ՀՀ Սահմանադրությունը արձանագրում է սեփականության անձեռնմխելիության սկզբունքը, եւ սա երկրի սահմանադրական կարգի առանցքներից մեկն է. մարդու սեփականությունը պետք է լինի անձեռնմխելի։ Սահմանադրությունն ասում է, որ ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով եւ օրենքով նախատեսված դեպքերի։
Սահմանադրության այս դրույթը գործում էր նաեւ այն ժամանակներում, երբ Բուզանդի փողոցից սպեցնազով- բանով մարդկանց դուրս էին շպրտում իրենց տներից։ Հետո, ի դեպ, իշխանության այդ գործողությունները Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց, բայց քանի որ մարդկանց արդեն տներից դուրս էին արել-պրծել, մեծ հաշվով իրավիճակը չփոխվեց։ Ու հիմա այն սպեցնազը, որ Բուզանդի փողոցի իր խոհանոցում ճաշ եփող տանտիրուհուն քաշում դուրս էր շպրտում՝ սոխառածը գազօջախի վրա թողնելով, այդ նույն սպեցնազը պատ է կազմում մի քանի տասնյակ բնապահպանների առաջ, որպեսզի նրանք չխանգարեն Չոռնի Գագոյի եւ Խուճուճ Էդոյի կրպակների կառուցմանը։ Բայց աբսուրդը հասել է էնտեղ, որ այս ամենը սկսել են բացատրել սեփականության անձեռնմխելիության սահմանադրական դրույթով։
Ինչն է, ուրեմն, պաշտոնական բացատրությունը. քանի որ Չոռնին ու Խուճուճը Աբովյան փողոցում կրպակներ են ունեցել ու այդ կրպակները քաղաքային իշխանությունները ապամոնտաժել են, ու այդ կրպակների սեփականատերերը այնքան մեծահոգի են գտնվել, որ չեն բողոքել, հիմա, ուրեմն, քաղաքապետարանը իր միջոցներով, ուշադրություն դարձրեք՝ իր միջոցներով, Մաշտոցի պուրակում կրպակներ է կառուցում, որ Աբովյան փողոցում ապամոնտաժված կրպակատերերի սեփականատերերին փոխհատուցի, ասել է թե՝ նրանց Սահմանադրական իրավունքն են պաշտպանում։
Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ
Կարդացեք նաև
«Հայկական ժամանակ»