Համատեղ համագործակցության հարցեր և ծրագրեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ: Շնորհակալություն հայտնելով քաղաքային տնտեսության կարևոր ոլորտներում աջակցության համար՝ Տարոն Մարգարյանը կարևորել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը՝ առանձնացնելով Երևանի Մետրոյի զարգացման ներդրումային ծրագրի ընթացքը:
«Ես տեղեկացված եմ, որ բանկը հետաքրքրված է քաղաքապետարանի հետ համագործակցել նաև այլ ոլորտներում: Բոլոր նախաձեռնությունները ողջունելի են »,-նշել է քաղաքապետը:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի մունիցիպալ ծրագրերի տնօրենի տեղակալ Լին Օ’Գրեդին քաղաքապետին է ներկայացրել այն ծրագրերը, որոնք նախատեսվում է իրականացնել Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ. այդ թվում՝ քաղաքային աղբավայրի նախագծման տեխնիկական աջակցության և քաղաքային ջրահեռացման ու ջրամատակարարման համակարգի կապիտալ ծախսերի ֆինանսավորման ծրագրերը:
Կարդացեք նաև
Քաղաքապետը նշել է, որ երկու ծրագրերն էլ առաջնահերթ են քաղաքային տնտեսության համար և պատրաստակամություն է հայտնելել աշխատանքային խմբերի միջոցով քննարկել համագործակցության ուղղությունները և ծրագրերը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն