Երեկ նշանակված էր Իջեւանի ավագանու հերթական արտահերթ նիստը, որտեղ հերթական անգամ պետք է քննարկվեր քաղաքի 2012թ. բյուջեն հաստատելու հարցը։ Նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի կողմնակից ավագանու անդամները հերթական անգամ չեն ներկայացել նիստին, սա նրանց բոյկոտի թվով հինգերորդ դեպքն է։ Արդյունքում, քաղաքը 2012-ի բյուջե չունի։ Ստեղծված վիճակի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություններ ստանալ ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանից։
– Պարոն Տերտերյան, ինչպես հայտնի է՝ Իջեւանի ավագանին նիստի չի հավաքվում, եւ քաղաքի այս տարվա բյուջեն այդպես էլ չի հաստատվել, այս խնդիրն ինչպե՞ս է լուծվելու։
– Օրենքը ստեղծված վիճակի լուծումն ունի, քաղաքը շարունակում է
իր կենսագործունեությունը՝ բյուջեի կատարման մասով, հաշվի առնելով նախորդ տարվա համամասնությունները։ Իհարկե, սա նորմալ վիճակ չի, եւ ճիշտ կլինի, եթե ավագանին հավաքվի եւ բյուջեն հաստատի։ Այսօր կարդացի, որ այդ ավագանու անդամների հետ խոսել էին, եւ նրանք ասել էին, որ դա բոյկոտ չի, իրենք ուղղակի ինչ-որ նկատառումներ ունեն եւ դրանք առաջիկայում կներկայացնեն ու բյուջեն կհաստատեն: Կարծում եմ, որ ստեղծված վիճակն իր լուծումը կստանա։ Ավագանու անդամները կհավաքվեն, նիստ կգումարեն եւ բյուջեն կհաստատեն։
– Իսկ կարո՞ղ է նոր բյուջեն չհաստատվել, եւ քաղաքապետարանը ողջ տարին գործի՝ հիմք ընդունելով նախորդ տարվա բյուջեն։
– Այո, կարող է։ Կարող են առաջնորդվել նախորդ տարվա բյուջեի համամասնություններով։ Սա ընդունված պրակտիկա է, որ կիրառվում է ոչ
միայն մեգ մոտ, այլ նաեւ ուրիշ երկրներում։ Համարվում է, որ անցած
տարի մի բան եղել է, որ բյուջեն այդպես է կազմվել։ Իհարկե, լավ լուծում
չի, բայց նման փակուղուց դուրս գալու ձեւ է։
Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
«Հայկական ժամանակ»