Այլեւս պարզ է, որ Աժ մտնելու ցանկություն ունեցող օլիգարխների մեծ մասն իրենց թեկնածությունն առաջադրելու են մեծամասնական ընտրակարգով:
Ոմանք անպայման ընդգրկված կլինեն նաեւ իշխող կուսակցությունների համամասնական ցուցակներում: Հայտարարելով, թե հնարավոր չէ արգելել այդ մարդկանց առաջադրումը մեծամասնականով, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը փաստացի քարտ բլանշ տվեց թե՛ օլիգարխներին, թե՛ նրանց պաշտպանող քաղաքական ուժերին:
Հիմա հարց է առաջանում` այդ դեպքում ինչպե՞ս է իրականացվելու իշխանությունից գործարարների տարանջատման` հանրապետության նախագահի խոստումը, հավաստիացումը: Կամ` իրականացվելո՞ւ է, արդյոք, ընդհանրապես: Եթե այո, ապա մինչեւ այդ մարդկանց առաջադրումը իշխանությունը պետք է համոզիչ կերպով բացատրի` եթե ընտրությունների միջոցով պառլամենտը նրանցից ազատագրելը չէ միջոցը, ապա ո՞րն է, որպեսզի մարդիկ համոզվեն, որ նախագահի խոսքն արժեք ունի: Եթե ոչ, ապա ստացվելու է, որ պետական իշխանությունը անզոր է օլիգարխիայի նկատմամբ եւ ընտրությունները պարզապես վավերացնելու են պետության վերջնական պարտությունը նրանց նկատմամբ` ամրագրելով, որ երկրում հաստատվում է դասական օլիգարխիկ կառավարման համակարգ:
Սա խոսքի կշռի որոշում չէ միայն, այլ երկընտրանք պետության-հասարակության վաղվա օրը որոշելու իմաստով: Եվ սա շատ ավելի մեծ ցուցիչ է, քան դրախտ պատկերող ցանկացած նախընտրական ծրագիր:
Կարդացեք նաև
«Երկիր»