Հատված Կովկաս ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հետ հարցազրույցից
-Վարդան Օսկանյանի մուտքը ԲՀԿ, Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում։ Եվ ըստ Ձեզ, արդյոք Օսկանյանը ճանապարհ չի՞ հարթում Քռչարյանի վերադարձի համար։
– Այդ քայլը երկուստեք տրամաբանական էր։ Արտգործնախարարի պաշտոնից հեռանալուց ի վեր, այս ամբողջ ընթացքում Օսկանյանն ունեցել է քաղաքական գործչի պահվածք, նրա բոլոր ելույթները եղել է քաղաքական գործչի ելույթներ, նա վերլուծաբան չի եղել, նրա նպատակները եղել եւ մնում են քաղաքական, հետեւաբար պարզ էր, որ նա պետք է փնտրեր հնարավորություններ մեծ քաղաքականություն վերադառնալու համար։ Կուսակցություն ստեղծել նրան չհաջողվեց, նա այլեւս պետական չինովնիկ չէ, հզոր քաղաքական ուժ գնելու համար հսկայական կապիտալների նա չի տիրապետում։
Կարդացեք նաև
Մյուս կողմից՝ ԲՀԿ-ին իր իմիջի հետ կապված որոշ հանգամանքներ են պետք, մասնավորապես ԲՀԿ-ին պետք է հրաժարվել ՀՀԿ աթոռի ոտքերից մեկի իմիջից, պետք է ձերբազատվել ՀՀԿ կրտսեր գործընկերոջ իմիջից եւ ստանալ ինքնուրույն ուժի իմիջ։ Այսօր աշխարհում միտում կա ստեղծելու կուսակցություններ, որոնք հստակ գաղափարական կաղապարներ չունեն, այսինքն՝ կուսակցություններ բոլորի համար, սակայն Հայաստանում ամոթ է լինել ոչ գաղափարա֊կան, մեզանում ընդունված է, որ կուսակցությունը պետք է ունենա ծրագիր, գաղափար, հստակ արտահայտված քաղաքական դեմք, իսկ այդ դեմքը պետք է ներկայացված լինի ինչ-որ անձով: ԲՀԿ համար այդ անձը պետք է ունենա ընդդիմադիրի, որոշ չափով անգամ արմատականի եւ ՀՀԿ-ից տարբերվողի իմիջ։ Այսինքն՝ Օսկանյան ու ԲՀԿ-ն համապատասխանում են միմյանց։
Ինչ վերաբերում է Քոչարյանի վերադարձին, ապա ես ընդհանրապես չեմ տեսնում նրա վերադարձի հավանականությունը: Ինձ համար անհասկանալի է, թե ինչի համար է ԲՀԿ-ին պետք Քոչարյանը, կամ ինչի համար է Քոչարյանին պետք մտնել խորհրդարան եւ դառնալ մեկը 131-ից, նրա համար դա ակնհայտ կորուստ կլինի։ Իհարկե, ես Ռոբերտ Քոչարյանը չեմ եւ չեմ կարող նրա փոխարեն մտածել, բայց հետեւելով տրամաբանությանը, Քոչարյանի վերադարձի հավանականությունը մեծ չէ։ Այո, ԲՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանի մտածած պրոյեկտն էր, բայց բացարձակապես այլ պայմաններում՝ 2007-ի ընտրություններից առաջ կար ծրագիր ԱԺ-ում ԲՀԿ միջոցով հասնել մեծամասնության, դառնալ վարչապետ, իսկ ԲՀԿ ներկայացուցիչը կդառնար ԱԺ խոսնակ, ինչից հետո Էլ, երբ Սերժ Սարգսյանը կդառնար նախագահ, կառաջանար երկբրգանի մի համակարգ, որում Սերժ Սարգսյանը կլիներ «կաղ բադ»: Սա շատ նորմալ եւ ընդունելի քաղաքական տեխնոլոգիա է, բայց դա չաշխատեց այն ժամանակ, եւ ՀՀԿ-ն գրեթե երկու անգամ ավելի ձայն հավաքեց։
Ու անիմաստ է ասել, թե Սարգսյան- Քոչարյան տանդեմը Մեդվեդեւ- Պուտին տանդեմի կրկնությունն է, բացարձակապես ոչ, քանզի Պուտինը Մեդվեդեւի փոխարեն որպես նախագահ կարող էր նշանակել ցանկացածին, ու նրան կընտրեին, իսկ Քոչարյանը Սերժ Սարգսյանից բացի որեւէ մեկին չէր կարող իրենից հետո նշանակել։ Դրանից հետո եղավ մարտի 1-ը, եւ ԲՀԿ-ն արդեն սկսեց փնտրել իր տեղը եւ իր, այսինքն՝ պարոն Ծառուկյանի հետաքրքրությունների իրականացման դաշտը, իսկ Ծառուկյանի համար կարեւոր է իր տեղը Հայաստանի քաղաքական ու տնտեսական համակարգում։ Իհարկե, չի բացառվում, որ Ծառուկյանին խորհուրդներ տալիս են, բայց խորհուրդ տալը մի բան է, ղեկավարելը՝ մեկ այլ բան։ Սա իհարկե չի նշանակում, որ Քոչարյանը չի կարող օգտագործել ինչ-որ բնագավառ քաղաքականություն վերադառնալու փորձ անելու համար, բայց նա դա չի անի սովորական պատգամավոր դառնալու համար, չէ՞ որ մարդիկ կենսագրություն ունեն, չէ՞ որ նա տասը տարի նախագահ է եղել։ Կարծում եմ, որպես պատգամավոր վերադառնալու հավանականությունն իրական չէ, իհարկե Քոչարյանին կարելի է կասկածել տարբեր մեղքերի մեջ, բայց հիմարության մեջ նրան կասկածելու համար հիմքեր չկան:
Անժելա ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Ժամանակ»