Կառավարության երեկվա նիստում ուշագրավ որոշում է ընդունվել. այն մեկ նախադասությամբ կարելի է որակել որոշում՝ ՀՀԿ-ի կողմից պետական մակարդակով բաժանվող ընտրակաշառքի մասին։
Բանն այն է, որ կառավարությունը հավանություն է տվել հարկային ոլորտի օրենսդրական փոփոխությունների փաթեթին, որով առաջարկվում է հողի հարկ եւ գույքահարկ վճարող անձանց ազատել չվճարված գույքահարկից ու հողի հարկից, ինչպես նաեւ՝ հաշվարկված տույժերից եւ տուգանքներից։ «Սա կարեւորագույն օրենսդրական նախաձեռնություն է, որն առաջ է քաշել ՀՀ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունը… Պետությունն այսպիսի նախաձեռնությամբ հանդես գալով՝ շուրջ 43 մլրդ դրամի հարկեր է զիջում գյուղատնտեսության ոլորտում»,- հայտարարել է վարչապետը։
Ակնհայտ է, որ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության եւ կառավարության համատեղ քայլը պայմանավորված է բացառապես առաջիկա խորհրդարանական ընտրություններով, եւ հանրապետականներն այդպես օրինական եղանակով՝ պետականորեն են ընտրակաշառք բաժանում՝ գյուղացիներին զրջելով նախկինում կուտակված հարկերը։ Այլ կերպ ասած՝ ողջ պետական ապարատը, իշխանական լծակները հանրապետականները ծառայեցնումեն սեփական կուսակցության նպատակներին, իսկ ՀՀ քաղաքացիներիս գումարած հարկերի միջոցով գոյացած պետական բյուջեի գումարները մսխում են ՀՀԿ քարոզարշավի համար։ Ընդ որում, եթե կոալիցիոն մյուս ուժերը՝ ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը, բարեգործություններ են անում եւ ընտրակաշառք բաժանում իրենց միջոցների հաշվին, ՀՀԿ-ն դա անում է պետբյուջեի գումարներով։ Այլապես՝ իշխանությունները կարող էին գյուղացիների հողահարկն ու գույքահարկը զիջել նաեւ նախորդ տարիներին։
Ի դեպ, սա առաջին նման դեպքը չէ։ Նախորդ տարի Էլ կառավարությունը 10-ական միլիարդ դրամ էր հատկացրել ՀՀ բոլոր մարզերին՝ այնտեղ ինչ-որ ծրագրեր իրագործելու համար։ Դպրոցների նորոգում, շենքերի եւ ճանապարհների բարեկարգում նախատեսող այդ ծրագրերը կմեկնարկեն արդեն գարնանը, երբ օրերը տաքանան, իսկ քաղաքական գործընթացներն էլ արդեն թեւակոխած կլինեն նախընտրական թեժ փուլ։
Կարդացեք նաև
Այսքանից հետո ուշագրավ է մեկ այլ հանգամանք, հունվարին, երբ ԱԺ ՀՅԴ մի խումբ պատգամավորներ հանդես էին եկել «Գույքահարկի մասին» օրենքում փոփոխությունների նախաձեռնությամբ եւ առաջարկել էին ՀՀ-ում գտնվող 3-րդ եւ 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող բազմահարկ շենքերին ազատել գույքահարկից, կառավարությունն օրինագծին բացասական եզրակացություն էր տվել։ Ընդ որում, ի թիվս այլ պատճառաբանությունների, մերժման հիմքում նշված էր ֆինանսական միջոցների սղությունը, թեեւ՝ օրինագիծը կյանքի կոչելու դեպքում նույնիսկ 1 մլրդ դրամ էլ չէր պահանջվի։ Ավելին, նույն ՀՅԴ-ականներն առաջարկել էին բարձրացնել նաեւ նվազագույն աշխատավարձը, եւ մերժվել՝ կրկին նույն պատճառաբանությամբ։ Իսկ հիմա՝ ընտրություններից երկու ամիս առաջ, հանուն ՀՀԿ-ի՝ կառավարությունը պատրաստ է 43 մլրդ դրամ «զոհաբերել»:
Արման ԳԱԼՈՅԱՆ
«Ժողովուրդ»