Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ուզում եք տեսնել, թե ով է քարոզչության հետեւում կանգնած, տեսեք առաջին տեղերում ովքեր են». Ռուստամյանը՝ Ադիբեկյանի հարցումների մասին

Փետրվար 23,2012 19:29

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի երեկվա գնահատականները, թե այս պահին ՀՅԴ-ն կհավաքի ընդամենը 2,5 % ձայն, ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ոչ միայն սրտին մոտ չի ընդունել, այլեւ բացարձակ չի էլ հետաքրքրվել՝ իմանալու դրանք. «Ես վաղուց արդեն այդ հարցումներին ոչ միայն լուրջ չեմ վերաբերում, այլ նաեւ անտեսում եմ: Հայաստանում նորմալ հարցում անելն անհնարին է: Այդպիսի սոցիալական բազա չկա: Եթե ժողովրդավարական համակարգ, քաղաքական համակարգ գոյություն չունի, հարցումն ի՞նչ արդյունք պետք է տա: Այս կիսաահաբեկված, կիսավախեցած միջավայրում հարցում ես կատարում, ոչ մեկի տված պատասխանն իրական չէ: Մի պարզ օրինակ ասեմ. մարդը գնում է, ձայնը տալիս է տվյալ քաղաքական ուժին, ստանում է դրա համար ընտրակաշառք, հաջորդ պահին հայհոյում է նույն այդ քաղաքական ուժին: Այսինքն, այլասերված է ամեն ինչ: Դրա համար կարծիքներ դնել լուրջ ուսումնասիրել, մանավանդ որ մենք գիտենք, որ դրանք բոլորը նաեւ պատվիրվում են, անիմաստ է»:

Պարոն Ռուստամյանը գտնում է, որ նման հարցումները նախընտրական քարոզչության գործիք են ընդամենը. «Եթե ուզում եք տեսնել, թե ով է քարոզչության հետեւում կանգնած, տեսեք առաջին տեղերում ովքեր են: Ով պատվիրում է՝ նա էլ առաջին տեղերում է հայտնվում: Հիմա մի քիչ որ այդ բաները բոլորը հասկացել են, այնպես են անում, որ տարբեր տեղերից գրեթե նույն պատասխանը լինի, որ իբր թե օբյեկտիվություն ցույց տան: Բայց մենք գիտենք,որ  այդ նույն հասարակության, քաղաքական, տնտեսական բոլոր ոլորտների մոնոպոլիզացիան հասցրել է նաեւ սրան: Մոնոպոլ իրավիճակում ի՞նչ հարցումների մասին կարող է խոսք լինել»:

Մենք հետաքրքրվեցինք՝ ՀՅԴ-ն ունի՞ իր հաշվարկները եւ հաշվե՞լ է իր հնարավոր քվեների քանակը՝ պարոն Ռուստամյանը պատասխանեց. «Մենք մեր կայուն ընտրազանգվածն ունենք, հենց այն պատճառով, որ մենք գաղափարական-քաղաքական կուսակցություն ենք եւ մեզ այսպես թափառող  ձայներ պետք չեն: Մեր ձայներն աճել են կայուն, գիտակցված  ընտրողի շնորհիվ: Մեզ ձայն կտա այն քաղաքացին, որը կվստահի ու կընդունի մեր մոտեցումները, բայց քանի որ Հայաստանում այդպիսի գիտակցված ընտրողների քանակը դժբախտաբար շատ քիչ է, դրա համար մեր գործը դժվար է: Բայց մենք այդ դժվար գործից չենք հրաժարվելու: Մեր նպատակը ժողովրդին ծառայելն է, չես կարող ժողովրդին փչացնելով գաս իշխանության, հետո ծառայես նրան: Ինչ մեթոդներով գալիս ես, նույն մեթոդներով էլ շարունակում ես ղեկավարել: Եթե մենք ընտրակաշառք ենք վերցնում, չպիտի բողոքենք ընտրակաշառքի ծաղկումից երկրում, որովհետեւ եթե դու առիթ ունեիր քո ընտրության միջոցով կաշառք վերցնելու, այդ պաշտոնյաները ունեն բազմաթիվ առիթներ, ինչի՞ նա չպիտի վերցնի: Դու բարոյական իրավունք էլ չունես նրան քննադատել, որովհետեւ քո հնարավորությունը այդքան կաշառք վերցնելն է եղել՝ վերցրել ես, մյուսինը շատ է եղել՝ շատ է վերցրել: Ընտրակաշառքով իշխանության եկողը կոռուպցիայի դեմ ո՞նց կպայքարի: Սա է մեր համակարգի արատը, սրանից պետք է ազատվել՝ գիտակցված ընտրողի եւ գիտակցված քվեի միջոցով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829