչ Ազայ Գուլիեւը խոսելով այլ բաների մասին, նաեւ՝ հավատարիմ ադրբեջանցիների վերջին գրեթե երկու տասնամյակի «խասյաթին»՝ հարկ էր համարել հայտարարել, որ հակամարտությունները, մասնավորապես՝ ղարաբաղյանը, կարելի է քննարկել նաեւ Եվրանեսթի շրջանակներում: Ի դեպ, մեր տեղեկություններով, ադրբեջանցի պատգամավորները նաեւ մեր հանրապետության նախագահի հետ նախորդ օրը կայացած հանդիպմանն են խոսել նույնի մասին, ինչին հանրապետության նախագահը համարժեք պատասխան է տվել՝ բացատրելով, թե ինչն է ինչից հետո: Մեր տեղեկությունները երեկ փորձեցինք ճշտել հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանից: Պարոն Զաքարյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Ադրբեջանցիները բազմաթիվ շնորհակալական խոսքեր ասացին մեր երկրի նախագահին՝ կարեւորելով հանդիպումը, երկխոսությունը, շփումները, շատ լավ վերաբերմունքը եւ բարձր մակարդակի կազմակերպչական աշխատանքները, որ իրականացրել է հայկական կողմը՝ Կոմիտեի նիստը լավ անցկացնելու համար: Իհարկե, եվրոպացի պատգամավորներին եւս հետաքրքրում էր ղարաբաղյան բանակցային գործընթացի ընթացքը, եւ պատվիրակների հետ հանդիպման ժամանակ մեր երկրի նախագահը շատ մանրամասն ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տեղի ունեցող գործընթացը: Ադրբեջանցիները, իհարկե, բոլորը հարցեր ուղղեցին, եւ նախագահը հստակ պատասխանելով բոլոր հարցերին՝ հատկապես կարեւորեց այն հանգամանքը, որ մենք բաց ենք բոլոր տեսակի երկխոսությունների համար, բայց մենք այդ ցանկությունը պետք է տեսնենք նաեւ հակառակ կողմի մոտ: Իսկ Ադրբեջանում, ցավոք, դեռեւս այդ մթնոլորտը չկա: Կարեւորվեց այն հանգամանքը, որ խորհրդարանական մակարդակում, թեկուզ եւ հենց Եվրանեսթի շրջանակում, ադրբեջանցիների մոտ կա երկխոսելու, հարաբերվելու ցանկություն: Կան շատ խնդիրներ, որոնք կոնֆլիկտից դուրս են, հատկապես Արեւելյան գործընկերության շրջանակներում, եւ նախագահը խորհուրդ տվեց այդ հարթությունում համագործակցել: Իսկ ինչ վերաբերում է կոնֆլիկտների կարգավորմանը, մեր երկրի նախագահը հստակ հիմնավորեց ոչ միայն ադրբեջանցիների, այլեւ բոլոր ներկաների համար, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահների կողմից իրականացվող միջնորդական առաքելությունը կարեւոր է նաեւ Ադրբեջանի համար, մանավանդ՝ պաշտոնական Ադրբեջանը երբեք չի ժխտել Մինսկի խմբի արդյունավետությունը: Սա պատասխան էր պատգամավորներից մեկի հնչեցրած հարցի, թե՝ չե՞ք գտնում որ Մինսկի խումբն արդյունավետ չէ, իսկ ադրբեջանցի ժողովուրդը սպասում է լուծումների: Մեր երկրի նախագահը նկատեց, որ պատգամավորի տեսակետը հակասում է իր երկրի պաշտոնական տեսակետին, որովհետեւ իր երկրի պաշտոնական տեսակետն այն է, որ իրենք պատրաստակամ են Մինսկի խմբում շարունակել բանակցությունները»:

Ըստ Արտակ Զաքարյանի՝ ադրբեջանցի պատգամավորները փորձում էին հնարավորինս պարզ, ազնիվ, անկեղծ լինել, մեր երկրի նախագահի հետ հանդիպումն օգտագործել բաց զրույցի համար, եւ մեր երկրի նախագահը տվեց նրանց այդ հնարավորությունը:

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829