Մի քանի ամիս առաջ ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանը վստահեցրել էր, որ ԲՀԿ-ն կոալիցիայի ներսում ինքնուրույնություն է ձեռք բերել: Մենք հետաքրքրվեցինք՝ չի՞ փոխվել ձեր կարծիքը՝ ԲՀԿ-ի մասին. «Եթե իրենք միավորվեին մեկ ցուցակով, գնային ՀՀԿ-ի հետ, դա կլիներ ինքնուրույնության կորուստ, եթե պահեին, իրենց ինքնուրույնությունը կընդգծեին: Հենց այդպես էլ եղավ, ԲՀԿ-ն ընդգծեց իր ինքնուրույնությունը: Այդ ինքնուրույնությունը պահպանելու արդյունքում էլ տեղի ունեցավ Վարդան Օսկանյանի մուտքը»: Պարոն Ռուստամյանի գնահատմամբ՝ դա լավ բան է, որովհետեւ որքան ինքնուրույն լինեն քաղաքական ուժերը, մրցակցությունն այնքան իրական կդառնա. «Մարդիկ այլընտրանքի հնարավորություն կունենան, սեւ ու սպիտակի մեջ չեն անընդհատ գտնվի եւ երկիրը դրանից կշահի: Դրա համար քաղաքական դաշտի կայացման իմաստով շատ կարեւորում ենք, որ քաղաքական ուժերն ինքնուրույնությունը պահպանեն: Ոչ թե միանան, կորցնեն իրենց տեսակը: Քաղաքական ուժերը բանավիճելով պետք է գտնեն ճիշտ լուծումները»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ