«Լիքը ուրիշ գործեր ունենք անելու, ու շատ զբաղված ենք: Շոու սարքելու տեղեր կան, տեղերն էլ գիտենք, այգին հաստատ շոու սարքելու տեղ չէր, որ տղաները գնացել են: Ես Հայաստանում չէի, որ տղաներին միանայի, բայց կիսում եմ նրանց կարծիքը, ծառ կտրելը վատ բան է, ես էլ այստեղ լինեի կգնայի նրանց հետ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց դերասան Մկրտիչ Արզումանյանը (Մկոն) ՝ մեկնաբանելով ՀՀԿ անդամ Մենուա Հարությունյանի այն տեսակետը, թե Մաշտոցի այգում բնապահպանների ակցիային միացած դերասանները գնացել էին շոու սարքելու:
Ինչ վերաբերում է Մենուա Հարությունյանի հետեւյալ հայտարարությանը. «Երեկ տեսա այնտեղ դերասաններ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ էլ կային: Ու խնդիրն այն է, որ մենք տանը մեր հեռուստաալիքները փոխում ենք, որ այդ շոու բիզնեսի շատ ներկայացուցիչների կատակները մեր երեխաները չտեսնեն, բայց այսօր նրանք եկել ու ուսուցողական տոնով բաներ են խոսում՝ մեր երկիրը , մեր քաղաքը: Իրենց տված վնասն ավելի մեծ է մեր երկրին, քան՝ նույնիսկ այգում այդ երկու ծառերը կտրեն»՝ Մկրտիչ Արզումանյանն ասաց. «Չգիտեմ՝ ով է ասել, կապ էլ չունի՝ ով է ասել, սխալ են ասել, մեղմ ասած, որովհետեւ հումորը երբեք երկրին վնաս չի կարող հասցնել, իսկ ծառ կտրելը կարող է, որովհետեւ օդ չկա շնչելու, եւ ծառերի բազմազանությամբ չենք առանձնանում մյուս երկրներից, որ չմտածենք ու անտարբեր մնանք: Երեւի ուրիշ բան չեն ունեցել ասելու, դա են ասել: Չեմ գտնում, որ առողջ միտք է արտահայտված»:
Նա չբացառեց, թե հնարավոր է, որ առաջիկայում եւս բնապահպաններին միանան. «Հիմա չեմ կարող ասել, մեզ մոտ նոր փուլ է սկսվում, եթե ժամանակը ների ու եթե լիովին կիսենք նրանց նպատակներն ու համոզմունքները, կմիանանք: Նորից եմ կրկնում շոու անելու լիքը տեղեր կան, ու մենք այդ տեղերը գիտենք»: VOICE006
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ