«Առօրիայում երբեք նշանակութուն չեմ տվել և չեմ մտածել (բացառությամբ մատնեմատի`ամուսնության մատանու), թե որ մատին է անհրաժեշտ կրել մատանին: Եվ ըստ հարմարության` կրել եմ որպես ինքնատիպ ու գեղեցիկ զարդ», – ասում է 31 ամյա կոսմետոլոգ Լիանա Բարսեղյանը: Պարզվում է, որ յուրաքանչյուր մատին համապատասխանում է մոլորակներից մեկը` իրեն բնորոշ խորհրդավոր նշանակությամբ, ըստ այդմ` կարելի է նաև մարդու բնավորությունը բացահայտել` ուշադրություն դարձնելով, թե որ մատին է կրում մատանին: Մատի եւ մատանու «խորհրդավոր» զորության մասին է մեզ պատմում աստղաբան Լուսինե Հակոբյանը:
Բութ մատին (Մարսի մատին)
Մարսի մատին մատանի կրող մարդը զգացմունքային է, տաքարյուն և օժտված` հզոր էներգիայով: Նրա ասածն այնքան ազդեցիկ է, որ շրջապատից երկար ժամանակ է պահանջվում այդ վատ երազը մոռանալու համար: Նրան ինչ-որ բան համոզելը ժամանակի ավելորդ կորուստ է: Երբ մարդը մատանին կրում է 2 բթամատերին, ապա փորձում է շրջապատի հետ ներդաշնակ հարաբերություներ հաստատելու հավանականությունը մեծացնել:
Աստղաբան Լուսինե Հակոբյանն ասում է. «Կա տարածված կարծիք, ըստ որի` բութ մատին մատանի կրում են հոմոսեքսուալ աղջիները»: Աստղաբանն էլ հավաստիացնում է, որ սա ընդամենը ոմանց «փայլուն մտքերից» չստացված գաղափար է և պարզապես թյուրիամցություն:
Ցուցամատին (Յուպիտերի մատին)
Յուպիտերի մատին կրող մարդը զգայուն է, ամաչկոտ և իր ուժերի վրա վստահ չէ: Շփումը դժվար է հաստատում, իսկ հաստատելիս էլ միանգամից ընկնում է կողմնակի մարդկանց ազդեցության տակ: Սակայն, երբ այս «ամաչկոտը» մատանին կրում է ցուցամատին, ապա որոշակի վստահություն է զգում և անգամ ձգտում է լիդերության: Ժամադրության ժամանակ ցուցամատի մատանին խոսում է այն մասին, որ կրողը պատրաստ է գերել և գրավել, նրա մտադությունները միանգամայն լուրջ են: Երբ մատանին կրում է 2 ցուցամատին, ապա նա ոչ մի խոչընդոտի առջև կանգ չի առնի իր նպատակին հասնելու համար:
Միջին մատին (Սատուրնի մատին)
Սատուրնի մատին մատանին կարող է ընտանեկան հուշանվեր լինել` ընդգծելով կապը նախնիների հետ: Միջնամատին մատանի կրողը հավատում է ճակատագրին: Սակայն Սատուրնի մատին կրած մատանին «գեղեցկացնում է» բախտի բացասական կողմերը և ձերբազատում մտքերը: Այս մարդն օժտված է գերբնական, հոգևոր ուժով: Եթե նա ժամադրության է եկել, ապա ձեր հանդիպումը հենց այնպես չի ստացվել, դա նշան է վերևից: Սատուրնի 2 մատներին առկա մատանիները խոսում
են մարդու ճակատագրապաշտության և առօրյա կյանքից որոշակի հեռացման մասին:
«Ես նույնպես սիրում եմ մատանին կրել միջին մատին, եթե սկզբում ինձ միայն այդպես դուր էր գալիս, ապա ժամանակի ընթացքում հասկացա, որ հաջողություններն ինձ առաջնորդում են և` ընդհակառակը», – ասում է տիկին Սիլվին: Նրա ամուսինը նույնպես զարմանում է կնոջ մատի և մատանու զորությունից, սակայն առավել զարմանում, երբ մատանին այլ մատին կրելու դեպքում կնոջն անհանգստացնում են անընդմեջ ուղեկցվող հիվանդությունները և երբ հասարակ մետաղն ավելի զոր է, քան ոսկին:
Մատնեմատին (Արևի մատին)
Արևի մատին առկա զարդը ընդգծում է տվյալ մարդու մոլուցքը յուրօրինակ, նրբաճաշակ և շքեղ իրերի հանդեպ: Եթե մարդը մշտապես այս մատին մատանի է կրում, ապա նրա ձգտումներն անմիջականորեն առնչվում են հաճույքին, ժամանցին, կյանքի վայելքներին: Դրա հետ մեկտեղ ռոմանտիկ է: Ժամադրության ժամանակ մարդը, որի մատին առկա է Արևի մատանին, վկայում է, որ կրողն ունի հիանալի տրամադրություն, լավ մտադրություն և ռոմանտիկ ծրագրեր: Արևի 2 մատներին կրած մատանիները գտնվում են զգացմունքների ամենաթեժ կիզակետում:
Ճկույթին (Մերկուրիի մատին)
Մերկուրին նախանշում է իմաստություն, կիրք և թեթև ինտրիգներ: Ճկույթին մատանու մշտական առկայությունը խոսում է մարդու փոփոխականության, եսամոլության և կոկետության մասին: Բացի այդ՝ վկայում է խաղամոլության և սիրախաղի պատրաստակամության մասին: Ժամադրության ժամանակ նա կարող է միայն ձեր գլուխը դատարկություններով լցնել, կոկետություն անել և մշտապես խաբել: Միակ բանը, որը կարող է ինչ-որ կերպ մարդուն խելքի բերել, դա մատանիները 2 ճկույթներին կրելն է, սակայն այս դեպքում էլ լիարժեք դրական արդյունք երաշխավորել հնարավոր չէ:
«Անկախ այն բանից, թե որ մատին ես նախընտրում կրել մատանին` չիմանալով նրա խորհրդավոր նշանակության մասին, այնուամենայնիվ, գտել ես բնության հետ քո կապն, ու շրջապատի համար բացահայտել բնավորությունդ բնութագրող լավ ու վատ կողմերը»,- ասում է աստղաբանը:
Ալվարդ Սիմոնյան