Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային խորհուրդը կարծում է, որ կարելի է դիմել դատարան` Աբովյան փողոցի կրպակատերերի հետ ունեցած հարցը լուծելու համար (Տեսանյութ)

Փետրվար 23,2012 20:04

Այսօր Հանրային խորհրդում կազմակերպված քննարկման առիթը Մաշտոցի պուրակն էր: Հրավիրված էին շահագրգիռ կողմերը, սակայն պուրակի համար պայքարող երիտասարդները չէին եկել: Նրանք ժողով էին արել եւ որոշել էին, որ չեն վստահում ոչ մեկին եւ չեն լքելու տարածքը: Միայն որպես անհատ ներկա էր ակտիվիստներից մեկը, որը պնդում էր, որ երիտասարդները վիրավորված են քաղաքապետարանից, որին արդեն չեն վստահում, այն բանից հետո, երբ խոստացել էին առժամանակ կասեցնել շինարարությունը, սակայն գիշերով, գաղտագողի տեղադրել էին կրպակները: Ի պատասխան` Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, որպես «Ղարաբաղ» կոմիտեի երբեմնի ղեկավար եւ պաշտպանության երբեմնի նախարար` խորհուրդ տվեց.«Երբեք պայքարի որեւէ ձեւ ձեռքներիցդ բաց մի թողեք: Ցույցերն էլ արեք, հավաքներն էլ արեք, բանակցություններին եւ քննարկումներին էլ մասնակցեք, ոչ մի հնարավորություն բաց մի թողեք»:

Քաղաքապետարանից ներկա էին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը եւ իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը: Նարեկ Սարգսյանը ներկայացրեց հիմնավորումները, թե ինչու որոշեցին կրպակներ տեղադրել Մաշտոցի պողոտայում: Մի քանի անգամ շեշտեց, որ այդ կրպակները քաղաքապետարանի սեփականությունն են, եւ քաղաքապետարանը դրանք ուղղակի վարձակալական հիմունքներով մտադիր է տրամադրել այն կրպակատերերին` Աբովյան փողոցից «քշված», որոնց հետ պայմանագրերը դեռ ուժի մեջ էին:

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հետաքրքրվեց` ուզում եք ասել, որ Մաշտոցի պուրակում այդ կրպակների տրամադրման միակ պատճառը այդ կրպակատեր քաղաքացիներին փոխհատուցե՞լն է, «միանշանակ»` լսվեց պատասխանը: Այդ ժամանակ պարոն Մանուկյանը  տեղեկացրեց, որ ժամանակին,  երբ քաղաքապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ սկսեցին տեղահանել քաղաքի կրպակները` մոտ հազար կրպակ, ինքը զրուցել է այն ժամանակվա քաղաքապետի հետ, եւ Կ.Կարապետյանն ասել է, որ տարբերակներ է մտածում տեղահանված կրպակատերերին որեւէ կերպ փոխհատուցելու մասին, իսկ երբ Վ. Մանուկյանը հետաքրքրվել է Աբովյան փողոցի կրպակների մասին, Կարեն Կարապետյանն ասել է, որ դրանց պայմանագրերի ժամկետների ավարտին մնացել է ընդամենը երկու ամիս, որից հետո բոլոր կրպակները կվերացնեն: Որքան էլ տարօրինակ էր, Նարեկ Սարգսյանն ասաց, որ Աբովյան փողոցի կրպակատերերի հետ պայմանագրերն ունեն ավելի երկար ժամկետ` հինգից-յոթ, մինչեւ անգամ` տաս տարի: Նույնը հաստատեց նաեւ իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը: Բոլորը զարմացած մնացին այս անհամապատասխանությունից, սակայն խոստացան ստուգել փաստաթղթերը եւ ճշտել, թե ինչումն է բանը: Ով գիտե` գուցե այն երկու ամիսը լրանալուց հետո քաղաքապետարանը կրկին պայմանագրերը երկարացրել է եւ արդեն մի քանի տարվա պարտավորվածություն ունի այդ կրպակատերերի առջեւ:

Սակայն ավելի ուշ ՀԽ անդամ Խոսրով Հարությունյանն առաջարկեց իրավիճակից դուրս գալու իր ելքը. քանի որ Աբովյան փողոցում կրպակների տեղադրումը, անկախ այն բանից, թե քանի փաստաթուղթ եւ ինչ իրավական հիմքեր են դրանց տրված, ըստ էության անօրինականություն է, ապա ավելի ճիշտ է մտածել փոխհատուցման մասին.«Եթե դուք որոշեիք գնալ փոխհատուցման ճանապարհով, ստիպված հաշվի կառնեիք այն հանգամանքը, որ, ըստ էության, ոչ ճիշտ, չասեմ` անօրինական, որոշման արդյունքում մարդիկ ձեռք են բերել սեփականություն եւ բավականին լուրջ եկամուտներ: Փոխհատուցման ժամանակ դուք հաշվի կառնեիք այդ հանգամանքը եւ միգուցե գայիք նրան, որ առանց փոխհատուցման ասեիք` դուք ձեր կրպակները հավաքեք ու գնացեք»: Վազգեն Մանուկյանն էլ կատակով հավելեց` «Դեռ մի բան էլ պարտք կլինեն»:

Խ.Հարությունյանը ենթադրեց, որ այդ ճանապարհով կարելի է գալ ճիշտ լուծումների` չվտանգելով ոչ քաղաքի ապագան, ոչ Աբովյան փողոցը, ոչ Գլխավոր պողոտան, ոչ էլ ճարտարապետին դնել վատ վիճակի մեջ` քաղաքում հարմար տեղեր փնտրելու նման կրպակների համար.«Եվ սա կլինի նաեւ նախադեպ, որ երբեւէ նման որոշումներ չկայացվեն, եթե զգան, որ վաղը մյուս օրը քաղաքապետարանն իր բյուջեից է փոխհատուցելու դա»: Սրան ի պատասխան Նարեկ Սարգսյանն ասաց.«Մենք մտածել ենք փոխհատուցման մասին, սակայն պատկերացրել ենք, որ դա սարսափելի ծանր բեռ կլինի քաղաքի բյուջեի վրա, մտածել ենք, որ եթե տասը տարի Աբովյան փողոցը պետք է ծանրաբեռնված լինի այդ կրպակներով, ավելի լավ է երեք տարի այլ տեղում լինի, մնացած յոթ տարին էլ չլինի»: Իսկ քաղաքապետարանի իրավաբանն ասաց, որ «բոլոր թղթերն օրինական են, գործ ունենք գրանցված  սեփականության իրավունքի հետ»:

Այս կապակցությամբ բնապահպան Կարինե Դանիելյանն էլ նկատեց, որ կա նման նախադեպ. խոսքը Սեւանի ափամերձ շրջանում շինությունների մասին է, որոնք ունեին բոլոր համապատասխան փաստաթղթերը, սեփականության իրավունքի գրանցում, սակայն այդ փաստաթղթերը տրվել էին օրենքի խախտումով: Ինչպես տիկին Դանիելյանն ասաց` «գործում կար Վլադիմիր Միհրանիչի նման մարդ (խոսքը Վլադիմիր Մովսիսյանի մասին է-Մ.Բ.), եւ նախագահը ցուցաբերեց քաղաքական կամք, ապա որոշվեց, որ` շատ կներեք, ժողովուրդ ջան, դուք իրավունք չեք ունեցել որեւէ բան կառուցելու, ձեր փաստաթղթերն օրինական չեն: Եվ առանց որեւէ փոխհատուցման, ուղղակի այդ կառույցները տեղափոխվեցին»:

Ամփոփման ժամանակ Արշակ Սադոյանն առաջարկեց դիմել դատարան` Աբովյան փողոցի կրպակատերերի հետ կնքված պայմանագրերի վավերականությունը վիճարկելու հարցով: Նրա հետ համամիտ էր Վազգեն Մանուկյանը.«Պարզ է, որ այդ շինությունները կառուցվել են անօրինականորեն: Ի նկատի ունեմ, որ թույլտվությունը ստացել են, բայց այդ թույլտվությունն է եղել անօրինական, այսինքն ցանկացած նորմալ դատարան այդ մարդկանցից իրավունքը կվերցնի: Եթե քաղաքապետարանը չի դիմում դատարան, կարելի է խորհրդակցել իրավաբանների հետ եւ այլ կառույցի միջոցով դիմել դատարան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829