Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Չթողնենք հաջորդ սերնդին

Փետրվար 24,2012 13:33

Շաբաթվա սկզբին  Մոսկվայում  էի, որտեղ շփվում էինք ադրբեջանցի մտավորականների հետ: Հանդիպումներից մեկին մասնակցում էր հրաշալի ռուս բանաստեղծ Անդրեյ Դեմենտեւը, որին խնդրեցինք արտասանել իր ամենահայտնի բանաստեղծությունները: Եվ երբ այդ 84-ամյա արվեստագետը առանց կոտրատվելու կատարեց մեր այդ խնդրանքը, ես մտածեցի, որ իմ սերնդակից հայերի եւ ադրբեջանցիների համար (բնականաբար, որոշակի խավի) դա հետաքրքիր է, հաճելի, որովհետեւ մենք պատանեկության տարիներին կարդացել ենք «Յունոստ» ամսագիրը,  որի երկարամյա խմբագիրն էր Դեմենտեւը, որովհետեւ մենք մի մեծ երկրի քաղաքացիներ էինք, եւ, վերջապես՝ մենք տիրապետում ենք այն լեզվին, որով բանաստեղծը գրում է: Իսկ մեր երեխաները, որոնք մեծացել են արդեն անկախ երկու երկրներում, ակնհայտորեն չեն բավարարում այդ պայմաններից ոչ մեկին: Ինձ եւ ադրբեջանցի մտավորականին որոշ բաներ միավորում են, եւ մենք կարող ենք իրար հետ շփվել մշակութային այն հիմքի վրա, որը ստեղծվել է մեր դպրոցական եւ ուսանողական տարիներին: Եթե մեր ժողովուրդների միջեւ օտարումն ու թշնամանքը պահպանվի, ես չեմ պատկերացնում, թե ինչպես, ինչ հիմքի վրա են շփվելու մեր երեխաները: Հենց դրա համար էլ կարծում եմ, որ սխալ կլինի մեր կոնֆլիկտը փոխանցել հաջորդ սերնդին՝ նրանց համար ամեն ինչ շատ ավելի բարդ է լինելու:

Բնականաբար, ես չեմ կարող բանակցել մեր դիվանագետների եւ նախագահների փոխարեն եւ դրանով մոտեցնել հարցի լուծումը՝ ամեն մեկն իր գործով պիտի զբաղվի: Միակ բանը, որը ես կարող եմ անել՝ «ազգասեր» կամ «հայրենասեր» երեւալու համար չկրկնել «թուրքը մնում է թուրք» իմաստազուրկ տաֆտոլոգիան: Ես կարող եմ փաստել, որ հարեւան երկրում կա մտավորականություն, որն իր որակներով որեւէ բանով մերին չի զիջում: Ես կարող եմ թույլ չտալ, որ իմ թերթում որեւէ վիրավորանք լինի հարեւան կամ որեւէ այլ ժողովրդի հասցեին, արգելել, որ նրան չվերագրվեն ընդհանուր բացասական գծեր, ինչն, ի դեպ, հակասում է որեւէ տրամաբանությանը: Ես կարող եմ հանգիստ, առանց նախապաշարումների եւ առանց ցասման լսել ցանկացած մարդու՝ անկախ իր ազգությունից եւ անկախ նրանից՝ ես նրա հետ համաձայն եմ, թե ոչ: Չգիտեմ՝ դա շատ է, թե քիչ:

Ի դեպ, լսելու մասին: Նույն Անդրեյ Դեմենտեւը կարդաց իր հայտնի բանաստեղծությունը, որի իմաստը հետեւյալն է. երբեք ոչ մի բանի համար մի զղջացեք՝ մեկը դարձել է հանճար, մյուսը՝ պետ, բայց մի՛ զղջացեք, որ ձեզ բաժին չեն հասել այդ մարդկանց վշտերը: Մի զղջացեք, որ ուրիշ մարդ է հանճարեղորեն սրինգ նվագում՝ ավելի հանճարեղորեն դուք էիք նրան լսում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829