Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մոտեցող ժամանակի ճայթյունը

Փետրվար 24,2012 10:48

Հանրապետություն կուսակցության հայտարարությունը, թե միայն Արամ Զավենի Սարգսյանը կուսակցությունը կներկայացնի Հայ ազգային կոնգրեսի համամասնական ընտրացուցակում, կարելի է ասել, ամպրոպի էֆեկտ ունի թե՛ քաղաքական դաշտում, թե՛ նաև մասնավորապես Հայ ազգային կոնգրեսում: Բայց, անշուշտ, այդ ամպրոպը ամենևին էլ խաղաղ երկնքում չէր, քանի որ Կոնգրեսն ինքը խոստովանում էր, որ համամասնական ցուցակ կազմելը բավական բարդ գործընթաց է լինելու 18 կուսակցություն միավորող քաղաքական ուժի համար:

Հանրապետություն կուսակցությունն իր հայտարարությամբ թե՛ բարդացրեց, թե՛ հեշտացրեց Կոնգրեսի գործը: Առաջին հայացքից հեշտացրել է, քանի որ փաստորեն տեղեր են ազատվում, և այն տեղերը, որոնք Հանրապետությանն էին, այսպես ասած, հասնելու, այսօր ազատ են, և հետևաբար մի քանի տեղ, փաստորեն, ավելանում է: Սակայն խնդիրն այն է, որ մյուս կողմից էլ տեղերը ավելանում են, բայց կավելանան նաև այդ տեղերի համար հավակնորդները, քանի որ շատերն, ասենք, մերժված կլինեն այն պատճառաբանությամբ, թե տեղ չկա, բայց հիմա պարզվում է, որ տեղ կա, և այդ շատերը կնետվեն այդ տեղի վրա` է՛լ ավելի թեժացնելով պայքարը ցուցակի համար:

Բացի այդ, Արամ Զավենի Սարգսյանը, փաստորեն, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսում դնում է քաղաքական վարքի, կեցվածքի մի նոր սանդղակ, բավական բարձր սանդղակ, որին հասնելը շատ գործիչների և խմբերի ուժերից վեր է լինելու, բայց որին չհասնելն էլ միաժամանակ լինելու է մերկացումի պես մի բան այդ ուժերի և գործիչների համար: Եվ այդ իմաստով, Արամ Սարգսյանի քայլն ըստ էության բացարձակապես կապ չունի խորհրդարանական ընտրությունների հետ և միտված է հետընտրական իրավիճակին, այսինքն` հետընտրական Հայ ազգային կոնգրեսի առջև կանգնելիք խնդիրներին, որոնց մեջ, իհարկե, ամենևին էլ միայն ավանդական ընտրակեղծիքները պահելու հարցը չէ, այլ նաև ընդհանրապես հետընտրական նոր ռազմավարության խնդիրը, որ անխուսափելիորեն կանգնելու է թե՛ ընդդիմադիր դաշտի առաջ ընդհանրապես, թե՛ Հայ ազգային կոնգրեսի համար մասնավորապես, ինչը բնականաբար ենթադրելու է նաև քաղաքական վարքի իսկապես նոր չափանիշներ:

Արամ Սարգսյանի քայլն ահա առարկայական է թերևս ավելի շատ հենց այդ տեսանկյունից, և Կոնգրեսում գոյություն ունեցող սուբյեկտների համար էլ այն ամպրոպի նշանակություն ունի թերևս նախևառաջ հենց այդ տեսանկյունից` այն իմաստով, որ Արամ Սարգսյանը փաստացի մոտեցնում է մի ժամանակ, որը Կոնգրեսի մեծ մասի համար առայժմ թվում է դեռևս հեռու:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829