Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրային ծննդաբերությունը կարող է վտանգավոր լինել

Փետրվար 24,2012 12:35

Մելինեն եվրոպական ամսագրերից ոգեշնչված որոշել էր ծննդաբերել ջրում: «Սակայն երբ բժիշկներից տեղեկացա ջրային ծննդաբերության հնարավոր վտանգների մասին, փոշմանեցի», – ասում է 34-ամյա կինը:

Ծննդաբերությունը կանանց համար մեծ փորձություն է թե մտքի, վախերի և թե ցավը հաղթահարելու տեսանկյունից:  Ըստ www.babycentre.co.uk  կայքի` ջրում ծննդաբերությունն արագ է ընթանում և, կծկումներ առաջացնելու նպատակով, ֆարմակոլոգիական միջամտության կարիք չի  զգացվում: Սակայն ջրային ծննդաբերության վերաբերյալ բժիշկների կարծիքները տարբեր են: Նրանցից մի քանիսը կարծում է, որ այդպիսի ծննդաբերությունը կարող է վտանգավոր լինել նորածնի կյանքի համար, իսկ ոմանք պնդում են, որ վտանգն այդքան էլ մեծ չէ: «Ծննդաբերությունը բնական երևույթ է, սակայն այն ավելի բնական է դառնում, երբ երեխան կարողանում է անցում կատարել պտղաջրից` լոգարանի ջրին: Այդպես նրան ավելի հեշտ է դուրս գալ մի միջավայր, որտեղ անցկացրել է 9 ամիս», – ասում է մանկաբարձ Սալվատոր Պոլինան: Ջրային ծննդաբերության ժամանակ ծննդաբերական գործընթացն ավելի մեղմ է ընթանում` շնորհիվ ջրի փափկեցնող հատկության, իսկ պատռվածքների ռիսկը նվազում է:

«Ծննդաբերական ջուրը պաշտպանում է կնոջ մարմինը` թեթևացնելով քաշը և թուլացնելով փորի, ծննդուղիների մկանները, արգելափակում ցավի ազդանշաններն ու նվազում ծննդաբերության ժամանակը», – նշում է մանկաբարձ Նունե Համբարձումյանը: Նրա կարծիքով՝ այսպես` կտրվածքի (հեշտոցից սրբան) և փորին սեղմելու մեթոդի կարիք չի զգացվում, նորածնի շնչառության գործընթացը հանկարծակի չի լինում, իսկ ծննդկանի համար տարածությունը բավական է լինում` տարբեր դիրքեր ընդունելու համար: «Ջրային ծննդաբերությունը հակացուցված է նեղ կոնքեր և մեծ պտուղ, սրտանոթային համակարգի հիվանդություններ,  նաև` արյան բարձր ճնշում ունեցող կանանց», – հավելեց մանկաբարձը: Ըստ մասնագետի` այսպիսի ծննդաբերության ժամանակ առկա են հիգիենայի խնդիրներ, վարակների մեծ հավանականություն, նորածնի կողմից ջրի ներշնչման հնարավորություն և այլն: «Հիշում եմ, երբ տատիկս պատմում էր մի հարևանուհու մասին, ում նորածին երեխան սեփական տան լողավազանում ծննդաբերելու ժամանակ մահացավ: Բժիշկները համոզված էին, որ եթե երեխային ջրից արագ հանեին` ջուրը չէր լցվի նրա թոքերը և չէր մահանա», – պատմում է Մոնիկան: «Ջրային ծննդաբերության ժամանակ վտանգներից խուսափելու համար նախևառաջ բժիշկները պետք է վերահսկեն ծննդկանի առողջական վիճակը», – նշում է ռումինացի բժիշկ Պաուլ Յոնեսկուն: Ըստ մասնագետների` ծննդաբերական լոգարանի ստանդարտ չափսը  պետք է լինի  2×1,5 մ` 60-80 սմ խորությամբ և 220 սմ ոչ պակաս լայնությամբ: Ջուրը պետք է լինի տաք, իսկ ջերմաստիճանը հաստատուն (36,5-37°), որը կարելի է հեշտ կարգավորել` հատուկ սարքերի միջոցով:

Այնուամենայնիվ, ինչպես նշում են մասնագետները, ջրային ծննդաբերությունը առողջ կանանց համար է, որոնք անցել են ջրային ծննդաբերության հատուկ դասընթացներ:

 

Ելենա Չոբանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829