Վերջին շաբաթը Երեւանն ապրում ու շնչում էր Մաշտոցի պուրակով։
Զարմանալի է, որ կային մարդիկ, ովքեր ոչ միայն չէին հիանում հանրային տարածքը պաշտպանելու ելած երիտասարդների պայքարով, այլեւ դրա մեջ խոցելի բաներ էին փնտրում։ Ասենք՝ ասում էին, որ նրանք իրենց ստացած գրանտներն են արդարացնում։ Կամ՝ փորձում էին նսեմացնել այդ պայքարը, քանի որ այն ուղղված չէ վարչախմբի դեմ եւ քաղաքական չէ։ Մեր հասարակությունը, փաստորեն, դեռ այնքան չի հասունացել, որ հասկանա՝ քաղաքացիական պայքարն ավելի ազնիվ, մաքուր եւ անբասիր դրսեւորում է, քան իշխանության հասնելու համար մղվող պայքարը։ Որքան էլ որ այն ուղղված լինի իշխանությունը բռնազավթածների կամ ընտրակեղծարարների դեմ։ Ի վերջո, իշխանություն գրավելու վերջնանպատակն էլ պետք է լինի առողջ ու մաքուր միջավայրի ձեւավորումը, մարդու կյանքի համար բարենպաստ պայմանների ստեղծումը։ Այնպես որ պետք չէ նսեմացնել այն, ինչ անում են 20-25 տարեկան այդ մի խումբ երիտասարդները։ Հենց նրանք են վաղը կանգնելու քվեատուփերի մոտ եւ բռնելու ընտրակեղծարարների ձեռքը։
Հենց նրանք են պարտադրելու այս իշխանությանը, որ հարգեն ընտրողների իրավունքները։ Նրանց օրինակով է կրթվելու գրագետ, իր իրավունքների համար պայքարող սերունդ։ Եվ կարեւոր չէ, թե այդ պատանիներն ինչ քաղաքական հայացքներ ունեն, ինչ նախասիրություններ ու հակումներ։ Նրանցից մեկը կարող է «Կյանքր խոսք» եկեղեցու հավատացյալ լինել,
մյուսը՝ սատանիստ կամ միասեռական։ Եթե մարդն օրենք չի խախտում եւ վնասակար չէ իր շրջապատի համար, մենք պետք է սովորենք հանդուրժել ու չհալածել նրան։ Միջնադարյան ինկվիզիցիայի, սովետական համահարթեցման տարիները վաղուց անցյալի գրկում են, եւ ազատ հասարակությունը հենց դրանով է տարբերվում անազատից։
Կարդացեք նաև
«Հրապարակ»