Լրահոս
Օրվա լրահոսը

Skype-ով՝ «հաջողությանն ընդառաջ»

Փետրվար 23,2012 21:06

Հայաստանում մոդայիկ ու շահավետ բիզնես է դարձել տարբեր թեմաներով թրեյնինգներ անցկացնելու մեխանիզմը: Բազմաթիվ նորահայտ կազմակերպություններ պարբերաբար կազմակերպում են թրեյնինգներ մոտավորապես հետեւյալ թեմաներով` առողջության դասընթաց, ինչպես գտնել հաջողության բանալին, կյանքի դժվարությունները շրջանցելու լավագույն ձեւը եւ այլն: Ընդ որում, թրեյնինգներ անցկացնողները հիմնականում ինքնուսներ են, եւ երբ փորձում ես հետաքրքրվել նրանցով, պատասխանում են՝ կարեւորն այն է, որ իրենք արտասահմանում վերապատրաստվել են, բայց թե ինչ մասնագիտությամբ, որ ոլորտում, պատմությունն այս մասին  «լռում» է:

Նման «զբաղմունքով» փող աշխատող կազմակերպությունները հնարամիտ են, բացի այն, որ չեն ասում, թե քեզ հետ թրեյնինգ անցկացնողն ինչ մասնագետ է՝  հոգեբան, բժիշկ, տնտեսագետ, զոդող, թե՝ էլեկտրիկ, նաեւ «խնայողության ռեժիմով» են գործում, քեզ հետ skype-ով են շփվում:

Վերջերս տարածվել է նաեւ քոուչինգ թրեյնինգներ անցկացնելու մեթոդը, որով Հայաստանում զբաղվում է այդ ոլորտում Մոսկվայում վերապատրաստված Արմեն Մարկոսյանը:

Ըստ amarkosyan.am-ի՝  քոուչինգը գիտություն է տաղանդի բացահայտման մասին: Քոուչի խնդիրն է օգնել հաճախորդին ձեւակերպել իր գիտելիքները, ցանկությունները եւ իղձերը, պարզել իր նշանակությունը, նպատակները, հնարավորությունները եւ հասնել անհրաժեշտ արդյունքի: Քոուչինգը կենտրոնանում է ապագա հնարավորությունների վրա, այլ ոչ թե անցյալի սխալների: Քոուչինգը միակ գիտությունն է, որը ուշադրություն է դարձնում մարդու անձնական պատմության կերտմանը՝ հիմնվելով նրա լավագույն հատկանիշների վրա։

Իսկ քոուչը՝ թրեյնինգն անցկացնողը, նա է, որը հավատում է մարդկանց. հավատը հաճախորդի նկատմամբ սկսվում է հենց իր նկատմամբ ունեցած հավատից՝ հավատ դեպի իր սեփական պոտենցիալը, սեփական ուժերը, կարեւոր նպատակներին հասնելու սեփական ընդունակությունները։

Հաճախորդի եւ քոուչի հարաբերությունները գաղտնի են, հիմնված՝ փոխադարձ վստահության եւ համագործակցության վրա:

Aravot.am-ի հետ զրույցում Ա. Մարկոսյանը մանրամասնեց, թե ինչպես են անցկացվում քոուչի թրեյնինգները՝ մասնավորապես առաջիկայում անցկացվելիք  «հաջողությանն ընդառաջը»:  Ըստ նրա՝ «թրեյնինգները տեւում են  99 օր, դրանք անցկացվում են online` skype-ի միջոցով, շաբաթական երկու  անգամ, երկու ժամով. մեկ օրը լեկցիա է լինում, մյուսը՝ սեսիա, որի ընթացքում պատասխանում եմ հաճախորդի  նախապես պատրաստած եւ  ուղարկած հարցերին»: Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ թրեյնինգները վճարովի են, Հայաստանում նմանատիպ անվճար ծառայություններ չկան. նրա ծառայություններն ամսական 75 000 դրամ արժեն, չնայած այժմ զեղչեր են գործում:

Ա. Մարկոսյանն իրեն համարում է քոուչիի պրոֆեսիոնալ մասնագետ, ու իր ձեւակերպմամբ՝ սա ամբողջ աշխարհում ընդունված մեթոդ է:

Թրեյնինգների skype-ով անցկացվելու վերաբերյալ էլ ասաց,  online ձեւն է ընտրել, քանի որ  կենդանի տարբերակը 5-10 անգամ թանկ է, իսկ ինչ վերաբերում է որակին, ապա, ըստ նրա՝ բացարձակ կապ չունի քոուչինգը  skype-ով է, թե իրական. «Հայաստանում սա առաջինն է, չգիտեմ հետո էլի կլինե՞ն նման թրեյնինգներ, թե՞ ոչ.  գուցե այս գիտությունը մեզ մոտ 10 տարի հետո նոր  ընդունվի:  Ամեն դեպքում՝ իմ կարծիքով,  յուրաքանչյուր մարդ իր կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ պետք է նման թրեյնինգի մասնակցի»:

 

ԵՎԱ  ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829