Լրահոս
Օրվա լրահոսը

Նա չի ուզում, որ իր անունը հնչի «ջհանգիրյանների եւ հունանյանների» կողքին

Փետրվար 23,2012 23:15

Օրերս լրագրողների հետ հանդիպման ընթացքում Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը հայտարարել էր, թե ՀՀ Ազգային ժողովում 1999 հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործով գլխավոր դատապարտյալ  Նաիրի Հունանյանը քաղբանտարկյալ է. «Այո՛, նա քաղաքական բանտարկյալ է, ինչպես Նելսոն Մանդելան եւ Օջալանը, որովհետեւ իրականացվածը հեղաշրջման փորձ էր»:

Aravot.am-ի հետ զրույցում «Մարտի 1»-ի գործով նախկին քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանն ասաց, թե այս հայտարարությունը գնահատում է՝ «շատ վատ». «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունից հետո, երեւի, ոչ ոք ու երբեք չէր կարող մտածել, որ այդ գործը քննող զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն ու նույն գործով  դատապարտված Նաիրի Հունանյանը մի օր  կարող էին նույն՝ քաղբանտարկյալի կարգավիճակն ունենալ: Ինձ մեղադրում էին ՄԻ Եվրոպական դատարանից գանգատս ետ վերցնելու համար, հայտարարում էին, որ ես այլեւս քաղբանտարկյալ չեմ եւ այլն: Բայց պատկերացնո՞ւմ եք, որ  այսօր ես եւ Նաիրի Հունանյանը կարող էինք նույն կարգավիճակն ունենալ: Ես ուղղակի այլեւս հրաժարվում եմ քաղբանտարկյալ կամ նախկին քաղբանտարկյալ կոչվել, որովհետեւ չեմ ուզում, որ իմ անունը ջհանգիրյանների եւ հունանյանների կողքին հնչի»:

Նա նաեւ տարակուսանք հայտնեց՝ ասելով, թե արդյոք իրավապաշտպանը վստա՞հ է, ու չի՞ կասկածում, որ 13 տարի առաջ տեղի ունեցածը ոչ թե քաղաքական շարժառիթներ ուներ կամ հեղաշրջում էր, այլ պատվերով իրականացված սպանդ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829